Հայերեն   English   Русский  

Հեռախոսային խոսակցությունները կգաղտնալսի նաև ոստիկանությունը. ԱԺ-ն ամբողջությամբ ընդունեց օրենքը


  
դիտումներ: 569

Այսօր՝ հունվարի 21-ին,

ՀՀ Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» օրենքում փոփոխությունների օրենքի նախագիծը, որով առաջարկվում է հեռախոսային խոսակցությունները գաղտնալսելու հնարավորություն ընձեռել նաև ՀՀ ոստիկանությանը:

Օրենքի նախագիծը հեղինակել են «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Արմեն Խաչատրյանն ու Սիփան Փաշինյանը:

Հիմնական զեկուցող Արմեն Խաչատրյանի տեղեկացմամբ՝ գործող օրենքով «հեռախոսային խոսակցությունների վերահսկում» օպերատիվ հետախուզական միջոցառման անցկացումն ապահովում է միայն ՀՀ ազգային անվտանգության հանրապետական մարմնի համակարգում գործող օպերատիվ-տեխնիկական գլխավոր վարչությունը` այդ օպերատիվ հետախուզական միջոցառումն իրականացնելու իրավասություն ունեցող մարմինների միջնորդության հիման վրա՝ սույն օրենքով սահմանված կարգով: ՀՀ ԱԺ պատգամավորի խոսքով՝ նախագծով առաջարկվում է ոստիկանության կողմից ՀԽՎ-ի ինքնուրույն իրականացումը սեփական օպերատիվ տեխնիկականենթակառուցվածքներով, որոնց զարգացման ուղղությամբ պետք է ներկայացվի միջոցառումների ծրագիր: Ըստ նրա՝ կխնայվի նաև ԱԱԾ-ին միջնորդությամբ դիմելու և տեխնիկական աջակցություն ստանալու ու կազմակերպչական հարցերի լուծման համար ծախսվող ժամանակը:

Կառավարությունը նախագծին տվել էր բացասական եզրակացություն:ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սրբուհի Գալյանը նշել է, որ նախագծի ընդունումը ենթադրում է խոշոր ֆինանսական ծախսեր՝ ՀԽՎ օպերատիվ-հետախուզական միջոցառումն իրականացնելու համար անհրաժեշտ տեխնիկական միջոցներով ՀՀ ոստիկանությանն ապահովելու համար: Նա նաև տեղեկացրել է, որ ներկայումս իրականացվում են ՀՀ քրեական դատավարության նոր օրենսգրքի նախագծի լրամշակման աշխատանքներ, որի ընդունումը ենթադրում է նաև համակարգային փոփոխություններ քրեադատավարական ոլորտում. կլրամշակվի նաև «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» ՀՀ օրենքը:

Օրենքի նախագիծն ընդունվեց 97 կողմ, 20 դեմ և 1 ձեռնպահ ձայներով:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: