Հայերեն   English   Русский  

Եթե զոհեր չկան, ապա կարող ենք իրավիճակի դեէսկալացիայի հույս ունենալ, հակառակ դեպքում ԱՄՆ-ն պատասխան հարված կուղարկի. Սուրեն Սարգսյան


  
դիտումներ: 1414

Ամերիկայի հաջորդ քայլը կախված է նրանից, թե ինչ կորուստներ է ունեցել ամերիկյան ռազմաբազան: Այս մասին քիչ առաջ Անկախի հետ զրույցում ասաց քաղաքագետ Սուրեն Սարգսյանը՝ անդրադառնալով Իրանի հարձակմանը Իրաքում գտնվող ամերիկյան ռազմաբազաների վրա:

«Հիմա միակողմանի տեղեկություններ կան 80 զոհի մասին, սակայն պետք է սպասենք ԱՄՆ-ի տվյալներին, եթե ամերիկյան անձնակազմի կորուստ չկա, եթե զինվորականների մահ չկա, ապա կարող ենք իրավիճակի դեէսկալացիայի հույս ունենալ, իսկ եթե ամերիկյան կողմը ունեցել է զոհեր, ապա դա կբերի ծանր հետևանքների, կլինի Միացյալ նահանգների պատասխան հարվածը»,-ասաց Սարգսյանը:

Ըստ քաղաքագետի՝ ԱՄՆ-ի կամ Իրանի տարածքում պատերազմական գործողություններ չեն լինի, դրանք կլինեն այլ երկրների տարածքում:

Սուրեն Սարգսյանը չի բացառում, որ այս գործողությունների հետևանքով նաև լրացուցիչ պատժամիջոցներ կկիրառվեն Իրանի դեմ, և հնարավոր է դրանք ազդեցություն ունենան նաև Հայաստանի վրա:

«Չեմ բացառում, որ պատժամիջոցներ կկիրառվեն Իրանի դեմ, մասնավորապես էներգետիկ համակարգի դեմ: Սա կարող է ազդեցություն ունենալ Հայաստանի վրա, քանի որ Հայաստանի և Իրանի միջև էներգետիկ ոլորտում կա խոր համագործակցություն: Սա Հայաստանի տնտեսության վրա ազդող կարևոր գործոն կարող է լինել: Բացի այդ՝ Հայաստանի համար չափազանց վտանգավոր կարող է լինել, եթե երկու պետությունները միմյանց դեմ գործողություններ իրականացնեն Հայաստանի տարածքում: Խոսքը հատուկ ծառայությունների մասին է: Դեռ ամիսներ առաջ տեղեկություններ տարածվեցին, որ Հայաստանում ԱՄՆ-ի հետախուզությունն ու հակահետախուզությունը միմյանց դեմ գործողություն են իրականացրել, անգամ տեսանյութ տարածվեց Իրանի կողմից, երևի թե սա նույնպես կարող է վտանգավոր լինել»,-նշեց քաղաքագետը:

Սարգսյանը նաև չի բացառում, որ հնարավոր է տարածաշրջանում լարված իրավիճակը բերի Ադրբեջանի ակտիվացմանը:

«Ադրբեջանը ցանկացած ոչ ստաբիլ իրավիճակում կարող է ակտիվանալ, այդ պատճառով պետք է զգոն լինենք»,-հավելեց նա:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: