Պենտագոնի ղեկավարը դեռ չգիտի, թե որքանով է լուրջ խոսում Թուրքիան Ինջիրլիքի բազան փակելու մասին
«Նախկինում ինձ այդ մասին չեն զեկուցել,- ասել է նա՝ նշելով, որ թուրքական իշխանությունների հայտարարությունների մասին տեղեկացել է լրատվամիջոցներից:- Ուստի ես պետք է խոսեմ [Թուրքիայի] պաշտպանության գերատեսչության իմ գործընկերոջ հետ հասկանալու համար, թե իրականում ինչ նկատի ունեն, ինչպես նաև՝ որքանով են լուրջ տրամադրված»:
Նրա խոսքով՝ եթե Անկարան լուրջ է ասում ԱՄՆ-ի համար բազան փակելու մասին, ապա այդ հարցը պետք է քննարիկվի ՆԱՏՕ-ում: «Նախ՝ նրանք ինքնիշխան երկիր են, հետևաբար իրենց մոտ ՆԱՏՕ-ի բազաներ և արտասահմանյան զորքեր տեղակայելու կամ չտեղակայելու անքակտելի իրավունք ունեն,- ասել է նա:- Եթե նրանք իսկապես լուրջ են խոսում, ապա դա առնչվում է ամբողջ դաշինքին, դաշինքի առջև ստանձնած պարտավորություններին»:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն անցած կիրակի հաստատել է, որ իր երկիրն ԱՄՆ-ի համար կարող է փակել Ինջիրլիք ավիաբազան, եթե Վաշինգտոնը որոշի Անկարայի դեմ պատժամիջոցներ սահմանել: Դեկտեմբերի 11-ին Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն նույնպես խոսել էր Անկարայի՝ ամերիկացի զինծառայողների համար Ինջիրլիքը փակելու հնարավորությունը քննարկելու պատրաստակամության մասին, եթե Միացյալ Նահանգները պատժամիջոցներ սահմանի ռուսական Ս-400 զենիթահրթիռային համակարգեր գնելու պատճառով:
Պենտագոնում Թուրքիայի նախագահի խոսքը մեկնաբանելիս հայտարարել էին, որ Միացյալ Նահանգները թուրքական ռազմաբազաները, որոնց թվում է Ինջիրլիք ավիաբազան, օգտագործում է միայն Անկարայի թույլտվությամբ:
Թուրքիայում առաջին անգամ չէ, որ խոսում են ամերիկացի զինվորականների համար Ինջիրլիք ավիաբազան փակելու հնարավորության մասին: Սովորաբար Անկարայի նման հռետորաբանությունը դրսևորվում է Վաշինգտոնի սպառնալիքների լույսի ներքո, սակայն դեռևս հարցը որևէ որոշակի քայլի չի հանգել:
Մինչ այս ԱՄՆ Կոնգրեսում համաձայնեցրել էին 2020 ֆինանսական տարվա ռազմական բյուջեն, որի տեքստում դեմոկրատները և հանրապետականները կարծիք են հայտնել, որ Անկարայի Ս-400 ձեռք բերելը համապատասխանում է «Եվրոպայում և Եվրասիայում ռուսական ազդեցության հակազդեցության մասին» օրենքի դրույթներին, իսկ դրանք նախատեսում են պատժամիջոցների սահմանում: Օրենսդիրները թույլ են տվել Պենտագոնին «30 մլն դոլար ծախսել 6 թուրքական F-35 [կործանիչ] պահպանելու համար, որոնք ամերիկյան ավիաբազայում օգտագործվում էին Թուրքիայի օդաչուներին ուսուցանելու համար», քանի դեռ Ս-400 գնելու պատճառով Անկարան չէր հանվել այդ ծրագրից