Հայերեն   English   Русский  

Նոր տարին հայերի մոտ


  
դիտումներ: 3293

Ըստ մեզ հասած տվյալների` հայերն ունեցել են երեք Նոր տարի, որոնք կոչվել են Ամանոր, Նավասարդ կամ Կաղանդ:

Վաղնջական ժամանակներում մեր նախնիները Նոր տարին դիմավորել են մարտի 21-ին` գարնանային գիշերահավասարի օրը: Դա տարեգլխի պատահական ընտրություն չէր: Այդ հեռավոր ժամանակների հայ քրմերն իրենց բազմամյա դիտարկումներով նկատել են, որ բնությունը հարություն է առնում գարնան սկզբին: Այդ օրն էլ հայ մարդը նոր տարին դարձրել է տարեգլուխ և այն նշել ցնծալի տոնախմբությամբ, որով փառաբանել է բնության զարթոնքը, հողագործի աշխատանքը, աղերսել աստվածներին, որպեսզի բերքառատ դարձնեն տարին:

Հայկական երկրորդ տարեգլուխը եղել է Նավասարդի 1-ը (օգոստոսի 11-ը): Նավասարդ ամիսը սկսվել է օգոստոսի 11-ին և ավարտվել սեպտեմբերի 9-ին: Ըստ ավանդության, Հայկ նահապետը Հայոց ձոր գավառում սպանել է բռնակալ Բելին և ազատություն պարգևել իր տոհմին ու իր բոլոր հետնորդներին: Այդ հաղթությունը ենթադրաբար տեղի է ունեցել Քրիստոսի ծննդից առաջ, 2492 թվականի օգոստոսի 11-ին: Այդ ժամանակվանից էլ հայերը Նոր տարին սկսել են տոնել օգոստոսի 11-ին:

Միջնադարի նշանավոր տոմարագետ Հովհաննես Սարկավագը հավաստում է, որ եբրայեցիների տոմարի հիմնադիրը Մովսեսն է, իսկ հայկական տոմարի հիմնադիրը` Հայկը: Օգոստոսյան տոնը հայերը կոչել են Նավասարդ, որ նշանակում է նոր տարի. նավ (նոր) + ա (հոդակապ) + սարդ (տարի): Նավասարդի ամենամեծ հանդիսությունը տեղի էր ունենում Արածանի գետի ափերին` Նպատ լեռան փեշերին: Տոնախմբությանը ներկա էին լինում երկրի թագավորն ու թագուհին, նշանավոր արքունականներ, զորապետներ, նաև` հայկական բանակը: Այստեղ գալիս էին Հայաստանի համարյա բոլոր գավառներից: Բայց դա սոսկ հաճույք պատճառող տոնախմբություն չէր, դրա մեջ կար ազգային միասնության մեծ խորհուրդ: Տոնախմբությունը տևում էր մի քանի օր: Դրանցից մեկը կոչվում էր գինարբուքի օր: Այդ օրը մարդիկ խմում էին քաղցր հյութեր, թեթև խմիչքներ:

Նավասարդավորների մեջ հարբեցողներ հազվադեպ են եղել: «Աստվածներն ամենից շատ որոմ են թողնում հարբեցողի արտում»,- ասում է հայկական հնագույն առածը: Այդ տոների ժամանակ նույնիսկ ուտելիքն է չափավոր եղել: Իհարկե, ուտելիքի մի ընդհանրական ցանկ չի եղել, որ պարտադիր լիներ Հայաստանի բոլոր կողմերի բնակիչների համար: Չպետք է մոռանալ, որ Հայաստանը բազմակլիմա երկիր է եղել և նույնիսկ երկու իրար հարևան գավառներում նույն բերքն ու բարիքը չեն ստացել: Տարբեր գավառներում տարբեր ուտելիք են օգտագործել:

Այնուամենայնիվ, ուսումնասիրությունները հավաստում են, որ Նոր տարվա հայկական ուտելիքներն ինչ-որ չափով միասնական են եղել, որով բնորոշվել է բոլոր հայկական գավառների Նոր տարվա տոնասեղանների ազգային բնույթը: Այդ սննդատեսակների մեջ առաջինը եղել է հայկական կլորահատիկ ցորենը, որն աճել է միայն Հայաստանում: Եվ Նոր տարվա սեղանին մեր նախնիները դրել են հենց այդ ցորենից պատրաստված հաց, որպեսզի հայոց հեթանոս աստվածները բարեբեր դարձնեն Նոր Տարին: Երևի այդ հեռավոր ժամանակների հավատալիքի արդյունք է հայկական ժողովրդական հին առածներից մեկը. «Նոր տարում հաց չեն փոխ առնում»:

Ժամանակին այդ բառերն ընկալվել են այսպես. Նոր տարվա սեղանին քո աճեցրած ցորենից թխած հացը պիտի դնես: Հայկական հնագույն առածներից մեկն էլ ասում է. «Առանց գինու Նոր տարին կգա, առանց նգածաղկի` կուշանա»: Հնում նգածաղիկը եղել է ամենահռչակված հայկական համեմունքը: Ախորժաբեր այդ ծաղիկն աճում էր Մասիսի լանջերին, այն քաղում ու չորացնում էին Մասյացոտն ու Ճակատք գավառների հայերը և տարածում ամբողջ Հայաստանում: Եվ հայը, որ գավառում էլ ապրելիս լիներ, Նոր տարում ըմբոշխնում էր սքանչելի նգածաղիկը: Այդ սովորության մեջ էլ ազգային միասնության խորք կար: Նգածաղիկը բոլոր հայերին կապում էր Մասիսի հետ, ողջ հայ ժողովուրդն իրեն կապված էր զգում Մասիսին, Միջնաշխարհին, այսինքն` հայրենիքի սրտին:

XVIII դարում Սիմեոն Երևանցի կաթողիկոսի տոմարով հունվարի 1-ն ընդունվեց որպես Նոր տարվա սկիզբ: Բայց մինչ այդ Հայաստանի տարբեր գաղթավայրերում հայերն արդեն սկսել էին Նոր տարին նշել հունվարի 1-ին: Նոր տարին սկսվում էր դեկտեմբերի 30-31-ին` ամանորյա խմորեղեն պատրաստելով: Խմորեղենի մեջ ամենագլխավոր դերը հատկացվում էր «Տարի» հացին, որը տափակ էր` երեսը զարդարված ընկույզով, չամիչով, սերմերով ու պտուղներով, որոնք արտահայտում էին առատության գաղափարը: «Տարի» հացի մեջ սովորաբար դնում էին դրամ կամ ուլունք և այն բաժանում ընտանիքի անդամների թվով: Ում բաժնի մեջ ընկներ ուլունքը, ենթադրում էին, որ տան հաջողությունն ու բախտավորությունն այդ տարի նրա հետ է կապվելու: Մատենագիտական նյութերը վկայում են, որ հնում «Տարի» հացը 12 մասի է բաժանված եղել, իբրև 12 ամիսների խորհրդանշան: Տարեհացը մեծ հանդիսավորությամբ կտրում էին տարեմուտի գիշերը:

Մենք փորձում ենք հայկական դիմագիծ տալ այդ տոնին, այն զուգել մեր հնամենի Նավասարդյան տոնի սովորույթներով, աշխատում ենք պահպանել բոլոր այն սննդատեսակներն ու ըմպելիքները, որոնք օգտագործել են մեր նախնիներն ազգային Նոր տարին նշելիս: Հունվարի 1-ի ուտելիքների մեջ մտնում են Ն տառով սկսվող մի քանի սննդամթերք. նգածաղիկ, նուռ, նաշիհ ալյուրից թխված հաց, նուշ և այլն: Նշենք, որ որպես տոնական կոչվող ուտելիք են ընտրել Ն սկզբնատառով, որպեսզի հարմարեցնեն տարվա անվանը` Նոր տարի, Նավասարդ:

ԱվետիքՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: