Պատերազմներն այսպես են սկսվում. միջազգային մամուլի արձագանքը Գեներալ Սոլեյմանիի սպանությանը
Թրամփի որոշման հետևանքներին անդրադառնում է նաև միջազգային մամուլը:
The Guardian
Սոլեյմանիի սպանության հրամանը Թրամփը տվել է Ֆլորիդայի գոլֆի դաշտից. այն արագ հրաման էր, բայց դրա հետևանքներն այժմ սպառնում են կտրուկ փոխել առանց այն էլ անկայուն քաղաքականությունը Մերձավոր Արևելքում: Եվ, ինչպես հաճախ լինում է Թրամփի պարագայում, Սոլեյմանիի սպանությունը խորապես հակասում է ԱՄՆ նախագահի նախապես հայտարարածին: Մասնավորապես, հայտարարություններին, թե ցանկանում է դուրս գալ «Մերձավոր Արելքի անվերջ հիմար պատերազմներից»: Շատ փորձագետների կարծիքով` Սոլեյմանիին սպանելու Թրամփի որոշումը չի նպաստի այդ պատերազմներից շուտ դուրս պրծնելուն, այլ ավելի կխճճի իրավիճակը:
New York Times
Վերջին երեք տարիներին Թրամփի հարաբերությունները Իրանի, Սիրիայի, Աֆղանստանի և Եմենի հետ վկայում են, որ պատերազմի և խաղաղության մասին որոշումները նախագահը կայացնում է` առանց մանրակրկտորեն դիտարկելու դրանց հետևանքները:
The New Yorker
Սոլեյմանիի սպանությամբ Թրամփի ադմինիստրացիան հրահրեց ավելի լայն ու անկանխատեսելի հակամարտություն: Դժվար թե իրանական ռեժիմը չպատասխանի ամերիկյան հարվածին. այն պարտավորված կզգա անելու դա: Եվ ամենամեծ վտանգն, իհարկե, այն է, որ Իրանի պատասխանը կարող է սխալ հաշվարկված լինել: Այդ պարագայում ԱՄՆ-ն էլ նույնը կանի: Այսպես էլ սկսվում են պատերազմները:
Al Jazeera
Իրանում համազգային սգից հետո վրեժխնդրության քայլերը, հավանական է, որ «արբանյակների» կիրառմամբ կիրականացվեն: Իրանը գործողությունների մեծ ընտրություն ունի` պայթեցումներ, առևանգումներ և անգամ կիբերհարձակումներ: Կարող են գործողություններ տեղի ունենալ Իրանի մերձակայքում, ինչպիսին հարձակումն էր Սաուդյան Արաբիայի նավթային օբյեկտների վրա: Հավանական է, որ հարձակումներ տեղի կունենան ԱՄՆ-ի դիրքերին Իրաքում, Սիրիայում, Լիբանանում:...Ցնցման և էմոցիաների ստեղծված իրավիճակում դիվանագիտության նկատմամբ ախորժակը փոքր է: Եվ դա ցավալի է, քանի որ անգամ վերջին շաբաթվա ընթացքում լուրեր կային, որ երկու կողմն էլ գաղտնի կերպով պատրաստ է վերադառնալ միջուկային գործարքի վերաբերյալ բանակցությունների սեղան:
Deutsche Welle
Իսկ ահա գերմանական պարբերականը ծաղրանկար է նվիրել թեմային` կից մեկնաբանելով. «Սոլեյմանիի սպանության հրամանը տալով, կարծես, Թրամփն իրեն պատերազմի աստված է երևակայել»:
Frankfurter Allgemeine Zeitung
Փաստը, որ Իրանը հայտարարել է ԱՄՆ-ին դիմակայության նոր փուլի մասին, ոչ մի լավ բան չի կանխագուշակում: Ճիշտ է, Վաշինգտոնը մի շարք բաց թողնված հնարավորություններից հետո պետք է ի վերջո իր ուժը ցույց տար Իրանի նկատմամբ, որպեսզի ավելի շատ չկորցներ իր դաշնակիցների վստահությունը, ինչպիսին է Սաուդյան Արաբիան: Սակայն ուժի նման ցուցադրությունը վատ ավարտ կունենա: Չէ որ Թեհրանը կրկնակի օգուտ է ստանալու այս էսկալացիայից: Մի կողմից` Իրաքի խորհրդարանը որոշում է կայացրել ամերիկյան և ցանկացած այլ օտարերկրյա ռազմական ներկայությունը երկրում դադարեցնելու մասին: Արդյունքում Իրանը, չնայած թույլ տնտեսությանը, կշարունակի մնալ տարածաշրջանի գերակա ուժ:
Մյուս կողմից, Իրաքում ցուցարարների ատելությունը, որ մինչև վերջերս ուղղված էր Իրանին, այժմ ուղղվել է ԱՄՆ-ի կողմը: