Հայերեն   English   Русский  

Երկրի անվտանգության համար պատասխանատու է ոչ միայն զինվորը, այլև մենք. Ռուբեն Բաբայան


  
դիտումներ: 1508

«Սահմանում լարված իրավիճակ ստեղծելով` ադրբեջանցիները ցանկանում էին դիվիդենտներ շահել, բայց ստացվեց հակառակը` հայկական կողմը շահեց դիվիդենտներ: Այս օրերի արդյունքում` հայերի ռազմական հոգին բարձրացավ, հայրենասիրական զգացմունքները սրվեցին, հաղթողի հոգեբանությունը արթնացավ», - այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեց հոգեբան Սամվել Խուդոյանը:


Նա ընդգծեց, որ ադրբեջանական հասարակությունում վախ ու խուճապ սկսվեց, քանի որ նրանք հասկացան, որ հաղթելու հույս չունեն:

Սամվել Խուդոյանը նշեց, որ ուսումնասիրել է ադրբեջանական բլոգները և սոցցանցերը, որոնք հաստատում են նրա կարծիքը. «51 զոհի մասին էին գրել, և այդ 51 զոհի տակ մեկնաբանություն էր գրած, որ 51 զոհ երևի կտան Բաքուն գրավելիս, իրենք լուրջ էին ընդունել` «Բաքուն չենք տա, երբեք հնարավոր չէ», այսինքն`լուրջ էին ընդունել. դա նշանակում է` լուրջ տագնապի վիճակ են»:

Հոգեբանը շեշտեց, որ թեև պատերազմի վտանգ միշտ էլ կա, բայց դրա հավանականությունը շատ քիչ է, քանի որ կողմերից ոչ մեկին ձեռնտու չէ:
Տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը, ով նույնպես ներկա էր հանդիպմանը, նշեց, որ այս իրադարձությունները լուրջ վերլուծությունների առիթ պետք է լինեն թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի համար: Թուրքիան հայտնեց իր աջակցությունը Ադրբեջանին և նշեց, որ պատրաստ է ռազմական օգնություն ցույց տալ: Ի տարբերություն Թուրքիայի, Ռուսաստանը չաջակցեց կողմերից ոչ մեկին:

«Ռուսաստանը ակնհայտորեն ցանկանում է խաղաղապահ զորքեր տեղակայել ԼՂՀ-ում: Սրա համար Ռուսաստանին պետք է Հայաստանի և Ադրբեջանի համաձայնությունը, որը ստանալը դժվար է: Այստեղ Հայաստանի և Ադրբեջանի շահերը համընկնում են. մենք կկորցնենք Ղարաբաղը, իսկ Ադրբեջանը կկորցնի այն երբևէ ունենալու հույսը», - ասաց նա` ընդգծելով, որ այս ամենը ցույց տվեց` հույսներս պետք է դնենք միայն մեզ վրա. «Դրական փաստ է այն, որ հասարակությունն ու բանակը ընկալվեցին որպես մեկ ընդհանրություն: Մենք հասկացանք, որ երկրի անվտանգության համար պատասխանատու է ոչ միայն զինվորը, այլ նաև մենք՝ բոլորս»:






Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: