Հայերեն   English   Русский  

ԱԺ կարիքների համար կեղծ մեդալների ձեռքբերման գործընթացում կատարված չարաշահումների համար երկու անձի մեղադրանքներ են առաջադրվել


  
դիտումներ: 470

2019թ. հունիսի 24-ին ՀՀ ԱԺ իրավական սպասարկման բաժնի գլխավոր մասնագետի կողմից հաղորդում է տրվել այն մասին, որ 2016թ սեպտեմբերից ՍՊ ընկերությունը, իսկ 2017թ. հոկտեմբերից մինչև դեկտեմբերն ընկած ժամանակահատվածում անհատ ձեռնարկատերը պայմանագրով նախատեսված արծաթյա մեդալների և հուշամեդալների փոխարեն ԱԺ-ին մատակարարել են մեկ այլ մետաղից պատրաստված մեդալներ և հուշամեդալներ, պատճառելով համապատասխանաբար` 4.5մլն ՀՀ դրամի և 3.5մլն ՀՀ դրամի գույքային վնաս:

Դատախազական պատշաճ հսկողության ներքո ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով քննվող քրեական գործի նախաքննությամբ տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ ՀՀ ԱԺ աշխատակազմի գործերի կառավարչության նյութատեխնիկական ապահովման բաժնի վարիչ Ք. Խ.-ն, աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական և հաշվապահական ոլորտի մի քանի ստորաբաժանումների պատասխանատու պաշտոնատար անձանց հետ, 2015-2017թթ., դիտավորությամբ շրջանցելով «Գնումների մասին» ՀՀ օրենքով սահմնաված մի շարք դրույթներ, հայտարարել և իրականացրել են «ՀՀ Ազգային ժողովի պատվո մեդալի» և «ՀՀ Ազգային ժողովի նախագահի հուշամեդալի» գնումներ:

Դրանց շրջանակում մեկ անձից գնում իրականացնելու գործընթացով, մրցույթների անցկացման ընթացակարգերի խախտումներով, ԱԺ աշխատակազմի համապատասխան պաշտոնատար անձանց և ՍՊ ընկերությունից, վերջինիս փաստացի ղեկավար անձի մտերիմ, անհատ ձեռնարկատեր Ս.Ե.-ից, նախնական պայմանավորվածությամբ, ձեռք են բերվել ՀՀ ԱԺ նախագահի հրամաններին և մատակարարված ապրանքների տեխնիկական բնութագրերին չհամապատասխանող, նախատեսված գնից շուրջ 10 անգամ ցածր արժեքով մեդալներ: ԱԺ աշխատակազմի համապատասխան պաշտոնատար անձինք «Գնումների գործընթացի կազմակերպման» կարգի պահանջի խախտմամբ ընդունել են նախապես հաստատված տեխնիկական բնութագրերին չհամապատասխանող ապրանքներ:

Մասնավորապես՝ ըստ ապրանքների գնման հայտի` պատվո մեդալը և հուշամեդալը պետք է պատրաստված լինեն արծաթյա մետաղից` պատված ոսկյա շերտով, իսկ մեկ միավորի կատարման համար նախատեսված առավելագույն գինը պետք է կազմեր 38.000-40.000 դրամ:

Մինչդեռ նախաքննության ընթացքում ՀՀ ԱԺ աշխատակազմից առգրավված բոլոր առկա մեդալների ու հուշամեդալների վերաբերյալ նշանակված համալիր դատանյութագիտական և դատաապրանքագիտական փորձաքննության եզրակացության՝ ՀՀ ԱԺ պատվո մեդալներից յուրաքանչյուրի շուկայական արժեքը կազմել է 3700-ից մինչև 4000, իսկ ՀՀ ԱԺ նախագահի հուշամեդալներից յուրաքանչյուրի արժեքը՝ 4000-ից մինչև 4200 ՀՀ դրամ, բոլորը պատրաստված են պղինձ-ցինկ համաձուլվածքից, երեսպատված ոսկու պարունակությամբ արտաքին շերտով:

Քրեական վարույթի շրջանակներում իրականացված հուշամեդալների հետ կապված գործարքների ուսումնասիրությամբ պարզվել է, որ նշված ժամանակահատվածում կատարվել է ընդհանուր թվով 32 գործարք՝ 30մլն ՀՀ դրամ արժողությամբ, որի մեծ մասը վերոնշյալ ՍՊ ընկերության և Ա/Ձ-ի հետ:

ՀՀ ԱԺ-ի կարիքների համար նշված սխեմայով 278 հատ ՀՀ Ազգային ժողովի նախագահի հուշամեդալ և 75 հատ ՀՀ Ազգային ժողովի պատվո մեդալ ձեռք բերելու գործընթացում վատնման եղանակով առանձնապես խոշոր չափերով մոտ 9.5մլն ՀՀ դրամ գումար հափշտակելու համար ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով մեղադրանք է առաջադրվել ՀՀ ԱԺ աշխատակազմի գործերի կառավարչության նյութատեխնիկական ապահովման բաժնի վարիչ Ք. Խ.-ին, ինչպես նաև նրան օժանդակելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ նշված ՍՊ ընկերության գործունեությունը փաստացի ղեկավարող Գ. Գ.-ին: Վերջինիս կողմից վերականգնվել է պատճառված վերոնշյալ վնասը:

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի որոշմամբ երկու մեղադրյալների նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը՝ միաժամանակ երկուսի դեպքում էլ նույն որոշումներով բավարարվել են մեղադրյալների պաշտպանների` կալանավորումը գրավով փոխարինելու մասին միջնորդությունները:

Դատարանի նշված որոշումների դեմ՝ մեղադրյալների նկատմամբ գրավի կիրառումը թույլատրելի ճանաչելու մասով, դատավարական հսկողություն իրականացնող դատախազի կողմից տարվել են վերաքննիչ բողոքներ, որոնք ՀՀ վերաքննիչ դատարանի որոշումներով մերժվել են:

ՀՀ ԱԺ աշխատակազմի գործերի կառավարչության նյութատեխնիկական ապահովման բաժնի վարիչի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ 2019թ. դեկտեմբերի 23-ին ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի կողմից արդեն իսկ ներկայացվել է վճռաբեկ բողոք, իսկ նշված ՍՊԸ փաստացի ղեկավարի մասով ՀՀ վերաքննիչ դատարանի որոշման դեմ տարվելիք վճռաբեկ բողոքը ներկայումս պատրաստման փուլում է:

Բացի վերոնշյալը, ձեռք են բերվել փաստական տվյալներ ՀՀ ԱԺ աշխատակազմում նշված ժամանակահատվածում նաև առերևույթ այլ կոռուպցիոն չարաշահումների կատարման վերաբերյալ:

Նախաքննությունը շարունակվում է: Կատարվում են անհրաժեշտ քննչական և դատավարական գործողություններ` նշված արարքներին առնչված բոլոր անձանց ինքնությունը պարզելու և վերջիններիս քրեական պատասխանատվության ենթարկելու համար:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: