Հայերեն   English   Русский  

Եթե մեր հարցին լուծում չտաք, օդանավակայանն էլ ենք փակելու. Արարատում ժամանակավորապես դադարեցվեց բողոքի ակցիան


  
դիտումներ: 511

Այսօր՝ հունվարի 21-ին, Արարատի մարզի Խոր Վիրապ համայնքի մոտ անասնապահներն ու մսավաճառները փակել էին մայրուղին: Նրանք և Հանրապետության մյուս մարզերի անասնապահները բողոքում են անասունների մորթը սպանդանոցներում կազմակերպելու դեմ:

Ցուցարարներին հանդիպելու էր եկել Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը:

«Ես 100 մլն դրամի ներդրում ունեմ, կարող եմ ֆերմաս ցույց տալ, վարկեր ունեմ վերցրած, հիմա բանկը սպասելո՞ւ է ինձ, «Սեւ ցուցակ» չի՞ գցելու, եթե ժամանակին չկարողանամ վճարել»,-ասաց ակցիայի մասնակիցներից մեկը:

Արարատի մարզպետն էլ արձագանքեց. «Մի ասեք, բանի տեղ չեն դնում: Բոլորս էլ իրար ճանաչում ենք, մի մարզի ժողովուրդ ենք, եկեք քննարկենք հարցը, խոսքներս մեկ անենք, ձեզ էլ հստակ բան ասենք: հարցը ունի երկու կողմ. որ մենք մորթը պետք է ցիվիլ ձեւով կազմակերպենք, մեկ էլ, որ ժողովրդի կողմից դժգոհություններ կան: Մենք պետք է գնանք այդ ճանախպարհով»:

Սրան առարկեցին ցուցարարները. «Ժողովուրդը ցիվիլ ձեւին համաձայն չի: Գյուղացիներից ոչ մեկը չի ուզում սպանդանոց բացվի: Եթե ուզում են մաքուր լինի մորթը, թող առաջին հերթին Պարսկաստանից նեխած միս չբերեն, 1000 դրաով ծախեն ժողովրդի վրա: Սպանդանոց չպետք է լինի, վերջ»:

Ցուցարարներից մեկը նշեց, որ մի մեքենայի մեջ 10 անասուն են բարձում, ճանապարհին ցուլերը իրար են կպցում, տեղը կապտում է, էնտեղ խփում են՝ 3-րդ կարգի միս» «Եկեք իմ ֆերման տեսեք, Երեւանի կենտրոնից կարող է մաքուր լինի»:

Գարիկ Սարգսյանը նշեց, որ կոնկրետ մի քանի խնդիր կարող է լինել թե տեղափոխման մասով, թե մորթի, թե անասունի վնասվելու:

«Այդ բոլորը ձեւակերպված ներկայացվե՞լ է կառավարությանը: Վարչապետի խորհրդականի հետ շուրջ երկու ժամ այս թեման քննարկել ենք երեկ: Մի շարք հարցեր կան, որ բարձրաձայնվել են, հիմա այդ հարցերի պատասխանները ստանալու համար ժամանակ է պետք: ԱԺ-ում էլ այսօր ժամը 16-ին քննարկում է լինելու սպանդանոցների հարցի առնչությամբ: Առաջարկում ենք ժաը 18.30-ին, այդ քննարկումներից հետո հանդիպել մարզպետարանի դահլիճում, քննարկենք իրավիճակը:

Ես կներկայացնեմ, որ այստեղ սաբոտաժ չի, զոռբայություն չի, հալալ քրտինքով ապրող մարդիկ են, որոնց մեծ մասին ճանաչում ենք: Ժամը 6-ին ձեզ բոլորիդ սպասում ենք մարզպետարանի դահլիճում, ինչքան բողոքավոր կա, հավաքեք, եկեք»,-ասաց մարզպետը:

Գյուղացիները համաձայնեցին սպասել մինչեւ ժամը 18.30 եւ բացեցին ճանապարհը, սակայն նաեւ նշեցին. «Եթե մեր հարցին լուծում չտաք, օդանավակայանն էլ ենք փակելու, սաղ ենք փակելու»:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: