Հայերեն   English   Русский  

Հայկ Հարությունյանն այն մարդկանցից էր, ում հայրս շատ է գնահատել, նրա ցուցմունքը հենց մեզ էր պետք. Լևոն Քոչարյան


  
դիտումներ: 395

Այսօր՝ հոկտեմբերի 7-ին, լրագրողների հետ զրույցի ընթացքում, ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը, անդրադառնալով նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի ինքնասպանության դեպքին, ասաց, որ

նրա ցուցմունքն այնքան ճիշտ էր, որ հենց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին էր պետք, որ նա գար՝ ցուցմունք տալու։

Նա պատմեց, որ հոկտեմբերի 2-ին հանդիպել է հոր հետ, նշեց, որ Ռոբերտ Քոչարյանը շատ է ցավում Հայկ Հարությունյանի հետ կատարվածի համար. «Հայկ Հարությունյանն այն մարդկանցից էր, ում հայրս շատ է գնահատել, նա շատ պարկեշտ անձնավորություն է եղել, իր գործը ճշգրիտ կատարող, այն կերպարը չէր, որ սխալ բաների մեջ թաթախված լիներ, այդ մարդն իր գործը փայլուն կատարում էր։ Հայրս եղածի համար շատ է ցավում»։

Հայկ Հարությունյանի մահվանից հետո տարածված լուրին, որ նրա վրա ճնշում է եղել, որպեսզի Ռոբերտ Քոչարյանի և մյուսների դեմ ցուցմունք տա «Մարտի 1-ի» գործով, Լեւոն Քոչարյանն ասաց, որ ունեցել է հոր հետ քննարկում.

«Մենք խոսել ենք, ասում է՝ Հայկի ցուցմունքը էնքան լավ, ճիշտ ու իրականությանը համապատասխանում է մեզ համար, որ հենց մեզ էր շատ պետք, որ Հայկ Հարությունյանը գար ու ցուցմունք տար։ Ցուցմունքները հասանելի է բոլորին, այնտեղ Հայկ Հարությունյանը նշել է, որ Ռոբերտ Քոչարյանն ասել է՝ ամեն ինչ այնպես պետք է արվի՝ հանկարծ մարդ չվնասվի, ճնշումներ չլինեն, չկիրառվի ուժ»։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 23-ի ուշ երեկոյան Բջնիում գտնվող իր առանձնատանը գտել են Հայկ Հարությունյանի դին՝ հրազենային վնասվածքով։ Դեպքի կապակցությամբ հարուցվել էր քրեական գործ՝ ինքնասպանության հասցնելու հատկանիշներով։ Հավելենք, որ Հայկ Հարությունյանը «Մարտի մեկի» գործով առանցքային վկա էր։





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: