Հայերեն   English   Русский  

Հրայր Թովմասյանին մեղադրանք առաջադրելը հանցագործություն է. Դավիթ Հարությունյան


  
դիտումներ: 1204

ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին մեղադրանք առաջադրելը հանցագործություն է, քանի որ խախտվել է անձեռնմխելիության ինստիտուտը։

Լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանը:

«Հրայր Թովմասյանը նշանակվել է նախորդ սահամանդրության ուժով, և նրա նկատմամբ անձեռնմխելիությունը գործում է ամբողջ ծավալով, այսինքն՝ առանց Սահմանադրական դատարանի համապատասխան ակտի, Հրայր Թովմասյանին մեղադրանք առաջադրելն ինքնին հանցագործություն է, որը սահմանված է ՔՕ-ի 309-րդ հոդվածով։ Հաշվի առնելով, որ այս գործը գտնվում է գլխավոր դատախազի անմիջական վերահսկողության ներքո, նա է պատասխանատու: Վստահ եմ, որ փաստաբաններն այդ հարցը կարծարծեն, թեեւ շատ փոքրիկ, բայց հույս ունեմ, որ գլխավոր դատախազը չի դառնա 309-րդ հոդվածով կատարած հանցագործության հանցակիցը։ Այն, որ տվյալ պարագայում ակնհայտորեն խախտված է անձեռնմխելիության ինստիտուտը, դա միանշանակ է»,- ասաց Դավիթ Հարությունյանը։

Հարությունյանը նշեց, որ ՀՔԾ որոշումը պետք է վիճարկվի եւ բողոք ներկայացվի ՀՀ գլխավոր դատախազին, որի պարտականություննէ հետևել սույն գործի նկատմամբ օրինականությանը.

«Եթե լիներ հակառակը, օրինակ՝ դատավորը նշանակվել է, և, եթե անձեռնմխելիությունը վերաբերեր միայն այն ժամանակահատվածի գործողություններին, երբ ինքը դատավոր էր, ապա հարցի էությունը կվերանար։ Հենց որ անձը զբաղեցնում է դատավորի պաշտոնը անձեռնմխելիությունը տարածվում է ոչ միայն այն ժամանակահատվածի վրա, երբ ինքը դատավորի պաշտոնն է զբաղեցնում, այլ ցանկացած նախորդող ժամանակահատվածի վրա»։

Դավիթ Հարությունյանը շեշտեց, որ պետք է քննիչի նկատմամբ քրեական հետապնդում հարուցվի՝ 309-րդ հոդվածով.

«Դասական գործընթաց է, պետք է բողոքը ներկայացվի գլխավոր դատախազին, որի պարտականությունն է հետեւել այս գործի նկատմամբ օրինականությանը։ Եթե լինեինք իրավական պետություն, ապա պետք է քննիչի նկատմամբ քրեական հետապնդում հարուցվեր՝ 309-րդ հոդվածով»։

Ավելի վաղ հայտնել ենք, որ ՀՀ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար։





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: