Հայերեն   English   Русский  

Ինչո՞վ է տարբերվում լրագրողը ձայնագրիչից


  
դիտումներ: 1730

Դժգոհում ենք ավագ դպրոցներից, 12-ամյա կրթությունից, բուհական կրթության որակից, Բոլոնիայի համակարգից և ոչ միայն։

Կրթության ոլորտում դժգոհությունները շատ են, պատճառները նույնպես։ Եվ այս միջավայրում, երբ Երևանում քննարկվում է, թե ինչպիսին պետք է լինի կրթության որակի ապահովումն ապագայում Բոլոնիայի անդամ երկրներում, այդ թվում և Հայաստանում, որևէ լրագրողի մտքով անգամ չի անցնում հարցնել՝ իսկ ինչպիսին պետք է լինի, ինչով է տարբերվելու ներկայիս ունեցածից, նոր մոտեցումները որքանով կլուծեն մեր կրթական համակարգի առջև ծառացած խնդիրները, ինչպես են միջազգային չափանիշները տեղայնացվելու, որ կիրառելի լինեն մեր կրթական համակարգի համար։ Սրանք հարցեր են, որոնք անմիջապես մտքովդ անցնում են, երբ տեղեկանում ես, որ մեր երկրում Բոլոնիայի տարածքի շուրջ 50 երկրների ներկայացուցիչներ մշակում են ոլորտի ապագայի ռազմավարությունը։ Վստահաբար, թեման ուսումնասիրելու դեպքում ավելի շատ հարցեր կառաջանան, բայց դա թողնենք կրթության ոլորտում մասնագիտացած լրագրողներին, ինչպիսիք, ցավոք, չունենք։

Վերջերս հանգամանքների բերումով մասնակից դարձա մի կրթական համաժողովի։ Մասնակիցները հիմնականում օտարերկրացիներ էին, բայց քանի որ միջոցառման ժամանակ մշակված փաստաթղթերը հետագայում լինելու են նաև մեր երկրի կրթական քաղաքականության ուղենիշը բարձրագույն կրթության ոլորտում, հյուրերին ողջույնի խոսք էր հղվում ԿԳՄՍ նախարարի մակարդակով։Նախարարի ելույթից հետո, երբ նա դահլիճից դուրս եկավ, բոլոր լրագրողներն անխտիր դահլիճից դուրս եկան՝ չլսելով միջոցառման եվրոպացի կազմակերպիչների ողջույնի խոսքը։ Չափազանց տգեղ է, երբ որևէ մեկի խոսքի ժամանակ մի հոծ բազմություն միասնականորեն դահլիճը լքում է, բայց կյանք, է ամեն բան էլ պատահում է։

Միջանցքում արդեն նախարարի հետ ճեպազրույցի ընթացքում վերը թվարկված հարցերից և ոչ մեկը չհնչեց, ավելին, թեմայի վերաբերյալ որևէ հարց չհնչեց։ Ըստ ամենայնի լրագրողներին նման հարցերը և դրանց պատասխանները հետաքրքիր չեն։ Նախարարից հետաքրքրվեցին վիճահարույց «Կրթության և գիտության մասին» օրենքի նախագծից, որի մասին խոսվում է ամեն օր։ Բնականաբար, լուսաբանումներում էլ գերակշիռն օրենքի նախագծի թեման էր՝ իմիջայլոց նշելով, թե որտեղ է նախարարը հնչեցրել թեմայի վերաբերյալ իր տեսակետը։

Նախարարի հետ հեռացան բոլոր լրագրողները՝ չունենալով գեթ մեկ հարցազրույց համաժողովի ոչ տեղացի, ոչ օտարերկրացի մասնագետների հետ, այն մասնագետների, որոնք մշակելու են փաստաթղթեր ու ռազմավարություն և որոնց կյանքի կոչման արդյունքներից վաղը դժգոհելու ենք։ Գո՞ւցե տարիներ առաջ 12-ամյա կրթությունը կամ ավագ դպրոցներն էլ են նման մի համաժողովի շրջանակներում քննարկվել և չի գտնվել մեկը, որ հարց կհնչեցնի՝ հետագա քննարկումների ու բանավեճերի առիթ ստեղծելով։ Ի՞նչ իմանաս, եթե այն ժամանակ նման մի հարց հնչեր, գուցե այսօր բոլորովին այլ պատկեր ունենայինք մեր կրթական համակարգում։ Եվ ի՞նչ իմանաս, այսօրվա մեկ տեղին հարցը հետագա որքան խնդիրներից մեզ կազատի։ Բայց, ցավոք, այդ հարցը հնչեցնողները չկան։ Լրագրողները կարծես դարձել են ձայնագրիչներ՝ լսում ու վերարտադրում են խոսքը՝ առանց անգամ այդ խոսքի կոնտեքստից առաջացած հարցերի պատասխանները փնտրելու։ Ասեմ ավելին, վերծանած տեքստն անգամ չեն խմբագրում, իբրև թե խոսողի միտքը չաղավաղելու համար։ Բանավոր և գրավոր խոսքը միմյանցից տարբերվում են, և միշտ կարիք կա խոսքը որոշակիորեն խմբագրելու՝ առանց բովանդակությանը դիպչելու, որպեսզի դառնա պատշաճ գրավոր խոսք։ Սովորաբար, խոսքն առանց խմբագրելու թողնելը լրագրողական հնարք է՝ ցույց տալու զրուցակցի կրթական ցածր մակարդակը, իր պաշտոնին ոչ հարիր խոսքը։ Բայց երբ բոլոր դեպքերում է բանավոր խոսքն անմշակ կերպով գրավորի վերածվում, դա արդեն անփություն է սեփական աշխատանքիդ, ինչու ոչ, անգամ լսարանիդ հանդեպ։

Ինչո՞վ է տարբերվում լրագրողը ձայնագրիչից։ Սա հարց է, որի մասին վերջերս ավելի ու ավելի հաճախ եմ մտածում։ Երբ նորեկ էի ոլորտում, հաճախ էի վիճում մարդկանց հետ, որոնք կարծում էին, որ ամեն ոք կարող է լրագրողի գործն անել՝ ձայնագրել խոսքը և վերծանել։ Մինչդեռ վերծանումը լրագրողի աշխատանքի մի մասն է միայն՝ տեխնիկական, ոչ հաճելի մասը։ Անգամ լուրի պարագայում, երբ լրագրողը ստեղծագործելու, վերլուծելու և փաստերը համադրելու հնարավորություն չունի, լրագրողի աշխատանքն ավելին է, քանի պարզապես լսածը վերծանելը։

Անգլախոս միջավայրում այդ տեխնիկական աշխատանքը վաղուց վստահված է ժամանակակից տեխնիկային․ ձայնագրիչը ոչ միայն ձայնագրում է, այլ նաև դա տեքստի է վերածում։ Որպես մեր աշխատանքի տեխնիկական կողմը չսիրող մարդ՝ վաղուց եմ երազում, որ այդ այդ հնարավորությունը ստեղծվի նաև հայալեզու բովանդակության համար։ Բայց վախենամ, որ այդ պարագայում մեր շատ լրագրողներ պարզապես առանց աշխատանքի կմնան, քանի որ այսօր, չգիտես թե ինչու, մեր մասնագիտությունը շատերը վերածել են ձայնագրիչի աշխատանքին համարժեք մի բանի։

Ա․ Բ․





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: