Բանկ և բանկային գործունեություն
Ի վերջո, ի՞նչ է բանկը: Ընդհանուր առմամբ, բանկը շահույթ ստանալու նպատակ հետապնդող իրավաբանական անձ է: Որպես հատուկ գործունեություն իրականացնող իրավաբանական անձ` այն պետք է ունենա համապատասխան լիցենզիա, որը տրվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից: Լիցենզիայի տրամադրման գործընթացը բաժանվում է 3 փուլի`
1. լիցենզիա ստանալու նախնական հավանությունը.
2.բանկի կամ օտարերկրյա բանկի մասնաճյուղի գրանցումը.
3.լիցենզիա տալը:
Բանկի կողմից իրականացվող առևտրային գործունեությունը համարվում է բանկային գործունեություն:
Իսկ ի՞նչ է ենթադրում բանկային գործունեությունը: Բանկային գործունեություն է համարվում ավանդներ ընդունելը կամ ավանդներ ընդունելու առաջարկությամբ հանդես գալը և ավանդն ընդունողի անունից և ռիսկով դրանք տեղաբաշխելը վարկեր, ավանդներ, դեպոզիտներ տրամադրելու կամ ներդրումներ կատարելու միջոցով:
Ներկայացնենք որոշ գործառույթներ, որոնց իրականացման իրավասությամբ օժտված են բանկերը.
ընդունել ցպահանջ և ժամկետային ավանդներ.
տրամադրել առևտրային և սպառողական վարկեր, այդ թվում` հիփոթեքային վարկեր, իրականացնել պարտքի կամ առևտրային գործարքների ֆինանսավորում, ֆակտորինգ.
տրամադրել բանկային երաշխիքներ և ակրեդիտիվներ (վարկային նամակներ).
բացել և վարել հաշիվներ, այդ թվում` այլ բանկերի թղթակցային հաշիվներ.
մատուցել այլ վճարահաշվարկային ծառայություններ և (կամ) այլ կերպ սպասարկել հաճախորդների հաշիվները.
թողարկել, գնել (զեղչել), վաճառել և սպասարկել արժեթղթեր, կատարել նման այլ գործառնություններ.
գնել, վաճառել և կառավարել բանկային ոսկի և ստանդարտացված ձուլակտորներ ու հուշադրամ.
իրականացնել ֆինանսական վարձակալություն (լիզինգ).
ի պահ ընդունել թանկարժեք մետաղներ, քարտեր, ոսկերչական իրեր, արժեթղթեր, փաստաթղթեր և այլ արժեքներ
և մի շարք այլ գործառույթներ:
Իսկ բանկային համակարգը ներառում է ՀՀ կենտրոնական բանկը, Հայաստանի տարածքում գործող բանկերը, նրանց մասնաճյուղերը, ներկայացուցչությունները, գործառնական գրասենյակները (կետերը), ինչպես նաև օտարերկրյա բանկերի ՀՀ տարածքում գործող մասնաճյուղերն ու ներկայացուցչությունները: