Հայերեն   English   Русский  

Վեց ամիս առաջ էին զգուշացրել, որ եթե հրաժարական չտամ մեղադրանք կառաջադրվի ինձ. Հրայր Թովմասյանը հրաժարվել է ցուցմունք տալ


  
դիտումներ: 293

Այսօր՝ դեկտեմբերի 27-ին, մեղադրանք է առաջադրվել Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանին: Մինչ այդ երեկ ՀՔԾ աշխատակիցները այցելել էին բարձրագույն դատարան, իսկ այսօր էլ այցելել էին Հրայր Թովմասյանին հարցաքննելու նպատակով: Հարցաքննությունից հետո Թովմասյանը լրագրողների հետ զրույցի ընթացքում ասաց, որ իր տրամադրությունը շատ բարձր է:

«Քննիչն ասաց, որ իր կյանքում այսպիսի մեղադրյալ չի տեսել, որ նման բարձր տրամադրություն ունենա, և հավելեց՝ երևի աշխարհում որևէ քննիչ էլ չի տեսել: Այն, որ մի օր մեղադրանք է առաջադրվելու ինձ, վեց ամիս առաջ դրա մասին զգուշացրել էին, որ իքս, իգրեկ, զեթ քայլերը չանելու համար Ձեզ մի օր մեղադրանք կառաջադրվի: Մի օր կխոսեմ այդ ամենի մասին, իսկ իքս, իգրեկ քայլերը հրաժարական տալն էր: 308-ի երկրորդ մասով ինձ մեղադրանք առաջադրելը ոչ մի բան իմ կյանքում չի փոխել և չի կարող փոխել: Մենք քննիչի հետ բաժանվեցինք որպես պրոֆեսիոնալներ և ես իրեն ասացի, որ որպես պրոֆեսիոնալ իրեն գնահատում եմ, բայց ցավում եմ, որ ինքը ներգրավված է ոչ թե իրավական, այլ՝ քաղաքական պրոցեսների մեջ: Ես հրաժարվել եմ ցուցմունք տալ:

Որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ վերջին 6-7 ամսվա ընթացքում Սահմանադրական դատարանն աշխատել է աննախադեպ ճնշումների ներքո, այդ ճնշումները ոչ միայն հայհոյախառն էին, սպառնալիքներ էին, այսօրվա մասին զգուշացումներ էին, այլ նաև կոնկրետ բռնության կոչեր և դրանց դրսևորումներ: Բայց այս ժամանակահատվածում Սահմանադրական դատարանը, փառք ու պատիվ բոլոր դատավորներին, աշխատել է առանց որևէ խոչընդոտի և ընդունել է այնպիսի որոշումներ, որոնք ելակետային, բեկումնային են լինելու իրավական համակարգի հետագայի համար: Կարծում եմ, որ շատերը վատ են ճանաչում Սահմանադրական դատարանի դատավորներին, նրանք ուժեղ մարդիկ են, հայրենասեր են, նվիրյալներ են, և եթե խաղաղ ժամանակահատվածում հերոսներ եք փնտրում, ապա նրանք այս շենքում նստած աշխատում են»,-ասաց նա և թվարկեց ՍԴ անդամների՝ Ալվինա Գյուլումյան, Արայիկ Թունյան, Հրանտ Նազարյան, Ֆելիքս Թոխյան, Արևիկ Պետրոսյան, Արման Դիլանյան և նշեց, որ Վահե Գրիգորյանը այդ ցուցակի մեջ չի մտնում:

«Եթե որևէ մեկը մտածում է, որ այս մարդիկ կարող են՝ արդեն օրինական կաշառք անվանումը ստացած օրենքով գայթակղվել և գնալ դրան, ապա շատ ու շատ վատ են ճանաչում: Իմ թվարկած դատավորներից որևէ մեկը դրան չի գնալու: Թող ոչ մեկ չմտածի, որ անկախ դատական իշխանությունը սկուտեղի վրա բերելու և մատուցելու են իրենց: Այսօր պայքար չի իրենց աթոռի համար, լրիվ հակառակն է, այսօր պայքար է, թե մենք վաղը ինչպիսի դատական իշխանություն ենք ունենալու և ընդհանրապես ինչպիսի պետություն ենք ունենալու: Այդ մարդկանց համար՝ ստանալ անաշխատ եկամուտ, իմ կարծիքով, դա իրենցը չէ, իրենք չեն կարող նայել, թե որտեղ կա քանդված փողոց, դպրոց, բայց իրենք գնան նստեն տանը և այդ աշխատավարձը որպես եկամուտ ստանալ: Ես վստահեցնում եմ, որ այս ամբողջը քաղաքական պրոցես է և մեկ նպատակ է հետապնդում: Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել այստեղ ներկա բոլոր հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին, երկրի վաղվա օրով մտահոգ մարդկանց և վստահեցնել, որ այն Հրայր Թովմասյանին, որին դուք ճանաչում եք, իրեն ոչինչ չի կասեցնելու և իմ թվարկած դատավորներին էլ ոչինչ չի կասեցնելու վաղվա դատական իշխանությունը, վաղվա երկիրը կերտելու»-ասաց նա:

ՀՀ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը նշեց, որ իրավական մանրամասներին չի ցանկանում անդրադառնալ և եթե սա քաղաքական պրոցես է, ապա իրավունքի մասին խոսելը անիմաստ է:

«Ես հայտարարել եմ, որ և մեղադրանքի առաջադրումը, և խափանման միջոցի կիրառումը դրանք իրավունքի հետ աղերս չունեն »,-ասաց նա և նշեց, որ որպես խափանման միջոց կիրառվել է ստորագրություն չբացակայելու մասին: Հարցին, թե շարունակելու է գործունեությունը, նա ասաց` բնականաբար՝ այո:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: