Արտավազդ Նալբանդյան. «Աշխարհի գավաթի խաղարկությունում 1 ոսկե, 2 բրոնզե մեդալ նվաճեցինք»
80 կգ քաշային կարգում աշխարհի չեմպիոնի կոչումը նվաճեց Հովհաննես Դավթյանը:
Անկախի հետ զրույցում մաս-ռեսթլինգի ֆեդերացիայի նախագահ Արտավազդ Նալբանդյանը խոսում է աշխարհի գավաթի խաղարկությունում թիմի հաջող մասնակցության, հայ մարզիկների գրանցած արդյունքների և առաջիկա ծրագրերի մասին:
-Աշխարհի առաջնությունում հայ մարզիկներին հաջողվեց 3 մեդալ նվաճել. շնորհավորում ենք: Մարզիկների ելույթներն ինչպե՞ս կգնահատեք:
- Շնորհակալ եմ: Բավական հաջող մասնակցեցինք: Պատրաստվել սկսել էինք Հայաստանի առաջնությունից անմիջապես հետո: Հավաքականի 1-ին և 2-րդ համարներից կազմված թիմ ունեինք, պարամպունքների ընթացքում ընտրվեցին այն 9 լավագույնները, որոնք լիարժեք պատրաստ էին մասնակցելու աշխարհի գավաթին:
Հավաքականի մարզիկները 3 մեդալ նվաճեցին` 1 ոսկե, 2 բրոնզե:
80 կգ քաշային Հովհաննես Դավթյանը դարձավ ոսկե մեդալակիր: Վերջինս հավաքականի ամենափորձառու մարզիկներից է, բավական լուրջ հաջողություններ ունի գրանցած: Նշեմ, որ 80 կգ քաշային կարգն աշխարհում ամենադժվարներից է: Այստեղ հանդես են գալիս ուժեղագույն մարզիկներ: Հովհաննեսը կիսաեզրափակչում պայքարից դուրս թողեց յակուտ մարզիկ Այսեն Ատաստիրովին: Մարզաձևը յակուտների համար ազգային է, նրանք շատ ուժեղ են և միշտ բոլոր մրցաշարերում ոսկե մեդալ են նվաճում, ոչ-ոքի չեն զիջում ու մենամարտ չեն տալիս:
Հովհաննեսն առաջին մարզիկն է, որ կիսաեզրափակչում հաղթեց յակուտ մրցակցին: Եզրափակչում էլ պարտության մատնեց Ռուսաստանի ներկայացուցիչ Եվգենի Պիկոնինին: Սա, կարելի է ասել, սենսացիոն հաղթանակ էր. մեզ համար թեև սպասելի էր այս արդյունքը, բայց մրցակիցների համար` ոչ: 60 կգ քաշային կարգում փարձառում Արմեն Թոռունյանին հաջողվեց բրոնզե մեդալ նվաճել: Հաճելիորեն զարմացրեց առաջին անգամ միջազգային մրցաշարի մասնակցած, 85 կգ քաշային Աննա Մկրտչյանը` ևս բրոնզե մեդալ նվաճելով: Նա նաև զբաղվում է սամբոյով և ձյուդոյով: Հայաստանի առաջնությունից հետո նվիրումով մարզվում էր: Սա շատ լուրջ արդյունք է: Աննան հաղթեց Լեհաստանի ներկայացուցչին, որը միջազգային մրցաշարերում հանդես գալու մեծ փորձ ուներ ու տարբեր առաջնությունների մրցանակակիր էր:
-29 երկրների պայքարում մեր թիմին հաջողվեց 5-րդ հորիզոնականը զբաղեցնել: Ցուցանիշը գոհացնու՞մ է:
- Ուժեղագույն պետությունների հետ պայքարում այս արդյունքը գրանցեցինք: Մեզնից հետ մնացին այնպիսի փորձառու հավաքականներ, ինչպես օրինակ, ԱՄՆ-ն: Վերջինս թոփ թիմերից է, միշտ եղել է առաջատարների դիրքերում: Բարձր հորիզոնականներ զբաղեցրած հավաքականները` Ռուսատանը, Ուկրաինան, ավելի շատ մարզիկներով են մասնակցում և ստանում են պետական աջակցություն: Նշեմ, որ մեզ աջակցում և հովանավորում է Geopromining ընկերությունը, որին անչափ շնորհակալ ենք:
-Ուշագրավ է, որ Տաթև Հակոբյանը որպես մրցավար մասնակցեց ստուգատեսին` միաժամանակ ստանալով միջազգային կարգի մրցավարի կարգավիճակ
-Առաջին անգամ էր, որ Հայաստանից ունեինք աղջիկ մրցավար: Սա մեծ ձեռքբերում է, քան որ Տաթևը սպասարկեց կարևորագույն մենամարտերն ու եզրափակիչները: Տաթև Հակոբյանը Հայաստանի ծանրամարտի հավաքականի առաջատարներից է, տիտղոսակիր, ժամանակին ղբաղվել է մաս-ռեսթլինգով,աշխարհի փոխչեմպիոն է:
- Մաս-ռեսթլինգի ֆեդերացիայի գրծունության մասին կպատմե՞ք. որքանո՞վ է տարածված մարզաձևը Հայաստանում:
-Մաս-ռեսթլինգի ֆեդերացիան հիմնադրվել է 2011 թվականին: Հենց առաջին տարվանից սկսած` ամեն ամսվա վերջին կիրակի օրն անցկացրել ենք մաս ռեսթլինգի առաջնություններ: Այս ժամանկահատվածում միջազգային ասպարեզում բազմաթիվ հաջողություններ ենք գրանցել, մարզաձևով զբաղվողների թիվն ավելացել է, մի շարք քաշային կարգերն են հանդես գալիս մարզիկների, որոնցում աշխարհի և Եվրոպայի առաջնություններն են անցկացվում:
Այս տարի անցկացրինք Հայստանի ուսանողական առաջնությունը, որին բազմաթիվ տղաներ և աղջիկներ մասնակցեցին: Բարձր մակարդակով անցավ նաև Հայաստանի առաջնությունը, որից հետո մասնակցեցինք աշխարհի գավաթի խաղարկությանը:
Մաս-ռեսթլինգը մենապայքարային մարզաձև է, մկանային բոլոր խմբերն օգտագործվում են, բացի մկանային ուժից հարկավոր են նաև տեխնիկական հմտություններ, քանի որ մի քանի վայրկյան է տևում մենամարտը: Կարճ ժամանակում պետք է ի ցույց դնել ողջ կարողություններն ու ներուժը: Կա ադրենալինի մեծ չափաբաժին, բավական դիտարժան է մարզաձևը, ինչը նպաստում է, որ շատերը հետաքրքրվեն և զբաղվեն:
Այս տարի Հայաստանի առաջնությանը բազմաթիվ աղջիկներ մասնակցեցին, նկատելի էր, որ կա հետաքրքրվածություն մարզաձևի նկատմամբ:
-Մինչև տարեվերջ մրցաշարեր սպասվու՞մ են:
-Այս տարի մաս-ռեսթլինգից մրցաշարեր այլևս չունենք: Հաջորդ տարի, ըստ միւազգային մրցաշարերի ժամանակացուցի, կանցկացնենք Հայաստանի առաջնությունը:
Նշեմ, որ առաջիկայում Լեհաստանում Հայաստանի հաշմանդամային սպորտի ֆեդերացիայի 8 մարզիկով կմասնակցենք բազկամարտի աշխարհի առաջնությանն ենք: Մարզիկները պատրաստ են, մի քանիսը առաջին անգամ են ուժերը փորձելու միջազգային հարթակում: