Հայերեն   English   Русский  

«Շողակն» ժողովրդական համույթի բացառիկ համերգը` մայիսի 22-ին Երևանում


  
դիտումներ: 250911

Աշխարհահռչակ «Շողակն» համույթը մենահամերգով հանդես կգա Երևանում մայիսի 22-ին:

«Շողակն» համույթի երգն ու երաժշտությունն ավանդական է, մաքուր, հարուստ, բազմագույն եւ զգացմունքային: «Շողակն» համույթն այսօր աշխարհին է ներկայացնում Պատմական Հայաստանի տարբեր շրջանների հայ ավանդական երգն ու երաժշտությունը՝ իր առաքելությունը համարելով ժողովրդական արվեստի հանդեպ կոմիտասյան ավանդույթների պահպանման եւ սերունդներին փոխանցելու կարեւորագույն գործը:

«Շողակն» համույթը հիմնադրվել է 1995թ., Երեւանում: Համույթը կատարում է հայ ավանդական երաժշտություն՝ ներկայացնելով ժողովրդական երգը եւ նվագարանները` դուդուկ, զուռնա, դհոլ, քանոն, քամանչա, շվի, բլուլ, ուդ եւ դափ:

Շողակն համույթի երաժիշտներն են ՀՀ ժողովրդական արտիստներ` Գեւորգ Դաբաղյանը /դուդուկ, զուռնա/, Հասմիկ Հարությունյանը /վոկալ, ուդ/, Կարինե Հովհաննիսյանը /քանոն/, Լեւոն Թեւանյանը /շվի, թավ շվի, բլուլ/, Վարդան Բաղդասարյանը /քամանչա/, ինչպես նաև Ալեքսան Հարությունյանը /վոկալ, դափ/, Կամո Խաչատրյանը /դհոլ/ և Գրիգոր Թաքուշյանը /դուդուկ դամ/:

2000թ.-ից « Շողակն» համույթն ակտիվ շրջագայում է համերգներով, հանդես գալով աշխարհի ամենահեղինակավոր դահլիճներում եւ փառատոններում, ինչպիսիք են “Սմիթսոնյան Մետաքսի ճանապարհ” /ԱՄՆ/, “Ռուդոլշտադտ” /Գերմանիա/, “Theatre de la Ville” /Փարիզ/: 2004 եւ 2008 թթ. “Շողակնը” համերգային շրջագայություն է ունեցել ԱՄՆ-ում, մենահամերգներով հանդես է եկել “Carnegie Hall”, “Kimmel Center” դահլիճներում: Անսամբլի երաժիշտների բարձրարվեստ եւ ինքնատիպ կատարումներն ընդգրկվել են Ատոմ Էգոյանի «Արարատ» ֆիլմում: 2014թ. «Շողակն» համույթը նաև համերգներ է ունեցել Շվեյցարիայում եւ Պորտուգալիայում՝ Լիսաբոնի Գյուլբենկյան կենտրոնում:

«Շողակն» համույթը եւ մենակատարները ամերիկյան “Traditional Crossroads” եւ շվեյցարական “Face Music” ընկերությունների հետ համատեղ թողարկել են բազմաթիվ ձայներիզներ, որոնք իրենց տեսակի մեջ լավագույններից են, արժանացել են միջազգային եւ հայաստանյան հեղինակավոր մրցանակների եւ աշխարհում մեծ ճանաչում ունեն:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: