Հայերեն   English   Русский  

Լարված իրավիճակ խորհրդարանում. քաշքշուկ սկսվեց ԲՀԿ պատգամավորների ու Արման Բաբաջանյանի միջև


  
դիտումներ: 629

Այսօր՝ հունվարի 21-ին, ԱԺ նիստի ժամանակ խորհրդարանում իրավիճակը մի պահ լարվեց:

Արման Բաբաջանյանն անդրադարձավ ԲՀԿ-ական Գևորգ Պետրոսյանի ելույթին, ով դահլիճում ներկա Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանին ասել էր, որ քրեական հեղինակություններից բացի լավ կլինի պայքարել նաև այլ մարդկանց դեմ. «Երեք տառով բառ կա, նաև դրանց դեմ պետք է պայքարել»,-ասել էր Պետրոսյանը:

Արման Բաբաջանյանն իր ելույթի սկզբում նշեց, որ ԲՀԿ-ի անունից՝ ինչ-որ մեկն այստեղ պետք է ներողություն խնդրի այդ խայտառակ պահվածքի համար:

«ԱԺ նախագահին կոչ եմ անում, որպեսզի անպայման արձագանքի այս անթույլատրելի պահվածքին»:

Նրա խոսքի ժամանակ հնչեցին ծափահարություններ, իսկ տեղից ԲՀԿ-ական պատգամավորներից մեկն ինչ-որ բան ասաց, ինչին Բաբաջանյանն արձագանքեց. «Լռեք, երբ ես խոսում եմ: Երկչոտ ու վախվորած ոստիկանությունով չենք կարող պայքարել քրեական աշխարհի ու հանցավորության դեմ: Նախ ոստիկանությանը պետք է անհրաժեշտ գործիքները տալ, որ կարողանանք արմատախիլ անել այսպիսի կեցվածքն ու անպատասխանատու դիրքորոշումը մեզանում»:

Այս ելույթից հետո Արման Բաբաջանյանը զբաղեցրեց իր տեղը, ինչից հետո ԲՀԿ-ական պատգամավոր Արթուր Դալլաքյանը գնաց դեպի Արման Բաբաջանյանը, ով ոչ մի կերպ չարձագանքեց քաշքշոցին:

«Իմքայլական» պատգամավորներն ու ԲՀԿ-ականները Դալլաքյանին չթույլատրեցին մոտենալ Բաբաջանյանին:

Արձագանքելով միջադեպին՝ Արարատ Միրզոյանն ամբիոնից ասաց. «Պատգամավորները հերթագրվում ու ամբիոնից խոսում են և չեն կարող հետապնդվել իրենց ելույթների համար, ով չի գիտակցում այս նորմերը, թող հրաժարվի մանդատից և «հայաթի բիսեդկում լռվի»։





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: