Հայերեն   English   Русский  

Կառավարությունում քննարկվել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարության նախագիծը


  
դիտումներ: 546

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարության և դրանից բխող 2020-2022թթ. գործողությունների ծրագրի նախագիծը, տեղեկացնում է Կառավարության մամուլի ծառայությունը:

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը նշել է, որ ծրագրի մշակումը և ընդունումը բխում է ՀՀ կառավարության 2019-2023 թթ. միջոցառումների ծրագրից և ՀՀ ստանձնած մի շարք միջազգային պարտավորություններից, այդ թվում՝ ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրից:

Նախարարի խոսքով՝ ռազմավարությունն անցել է հանրապետության ողջ տարածքում ներառական քննարկումների փուլով, կազմակերպվել են մեկ տասնյակից ավելի միջոցառումներ, քննարկվել է քաղաքացիական հասարակության մասնակցությամբ, շահագրգիռ գերատեսչություններից ստացված առաջարկների մեծ մասն ընդունվել է, ակտիվ աշխատանք է իրականացվել նաև ՄԻՊ գրասենյակի հետ:

Ռ. Բադասյանը նշել է, որ ռազմավարությունը տալիս է մարդու իրավունքների գործող վիճակի, ինչպես նաև նախորդ գործողությունների ծրագրի գնահատականը, նախանշում է հիմնական սկզբունքները և հաջորդ 3 տարվա առաջնահերթությունները:

Նախատեսվում է ձևավորել պետական մարմինների և քաղհասարակության ներկայացուցիչների մասնակցությամբ մշտադիտարկման խումբ՝ գործողությունների ծրագրի պատշաճ իրականացումը վերահսկելու նպատակով, ինչպես նաև ստեղծել ազգային ռազմավարության էլեկտրոնային հարթակ:

Փաստաթղթի շուրջ ծավալվել է մտքերի փոխանակություն, քննարկվել են գործողությունների ծրագրին վերաբերող մի շարք հարցեր, ներկայացվել են առաջարկություններ և դիտարկումներ:Վարչապետը հանձնարարել է լրամշակել նախագիծը՝ ի մի բերելով խորհրդակցության ընթացքում հնչեցված առաջարկությունները և սեղմ ժամկետում ներկայացնել կառավարության քննարկմանը:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: