Հայերեն   English   Русский  

Թումանյան 25-ի բոլոր շահագրգիռ կողմերն այսօր Հանրային խորհրդում էին. քննարկումը բուռն էր


  
դիտումներ: 1687

Այսօր Հանրային խորհրդում քննարկվում էր Թումանյան 25 հասցեի հարցը՝ հյուրանոցային համալիր կառուցելու նպատակով տվյալ հասցեի գույքը բացառիկ գերակա շահ ճանաչելու մասին "Ռենշին" ՍՊԸ-ի դիմումը, Երևանի քաղաքապետարանի կողմից այդ ուղղությամբ իրականացվող աշխատանքներն ու բնակիչներին հուզող խնդիրները:

Քննարկմանը մասնակցում էին շահագրգիռ բոլոր կողմերը՝ Թումանյան 25-ի բնակիչները, Երևանի քաղաքապետարանի, ՀՀ քաղաքաշինության նախարարության ներկայացուցիչները, ինչպես նաև «Ռենշին» ընկերության հիմնադիր տնօրենն ու նրա օգնականը:

Թումանյան 25

Շենքի բնակիչ Դավիթ Եղիազարյանը ներկաներին հիշեցրեց, որ մոտ 2 ամիս առաջ Երևանի քաղաքապետարանից իրենք պաշտոնապես ծանուցում են ստացել, որ իրենց շենքը գտնվում է անմխիթար վիճակում, համահունչ չէ շրջակա ճարտարապետական միջավայրին, և առավել նպատակահարմար է այն քանդելն ու տեղը հյուրանոց կառուցելը։ «Դա, բնականաբար, խուճապ առաջացրեց մեր մոտ, քանի որ մենք չենք ուզում լքել մեր հարազատ բնակավայրը»,-ասաց նա:

Երևանի քաղաքապետարանի քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման ծրագրերի բաժնի պետ Արբակ Վարդանյանը, ներկայացնելով Երևանի քաղաքապետարանի տեսակետը, նշեց, որ նշված հասցեի շենքը բացառիկ գերակա շահ ճանաչելու նպատակը պայմանավորված է քաղաքաշինական խնդիրների կարգավորմամբ. «Սկսած Տերյան փողոցից

Թումանյան 25

մինչև Մաշտոցի փողոցն ընկած հատվածը Հյուսիսային պողոտայի կառուցման ավարտից հետո ձեռք բերեց իր ուրույն տեսքը՝ շենքերը ստացան միասնական հարկայնություն և մասշտաբայնություն, և այդ հատվածում միայն Թումանյան 25 հասցեի շենքն է, որ չի ձուլվում տվյալ միջավայրին, ուստի քաղաքաշինական խնդիրը կարգավորելու նպատակով նախատեսվում է տվյալ տարածքում այդ շենքի փոխարեն կառուցել միջին հարկայնությամբ հյուրանոցային համալիր, ինչը կխթանի մայրաքաղաքում հյուրանոցային տնտեսության ավելացմանը և տուրիզմի զարգացմանը»:

Նշենք, որ «Ռենշին» ընկերությունը տվյալ հասցեի մոտ 40 տոկոսի սեփականատերն է: Երկհարկանի շենքի ողջ առաջին հարկը՝ մոտ 360 քմ, պատկանում է այդ ընկերությանը, որը տարածքը ձեռք է բերել վերջերս: Երկրորդ հարկում ապրող 7-8 ընտանիքներն այդ հասցեում ապրում են տասնամյակներ շարունակ` արդեն չորրորդ սերունդը:

Հանրային խորհրդի տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հարցերի հանձնաժողովի անդամ Կարինե Խորասանյանը քաղաքապետարանի ներկայացուցչին հարց ուղղեց. «Ինչո՞ւ եք աղճատում քաղաքի դիմագիծը, խեղաթյուրում պատմությունը: Ի՞նչ գիտեք դուք Երևանի մասին, որ տուրիզմ եք զարգացնում»:

Հանրային խորհրդի անդամ Կարինե Դանիելյանն էլ ավելացրեց. «Ժամանակին կառավարության որոշում կար, որ Հյուսիսային պողոտայի շենքերը չպետք է օպերայի շենքից բարձր լինեն: Սակայն հսկա մոնստրներն անիմաստ շարվեցին քաղաքի կենտրոնում, ստեղծվեց ասֆալտբետոնային անապատ, ու հիմա մենք դա վերցնում ենք հիմք ու եղած պատմական շենքը վերացնում՝ որպես գերակա շահ: Այդ տրամաբանությունը ձեզ համար ընդունելի՞ է»:

Թումանյան 25

Բնապահպան Կարինե Դանիելյանն այս հարցը գերակա շահ անվանելը անհեթեթություն կոչեց՝ հույս հայտնելով, որ կառավարությունը նման որոշում չի կայացնի. «Որովհետև հասարակության մոտ կարծիք է ձևավորվում, որ որևէ օլիգարխի շահ հանրային գերակա շահ է կարող է դառնալ»:

Նա վստահ է, որ այս շենքը քանդելու որոշման դեպքում էլ քաղաքացիական հասարակությունը ոտքի կկանգնի ու ակտիվ պայքար կտանի. «Որ սկանդալ լինելու է, կարող եք չկասկածել»,-զգուշացրեց բնապահպանը:

Ճարտարապետ Սաշուր Քալաշյանն էլ կարծիք հայտնեց, որ այստեղ հանրային գերակա շահի հարց անգամ չկա. «Ես էստեղ տեսնում եմ ընդամենը մեկ սեփականատիրոջ՝ «Ռենշինի» գերակա շահը, այստեղ պետության շահ գոյություն չունի: Այս դեպքում սեփականատերը պետք է իր նպատակները համաձայնեցնի մյուս սեփականատերերի հետ»:

Հանրային խորհրդի քաղաքաշինության հարցերի ենթահանձնաժողովի նախագահ Գրիգոր Ազիզյանի կարծիքով՝ հարցը պետք է անպայման լուծվի՝ հաշվի առնելով բնակիչների շահերը. «Եթե գտնում են, որ այդտեղ պետք է կառուցվի հյուրանոց, առաջին հերթին պետք է համաձայնության գան տվյալ հասցեի բնակիչների հետ, որից հետո պետք է ներկայացնի հյուրանոցի նախագիծը, որ մենք տեսնենք ՝արդյոք այդտեղ նման հյուրանոց պետք է կառուցվի, թե ոչ»::

Հանրային խորհրդի անդամ Արմեն Տեր-Տաճատյանն էլ նկատեց, որ նման խնդիրներից խուսափելու լավագույն միջոցը կլիներ այն, որ «Ռենշին» ընկերությունը մինչև քաղաքապետարան դիմելը իր նպատակները դներ հանրային քննարկման, և միգուցե իսկապես հանրությունը՝ այդ թվում և բնակիչները, ընդունեին, որ տվյալ հասցեում առավել նպատակահարմար կլինի հյուրանոցի կառուցումը:

Հանրային խորհրդի անդամ Հովհաննես Հովհաննիսյանը նշեց, որ հարցը պետք է լուծվի երկուստեք ընդունելի իրավիճակով. «Գերակա շահ կլիներ, եթե դրանից կախված լիներ երկրի ազգային անվտանգությունը, քաղաքի կենսունակությունը և այլն: Այո, գեղեցիկ քաղաք ունենալը լավ բան է, սակայն պաշտպանված քաղաքացի ունենալն ավելի գերակա շահ է»,-ասաց նա:

Ի վերջո խոսեց «Ռենշին» ընկերության հիմնադիր տնօրեն Էդուարդ Մարությանը՝ նշելով, որ իրենք ներկայացրել են 5-6 հարկանի հյուրանոցի նախագիծ: Ինչ վերաբերում է բնակիչներին, ապա նա ասաց, որ մոտ տասը օրից իրենք վերջիններիս կներկայացնեն հստակ առաջարկներ. «Գուցե համաձայնեն, գուցե ոչ, չենք կարող ասել: Բայց մենք որևէ վատ բան չենք փորձում անել քաղաքի համար»:

Շենքի բնակիչներից մեկը նկատեց, որ իրենք չեն ուզում քննարկել փոխհատուցման հարց, քանի որ իրենք նախևառաջ չեն զանկանում հեռանալ իրենց ծննդավայրից, որտեղ իրենց ծնողներն ու պապերն են ապրել. «Մենք ուզում ենք մեզ պատկանող գույքը պահպանել ու շարունակել տնօրինել: Ինչ վերաբերում է փոխհատուցմանը, ապա խիստ կասկածում ենք, որ փոխհատուցումը համարժեք կլինի»:

Բնակիչ Դավիթ Եղիազարյանն էլ ավելացրեց. «Ճարտարապետ Քալաշյանը մի լավ առաջարկ արեց. եթե իսկապես խնդիր կա շենքը համահունչ դարձնելու, գուցե մի հարկ էլ բարձրացնենք մենք՝ բնակիչներս: Ես երկու ձեռքով կողմ եմ»:

Ամփոփելով քննարկումը՝ Հանրային խորհրդի անդամ Վազգեն Սաֆարյանը հայտնեց, որ Հանրային խորհուրդը կշարունակի քննարկման հարթակ ծառայել կողմերի միջև, մինչև գտնվեն բոլորի համար ընդունելի լուծումներ:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: