ՍԴ դատավորների վաղ կենսաթոշակի անցնելու նախագծերի փաթեթն այսօր ընդունվեց Գործադիրի նիստում
Նշենք, որ նախագծով առաջարկվում է Սահմանադրական դատարանի դատավորների բացառապես կամավոր սկզբունքով վաղ կենսաթոշակի անցնելու կառուցակարգ՝ բոլոր սոցիալական երաշխիքների պահպանմամբ:
Մասնավորապես, առաջարկվում է Սահմանադրական դատարանի դատավորի կողմից մինչեւ 2020 թվականի հունվարի 31-ը հրաժարական ներկայացնելու դեպքում, նրա լիազորությունները դադարելուց հետո, մինչեւ իր համար Սահմանադրությամբ սահմանված պաշտոնավարման տարիքը լրանալը նրան հատկացնել կենսաթոշակ՝ հրաժարականի պահին ստացած պաշտոնային դրույքաչափի ու հավելավճարի չափով:
Այդ իրավունքից չեն կարող օգտվել «Սահմանադրական դատարանի մասին» 2017 թվականի հունվարի 17-ի ՀՕ-42-Ն սահմանադրական օրենքի ուժի մեջ մտնելուց հետո ընտրված Սահմանադրական դատարանի դատավորները:
Նախագիծը ներկայացրեց արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը: Նա նշեց, որ 2015-ի Սահմանադրությամբ նախատեսված է, որ ՍԴ 9 դատավորները պետք է ընտրվեն ԱԺի կողմից: Ընդ որում, երեք դատավորի ներկայացնում է կառավարությունը, երեքին՝ ՀՀ նախագահը եւ երեքին՝ Դատավորների ընդհանուր ժողովը: Ըստ էության, ստացվում է այնպես, որ հնարավոր է՝ առհասարակ կյանքի չկոչվի այս մոդելը, որովհետեւ ՍԴ-ում պաշտոնավարում են անդամներ, որոնք ընտրվել էին հին կարգով»,-ասաց Բադասյանը: Նա հավելեց, որ մի շարք երկրներում այս պրակտիկան կիրառվել է: հունգարիայում եւ Լեհաստանում կիրառվել է վաղ կենսաթոշակի գնալու պարտադիր սխեման, որը քննադատվել է ԵԽ տարբեր մարմինների կողմից, դրա համար Հայաստանը որդեգրել է կամավոր թոշակի գնալու տարբերակը:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ ըստ Սահմանադրության՝ ՍԴ դատավորների պաշտոնավորման 12 տարի ժամկետ է սահմանված, նախատեսվում է, որ դատարանի նախագահը պետք է ընտրվի ՍԴ անդամների կողմից՝ վեց տարի ժամկետով, եւ այս բոլոր դրույթներն արդեն ուժի մեջ են մտնել:
«Այս դրույթներն ամբողջությամբ ուժի մեջ են մտել, բայց այս սահմանադրական փոփոխություններով նախատեսված դրույթները հնարավոր չէ իրականացնել առնվազն մինչեւ 2035 թվականը: Փաստորեն, մի կողմից հեղինակներն ասել են, որ երազանքի Սահմանադրական դատարանի մոդելը գտել ենք, բայց մյուս կողմից գործողություններ են արել, որոնք մինչեւ 2035 թվականը թույլ չեն տալու ունենալ այդ երազանքի Սահմանադրական դատարանը»,-ասաց Փաշինյանը:
Վարչապետը նկատեց, որ Հայաստանում տասը տարին մեկ Սահմանադրական փոփոխությունների հարց է բարձրացվում, եւ եթե այդ տրամաբանությամբ գնանք, կարող է երբեւէ լինի իրավիճակ, որ փոխվեն դրույթները:
«Այդ տրամաբանությամբ կստացվի, որ ՀՀ-ում ուժի մեջ մտած սահմանադրական դրույթները չեն կիրառվում, եւ սա իրավակիրառ պրակտիկայի ամենամեծ աբսուրդներից մեկն է: Հիմա այս օրենքով հնարավորություն ենք տալիս, որ այդ խնդիրը լուծվի»,-ասաց նա եւ նշեց, որ սրանով հնարավորություն են տալիս, որ մարդիկ աջակցեն իրենք իրենց, իսկ երազանքի դատարանի գործելուն՝ առանց սոցիալական կորուստների:
Վարչապետն ասաց, որ այս հարցը գործընկեր միջազգային կազմակերպությունների հետ քննարկել են եւ այն դեռ պետք է ուղարկել Ազգային ժողովի քննարկմանը: