Հայերեն   English   Русский  

Միշտ չէ, որ ՍԴ-ն հնարավորություն է ունենում այն գնահատականը տալ, որը պահանջում է փողոց դուրս եկած հանրությունը. Ալվինա Գյուլումյան


  
դիտումներ: 1565

Այսօր՝ նոյեմբերի 16-ին, «Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակը և լեգիտիմության խնդիրները» թեմայով հանրային քննարկման ժամանակ ՍԴ անդամ Ալվինա Գյուլումյանն ասաց, որ

ցավալի է, որ ՍԴ-ի ոչ լեգիտիմ լինելու մասին խոսում են մարդիկ, որոնք այդ դատարանի մշտական դիմողների մեջ են եղել:

«Սա այն դեպքում, երբ իրենց դիմումները ՍԴ-ում բավարարվել են: Օրինակ «Ասպարեզ» ակումբի հայցը, որը դատարան էր ներկայացվել փաստաբաններ Տիգրան Եգորյանի և Վահե Գրիգորյանի կողմից, ՍԴ-ն համաձայնելով այդ դիմումի հետ, գտավ, որ իսկապես ընտրական գործընթացում միայն մեկ լրատվամիջոցի և այդ լրատվամիջոցի ոչ ավելի, քան 50 ներկայացուցիչներ ունենալու արգելքը հակասահմանադրական է»,-ասաց Գյուլումյանը:

Անդրադառնալով ընտրությունների հետ կապված ՍԴ-ի կայացրած վճիռներին, ՍԴ անդամն ասաց. «Մենք անդրադառնում ենք ընտրական վեճերին՝ մոռանալով, որ ընտրական վեճերը, որոնք ՍԴ-ն քննարկում է, միայն մի դեպքում է, որ ՍԴ-ն հանդես է եկել նաեւ որպես փաստի դատարան: Դա 1996 թվականի ընտրությունների ժամանակ էր, երբ ՍԴ-ն դեռ նոր էր ստեղծվել, և իներցիայով ընդհանուր իրավասության դատարանների ոճով ՍԴ-ն գնաց ընդհուպ մինչեւ քվեատուփեր բացելու, արձանագրություններ համեմատելու ճանապարհով: Դրանից հետո օրենսդրության մեջ կատարվեց փոփոխություն և ՍԴ-ն քննում էր ոչ թե ընտրության արդյունքները, այլ այդ ընտրության արդյունքների օրինականությունը:

Իսկ այդ օրինականությունը կարող էր կասկածի տակ առնվել, եթե ընդհանուր իրավասության դատարաններում հաստատվել էր խախտման փաստը:

Մեր դիմողներն ասում էին՝ մենք չենք վստահում դատարաններին, դրա համար չենք դիմում, ուղիղ գալիս ենք ՍԴ:

Սա ասացի, որ մեր հանրությունը տեղյակ լինի, որ միշտ չէ, որ ՍԴ-ն հնարավորություն է ունենում դրանց այն գնահատականը տալ, որը պահանջում է փողոց դուրս եկած հանրությունը»,-ընդգծեց Գյուլումյանը:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: