Հայերեն   English   Русский  

Համազգային թատրոնի համար Նոր տարին սկսվում է միջազգային փառատոնային ակտիվությամբ


  
դիտումներ: 1662

Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնի համար 2019 թվականը եղել է բավական բեղմնավոր:

Ունեցել են յոթ առաջնախաղ մեծ բեմում և 8 թատերականացված ընթերցանություն փոքր բեմում:

«Ցանկացած թատրոնում 7 պրեմիերան աննախադեպ է: Մենք ոչ միայն քանակի վրա ենք շեշտը դրել, նաև որակի: Ոմանք կարծում են, որ եթե այդ քանակի ներկայացումներ ենք բեմադրել, հաստատ որակը տուժել է:

Բայց այդպիսի բան չկա, այս մեկ տարվա մեր բոլոր ներկայացումները մեկը մյուսից հետաքրքիր ու յուրատեսակ են»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց Ա.Նավասարդյանը:

Հանդիսատեսի դատին թատրոնի հանձնած վերջին ներկայացումը Գի Դը Մոպասանի «Ճարպագունդը» ստեղծագործության հիման վրա բեմադրված «Փափլիկը» ներկայացումն էր: Այն մեկ անգամ ներկայացվել է 2019 թվականի դեկտեմբերի 25-ին: Հունվարի 13-ին և 14-ին հենց այս ներկայացմամբ էլ թատրոնը կսկսի 2020 թվականը:

Թատրոնի գեղարվեստական ղեկավար Նարինե Գրիգորյանը նշեց, որ նախորդ տարի իրենց առաջ խնդիր է դրված եղել թարմացնել խաղացանկը:

«Այս տարին կարծում եմ, որ մի քիչ էլ վայելքի տարի պետք է լինի: Մտածում ենք ավելի քիչ պրեմիերաներ անել, և մի քիչ վայելել մեր ստեղծածը»,-ասաց Նարինե Գրիգորյանը: Դա, իհարկե, չի նշանակում, որ թատրոնն այս տարի նոր ներկայացում չի ունենալու:

Նարինե Գրիգորյանը նշեց, որ 2019 թվականին հայկականին զուգահեռ բեմադրել են նաև ֆրանսիական պիեսներ, այս տարի թատրոնի բեմում ամերիկյան պիեսներ են լինելու:

Ն. Գրիգորյանը տեղեկացրեց, որ տարվա ընթացքում մասնակցելու են տարբեր փառատոների, առաջինը՝ փետրվարին Կիպրոսում, այնուհետև Բելառուս, Պետերբուրգ:

«Կարծում եմ՝ փառատոնը փառատոն կբերի: Մենք կարևորում ենք, որ մեր թատրոնը լինի աշխարհի թատրոններից մեկը: Իհարկե, հայ հանդիսատեսը մեզ համար կարևոր է, սակայն աշխարհի հետ միշտ պետք է կապն ազատ լինի՝ մենք տեսնենք իրենց թատրոնը, իրենք մերը: Փառատոները դրա լավագույն հնարավորությունն են»,- ասաց թատրոնի գեղարվեստական ղեկավարը:

Նա նշեց, որ այս տարի փառատոներում ներկայացնելու են նաև «Լոռեցի Սաքոն», որի մեջ կան հայկական ժողովրդական երգեր, Կոմիտաս, հայոց լեզու, Թումանյան՝ ու «այդ ամենը մեր ժողովրդական գույներով ու շատ փառաոնային»:

Նարինե Գրիգորյանն ասաց, որ հաճախ դրսում պարտադրում են, որ ներկայացումը խաղալ ռուսերեն, բայց ինքն անպայման ներառում է հայերեն խոսքը. «Հանդիսատեսն էլ է ուզում լսել հայերեն խոսք: Շնորհակալություն են հայտնում հայերենի համար, միշտ հիացած են լինում մեր լեզվով: Գերմանիայում խաղում էի Արցախի պատերազմի մասին «Իմ ընտանիքը իմ ճամպրուկում է» ներկայացումը: Ցավալի է, բայց բացարձակ չգիտեին այդ պատերազմի մասին»:

Նա տեղեկացրեց, որ այս տարի լինելու է ամերիկյան պիեսների թատերականացված ներկայացումները (2019-ին ֆրանսիական պիեսներ էին), իսկ մեծ բեմի համար սկսել են Վուդի Ալենի «Ճախրող լամպի» փորձերը, բեմադրում է ուսանող, իսկ Նիկոլ Ծատուրյանը բեմադրելու է Ուիլյամ Գիբսոնի «Հրաշագործը» աշխատանքը, անպայման կլինի մանկական ծրագիր կլինի:

Տարվա ընթացքում թատրոնը բազմիցս եղել է հյուրախաղերի, մասնակցել մի շարք փառատոնների: Առաջիկայում ևս այդ ուղղությամբ ակտիվ գործունեությունը շարունակվելու է:

Մեկնարկը տալու են փետրվարին, երբ Կիպրոսում մասնակցելու են թատերական փառատոնի: Հետագայում լինելու են Բելառուսում, Սանկտ Պետերբուրգում: Համազգային թատրոնի քաղաքականությունն է ակտիվ, բաց ու ազատ կապեր աշխարհի թատրոնների հետ: Նոր տարին սկսում են միջազգային փառատոնային ակտիվությամբ:

Ուրախալի է նաև, որ տարեվերջին վերջապես նաև նոր շենք կունենան:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: