Հայերեն   English   Русский  

Սա մեր պատերազմը չէր, բայց մենք ունեցանք մեր հաղթանակի բաժինը. Սուրեն Սարգսյան


  
դիտումներ: 1166

Չնայած ԱՄՆ կոնգրեսի երկու պալատների` Ներկայացուցիչների պալատի և Սենատի կողմից ընդունված Հայոց ցեղասպանությունը ճանաչող երկու բանաձևերը իրավաբանական առումով պարտադիր իրավական ուժ չունեցող փաստաթղթեր են, բայց նախադեպային առումով, իհարկե, չափազանց կարևոր են, կարծում է Ամերիկյան հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն Սուրեն Սարգսյանը: Նրա կարծիքով` ընդունված բանաձևերը հիմա են` շարունակելու ճանաչման ուղղությամբ աշխատանքներն ԱՄՆ-ում և հասնել նրան, որ 1915-ի դեպքերը նկարագրելիս ԱՄՆ նախագահն օգտագործի ցեղասպանություն եզրույթը: «Սա ամենակարևոր վերջնանպատակն է, որ իրենց առջև դրել են մեր համայնքային կառույցները»,- ասում է նա:

Սարգսյանն ասում է, որ վստահաբար կարող ենք փաստել` մեկ քայլ էլ ենք մոտեցել Հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչմանը ԱՄՆ-ի կողմից: «ԱՄՆ 50 նահանգներից 49-ը ճանաչել են Հայոց ցեղասպանությունը, ԱՄՆ օրենսդիր մարմինը ճանաչել է, ժամանակն է կենտրոնանալու ԱՄՆ ադմինիստրացիայի, նախագահի հետ տարվող աշխատանքների վրա, որպեսզի հասնենք նրան, որ լինի հստակ քաղաքական և իրավական գնահատական»,- ասում է նա:

Սարգսյանի խոսքով, սակայն, ԱՄՆ կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման համար միայն համայնքային կառույցների աշխատանքը բավարար չէ. «Եթե օրենսդիրի հետ տարվող աշխատանքներում համայնքն էր ամբողջությամբ գործը ստանձնել, և այս առումով Հայաստանի իշխանությունների կողմից որևէ աշխատանք չէր տարվում, ապա ադմինիստրացիայի հետ աշխատանքներում Հայաստանի իշխանությունների դերը չափազանց կարևոր է»:

Սարգսյանը նաև նշում է, որ ԱՄՆ օրենսդիր մարմնի կողմից Հայող ցեղասպանության ճանաչումը կարող է լուրջ գործոն դառնալ Հայոց ցեղասպանության միջազգային հետագա ճանաչման գործում: «Ամերիկայի Միացյալ Նահանգները գերտերություն է,աշխարհի տարբեր տարածաշրջաններում լուրջ ազդեցություն ունեցող պետություն է, և ակնհայտ է, որ սա իր ազդեցությունն ունենալու է: Մեր լոբբիստները տարբեր պետություններում նաև այս ճանաչման հանգամանքն օգտագործելու են իրենց շահերն առաջ մղելու նպատակով»,- ասում է նա:

ԱՄՆ սենատ

Անդրադառնալով հարցին, թե ինչպես հնարավոր դարձավ ԱՄՆ օրենսդիր մարմնի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը, Սարգսյանն ասում է, որ դրանում դերակատարություն է ունեցել ԱՄՆ-ի և Թուրքիայի հարաբերությունների լարվածությունը: «Թուրք-ամերիկյան հարաբերությունները պատմականորեն ցածր մակարդակում են գտնվում, այնքան ցածր, որ Վաշինգտոնում որևէ մեկն անգամ չէր կարողանում և չէր էլ ցանկանում պաշտպանել Թուրքիային,- ասում է Սարգսյանը և հավելում,-Թուրք-ամերիկյան այս մեծ ճակատամարտում հաղթանակի իր բաժինն ունեցավ հայկական համայնքը և, ըստ էության, հայոց ցեղասպանությունը ճանաչվեց: Սա մեր պատերազմը չէր, բայց մենք ունեցանք մեր հաղթանակի բաժինը»:

Հիշեցնենք, որ Էրդողանի` ԱՄՆ այցից հետո Հանրապեական սենատորներից մեկը վետո էր դրել Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի վրա: Սարգսյանի խոսքով` հանրային ճնշումը այնքան ուժեղ էր, որ սենատորը Սպիտակ տան խնդրանքին և չվերահաստատեց վետոն:

Հարցին, թե հնարավոր է, որ այսուհետ առավել վատթարանան երկու երկրների հարաբերությունները, Սարգսյանն ասում է, որ աշխարհաքաղաքական առումով շատ դեպքերում երկու երկրների հարաբերությունները ոչ միայն չեն համընկնում, այլ անգամ հակասում են միմյանց: «Ակնհայտ է, որ այս իրավիճակից պետք է օգտվողներ լինեին: Դրանցից մեկն էլ մեր պրոֆեսիոնալ համայնքային կազմակերպություններն են»,- ասում է նա:

Արաբագետ Արմեն Պետրոսյանի խոսքով` թե ԱՄՆ քաղաքացիները, թե միջազգային հանրությունը ԱՄՆ-ից ակնկալում էին, որ հստակ գործողություններով, հատկապես քաղաքական, տնտեսական, ռազմական ոլորտներում, կսաստի Թուրքիայի հանդգնությունները Սիրիայում և ոչ միայն: «Մինչդեռ ամերիկյան շատ պրագմատիկ իշխանությունները սահմանափակվեցին զուտ բարոյական քայլով․ կասեն, կխոսեն, կանցնի, կգնա»,- ասում է նա` հավելելով, որ ստեղծված իրավիճակում հետագա զարգացումները մեծապես կախված են Թուրքիայի պատասխան քայլերից և հետագա վարքից:

Հիշեցնենք, որ ԱՄՆ Կոնգրեսի վերին պալատը` Սենատը, միաձայն ընդունել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը: Ավելի վաղ` հոկտեմբերի վերջին, նաև Ներկայացուցիչների պալատն էր ընդունել համանման բանաձև:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: