Քաղաքացուն պետք է դարձնել ուղիղ շահառու և ոչ տեսուչի կարգավիճակ տալ
Բաբկեն Պիպոյան,Ֆբ գրառում
Միշտ էլ ողջունել եմ քաղաքացիների տարաբնույթ գործընթացներում մասնակցայության հարցը, բայց այլ խնդիր է, որ մասնակցայնությունը ցանկալի է ապահովել որպես իրական շահառուի: Վեհ է իհարկե գաղափարը` հանուն պետական բյուջեի, որ ծառայել է նույն քաղաքացուն: Բայց ստացվում է, որ պահանջատեր քաղաքացին պահանջում է բոլորի` այդ թվում «բազմոցին պարկած» և լավ ապրելու ուղղությամբ ոչինչ չանողի համար:
Քաղաքացուն պետք է դարձնել ուղիղ շահառու և ոչ տեսուչի կարգավիճակ տալ:
Լիազոր մարմնի կազմում կան տեսուչներ, որոնք պետությունից վարձատրվում են տեսչական աշխատանք կատարելու համար: Եվ ազնիվ էլ չէ, որ քաղաքացին անվճար կատարի մի աշխատանք, որի համար ուրիշը վարձատրվում է:
Ուղիղ և անմիջական շահառու կարելի է դարձնել այլ մեխանիզմով:
Նախնական գնահատում կատարել, թե քանի տոկոս կկրճատվի ստվերը, եթե բոլոր քաղաքացիները պահանջեն և ստանան ցանկալի ՀԴՄ-ները և ավելացող մուտքերի հաշվարկի տոկոսով սահմանել գումարի անմիջական վերադարձ:
Քաղաքացիների համար լայն իրազեկման արշավներ կազմակերպել, բացատրել, որ եթե իրեն ՀԴՄ չտվեցին, ապա իրենից փող վերցրին, որովհետև ինքն այս ՀԴՄ-ն կտաներ տուն, ամսվա վերջում կներկայացներ ու իր կուտակած գումարից տոկոս կունենար:
Մարդիկ կուտակային քարտերի վրա 1 տոկոս կուտակելու համար` ճանապարհը փոխում, գնում են սուպերմարկետ, որտեղ կարողանում են կուտակել:
Քաղաքացին չի կարող լինել անտարբեր, երբ իմանա, որ չտրամադրված ՀԴՄ-ն «գողություն» է իր գրպանից:
Կպահանջի ու կստանա իր ՀԴՄ-ն` տուգանքի ու նկարահանելու կարիք էլ չի լինի: