Հայերեն   English   Русский  

Թումանյան 25-ում ապրող բնակիչները չեն պատրաստվում լքել իրենց բնակարանները


  
դիտումներ: 4234

Տարեսկզբին՝ մի գեղեցիկ օր, Թումանյան 25 հասցեի բնակիչների դուռը թակեցին մի խումբ մարդիկ՝ հայտնելով, որ շենքը քանդելու են, քանի որ այդտեղ նախատեսվում է հյուրանոց կառուցել: Բնակիչներին այլ բան չէր մնում, քան նրանց շենքից դուրս հրավիրելը: Սակայն հաջորդ օրն արդեն բնակիչները Երևանի քաղաքապետարանից պաշտոնապես ծանուցում ստացան, որ իրենց շենքը գտնվում է անմխիթար վիճակում, համահունչ չէ շրջակա ճարտարապետական միջավայրին, ուստի առավել նպատակահարմար է այն քանդելն ու տեղում հյուրանոց կառուցելը։

Թումանյան 25

Ծրագրի իրականացմամբ նախատեսվում է Թումանյան և Եզնիկ Կողբացի փողոցների հատման մասում կառուցել միջին հարկայնությամբ, 80 համարով բարձրակարգ հյուրանոցային համալիր: Ակնկալվում է, որ պայմանագրի կնքումից հետո հնարավոր կլինի նշված տարածքի նկատմամբ ճանաչել բացառիկ` գերակա հանրային շահ և քաղաքաշինական ծրագիրն իրականացնել: Ծրագրով նախատեսվում է 8 մլն դոլարի ներդրում կատարել:

Կառավարության փետրվարի 19-ի նիստում ՀՀ կառավարությունը որոշեց լիազորել Երևանի քաղաքապետին Հայաստանի Հանրապետության անունից «Ռենշին» ՍՊԸ-ի հետ կնքել Երևան քաղաքի Թումանյան 25 հասցեում և դրան հարակից տարածքում սեփականության օտարման գործընթացի ընթացքում պետության և ձեռքբերողի իրավունքները, պարտականություններն ու պատասխանատվությունը սահմանող պայմանագիր: Դրան կհաջորդի արդեն հանրային գերակա շահ ճանաչելու գործընթացը:

Երևանի քաղաքապետարանից «Անկախին» հայտնեցին, որ «Ռենշին» ՍՊԸ-ի հետ վերոնշյալ պայմանագիրը դեռևս չի կնքվել:

Թումանյան 25 հասցեում գտնվող շենքը կառուցվել է 1930-ականներին՝ որպես ներքին գործերի նախարարության կառույց: Այնուհետև այն տրամադրվել է համակարգի աշխատողներին՝ դառնալով բազմաբնակարանային շենք՝ շարունակելով պատկանել նախարարությանը: Շենքի մի մասն օգտագործվել է համակարգի կարիքների համար: Օրինակ` այստեղ տեղակայված է եղել Երևանի լուսացուցային օբյեկտների ղեկավարման կենտրոնը: Ի դեպ, խորհրդային տարիներին Մոսկվայից հետո Երևանը երկրորդ քաղաքն էր, որտեղ ներդրել էին այդ համակարգը: Բնակիչներից մեկը՝ Լևոն Մելիքյանը, ասում է, որ այդտեղ է նկարահանվել «Սասունցի Դավիթ» ֆիլմից մի հատված:

Շենքում այսօր 7 բնակարան և 7 ընտանիք կա, բոլորն էլ` հնաբնակներ, բոլորն էլ` սեփականության իրավունքով: Այստեղ ապրում են շենքի բնակիչների առաջին, երկրորդ, երրորդ, անգամ չորրորդ սերունդները:

Դավիթ Եղիազարյանը պատմում է, որ իրենց բնակարանը տրվել է իր պապին՝ Հարություն Քելեջյանին, որը ՆԳՆ ֆուտբոլային ակումբի՝ «Դինամոյի» դարպասապահն է եղել: Այստեղ մեծացել են նրա մայրն ու քեռին, հետո ինքն է ծնվել, մեծացել, հիմա էլ իր երեխան է մեծանում. «Միայն մեր ընտանիքից արդեն 4-րդ սերունդն է ապրում այստեղ»:

Թումանյան 25

Տիկին Սեդան շենքի ամենատարեց բնակիչներից է: Այստեղ ապրում է 60 տարուց ավելի: Բնակարանը ստացել է ամուսինը 1953 թվականին: Հիշում է, որ այս տասնամյակների ընթացքում թե՛ պետության և թե՛ մասնավորների կողմից բազմիցս են շահավետ առաջարկներ ստացել, որ տեղափոխվեն այլ բնակարան, սակայն միշտ մերժել են, քանի որ սա իրենց համար ամենահոգեհարազատ վայրն է:

«Այս շենքի վրա շատերի աչքն է եղել: Բայց մենք երբեք չենք համաձայնել ուրիշ տեղ գնալ: Ով որ կենտրոնում ապրել է, նա կհասկանա: Մենք սիրում ենք մեր շենքը, հարևաններով էլ շատ կապված ենք»,- ասում է տիկին Սեդան:

Դավիթ Եղիազարյանն ավելացնում է. «Այո, քաղաքի մարդ պիտի լինես, որ հասկանաս՝ ինչի մասին է խոսքը: Մենք ծնված օրվանից էստեղ ապրում ենք և ուզում ենք պահպանել մեր՝ կենտրոնում ապրելու մշակույթը: Մենք այս միջավայրում կայացել ենք, ուզում ենք, որ մեր երեխաներն էլ այս միջավայրում կայանան, պահպանեն այդ մշակույթը»:

Շենքի համեմատաբար երիտասարդ սերնդի ներկայացուցիչները մեծ ոգևորությամբ են պատմում իրենց մանկության, պատանեկության մասին, հիշում, թե նույն պատշգամբի հետ կապված, որտեղ հիմա կանգնած քննարկում են, թե ինչպես պետք է պաշտպանել իրենց իրավունքները, ինչ անմոռանալի հուշեր ունեն: «Հայաստանի երրորդ հանրապետության ակունքները մեր աչքի առաջ են ձևավորվել: Ցանկացած իրադարձություն՝ վատ թե լավ, մենք մեր աչքով ենք տեսել»,-ասում է Դավիթ Եղիազարյանը

Քաղաքի սրտում ծնված ու մեծացած Թումանյան 25-ի բնակիչները չեն պատրաստվում հանձնվել, մանավանդ որ

Թումանյան 25

իրենց շենքի վայրում մասնավոր ընկերության կողմից հյուրանոցի կառուցումն ամենևին էլ պետական գերակա հանրային շահ չէ:

«Այս շենքը չի կարող ճանաչվել բացառիկ՝ գերակա հանրային շահ: Մեզ տրված իրազեկումների մեջ նշված է, որ Երևանի քաղաքապետարանն աշխատանքներ է իրականացնում «Հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով, սակայն մենք ուսումնասիրել ենք նշված օրենքը, որտեղ հստակ նշված է, թե ինչ նպատակներով անձինք կարող են հարկադրաբար զրկվել իրենց սեփականությունից: Հյուրանոցային համալիրի կառուցումը հաստատ այդ նպատակը չէ»,- ասում է Վիկտոր Ղազարյանը:

Թումանյան 25

Բնակիչները նաև նշում են, որ շենքը խորհրդային տարիներին ներառված է եղել պատմա-մշակութային հուշարձանների ցանկում, հիշում են անգամ, որ շենքի դիմային հատվածում կախված էր մի ցուցանակ, որի վրա գրված էր. «Պահպանվում է պետության կողմից»: Սակայն անկախությունից հետո, երբ պատմա-մշակութային հուշարձանների ցանկը թարմացվել է, շենքն այլևս պահպանվող հուշարձանների ցանկում չի ներառվել:

Նշենք նաև, որ ՀՀ կառավարության 2012 թ. հունիսի 28-ի 809-Ա որոշմամբ «Ռենշին» ՍՊ ընկերությունը հանդիսանում է Թումանյան 25 շենք 11/1 հասցեում գտնվող ոչ բնակելի տարածքի սեփականատեր: Տարածքը զբաղեցնում է երկհարկանի շենքի ողջ առաջին հարկը: Բնակիչները զարմանում են, որ իրենց շենքի մասին ասում են, թե այն անմխիթար վիճակում է, քանի որ այդ անմխիթար վիճակն առաջին հերթին ստեղծել է «Ռենշինը»: Բնակիչներն իրենց համատեղ ջանքերով մի քանի տարի առաջ բարեկարգել են շենքը, այժմ էլ շարունակում են բարեկարգման ուղղությամբ աշխատանքներ իրականացնել, սակայն «Ռենշին» ընկերությունն իր կողմից զբաղեցրած տարածքում գնած օրվանից որևէ դրական աշխատանք չի իրականացրել, դռները փակել, գնացել է:

«Մեր շենքը Երևանի հազվագյուտ պահպանված գեղեցիկ շինություններից մեկն է: Ընդհակառակը, մեր շենքի կողքին վերջին տարիներին կառուցած բարձրահարկ, անիմաստ ճարտարապետական ոճով կառուցված շենքերն են ոչ համահունչ հին Երևանի ճարտարապետական տեսքին: Թող դրանց մասին մտածեն և ոչ թե մեր շենքը քանդելու մասին»,- ասում են բնակիչները:

Բացի այդ, նրանք նշում են, որ իրենց շենքը վթարայնության խնդիր չունի, և եթե ուզում են հենց այս փողոցի վրա հյուրանոց կառուցել, կարող են ընտրել Թումանյան փողոցում գտնվող վթարային երկու շենքերից որևէ մեկը, ինչն ավելի ճիշտ լուծում կլինի երկու կողմի համար էլ:

Ինչևէ, Թումանյան 25-ի բնակիչները դիմել են նաև Հանրային խորհուրդ՝ հայտնելով, որ շենքի նկատմամբ բացառիկ՝ հանրային գերակա շահի ճանաչումը շենքի բնակիչներին կկանգնեցնի «Ռենշինի» կամայականության առջև: Հանրային խորհրդի անդամ, փաստաբան Արմեն Տեր-Տաճատյանը հանդիպել է բնակիչների հետ, քննարկել նրանց կողմից բարձրացված հարցերն ու խորհուրդներ տվել, թե ինչպես կարող են պաշտպանել իրենց իրավունքներն օրենքի սահմաններում: Հանրային խորհրդում հարցը կդրվի քննարկման:

Անի Գասպարյան





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: