Երբ մեկ կալանավորը 3-4 թոշակառուից ավելի թանկ է
Ինչպես կառավարությունում ապրիլի 30-ին` Հայաստանում պրոբացիոն ծառայություն ներդնելու հայեցակարգի քննարկման ժամանակ, ներկայացրեց ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը, 2013 թ. ցուցանիշներով 1 անձի ՔԿՀ-ում պահելու համար պետբյուջեով նախատեսված է տարեկան 1 մլն 786.1 հազար դրամ կամ օրական 4893 դրամ: Ստացվում է, որ մեկ անձի ՔԿՀ-ում պահելու համար պետությունը 30 օրում` 1 ամսում, պետք է ծախսի 146 հազար 790 դրամ (նախատեսված պետբյուջեով): Այսինքն` վերը նշված ծանոթիս պես 8-9 հոգի պետք է քրտնաջան հանրօգուտ աշխատանք կատարի ու իր եկամուտներից պետբյուջե վճարումներ անի, որ մեր պետությունը կարողանա 1 կալանավոր պահել:
Հարցին նայենք փոքր-ինչ ավելի լայն տեսանկյունից: Հայաստանում յուրաքանչյուր երրորդ մարդը պաշտոնապես համարվում է աղքատ, ասել է թե` 21 հազար դրամից քիչ ամսական եկամուտ ունի: Դա նշանակում է, որ մեկ կալանավոր պահելու վրա ծախսվող գումարն ավելի շատ է, քան 7 աղքատի եկամուտները` միասին վերցրած: Իսկ այս աղքատների թիվը Հայաստանում հասնում է մոտ 1 միլիոնի: Բացի այդ, մեր երկրում նվազագույն աշխատավարձ է համարվում 50 հազար դրամը: Հետևաբար, մեկ կալանավոր պահելու համար պետբյուջեից «դուրս են գրում» մոտ 3 անգամ ավելի շատ գումար:
Ըստ ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության` հատուկ կոնտինգենտի (ձերբակալվածներ, կալանավորվածներ) թվաքանակը 2013 թ կազմել է 3 923 մարդ, որոնց պահելու համար բյուջեից հոսել է 7 մլրդ դրամից ավելի գումար: Այդ գումարով կարելի էր մոտ 28 հազար հոգու դուրս բերել աղքատությունից կամ 11 հազար 500 թոշակառուի ամեն ամիս տալ 50 հազար դրամ: Այսպես կարելի է երկար թվարկել:
Արժե մտածել` արդյոք արդարացվա՞ծ են կալանավորներին պահելու համար մեր երկրի պես աղքատ պետության «ճոխ» ծախսերը:
Իհարկե, մեր այս հաշվարկներն ու հարցադրումն ամենևին չեն նշանակում, թե կալանավայրերում չպետք է մարդիկ լինեն: Ամենևին: Ուղղակի հարց է առաջանում` այդ գումարները, որ նախատեսվում են պետբյուջեով, ծառայո՞ւմ են իրենց նպատակին:
Կառավարության նիստում Պրոբացիոն ծառայության հայեցակարգը ներկայացնելիս, թվարկելով պրոբացիոն ծառայության դրական կողմերը, ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը նշեց, որ նաև ազատազրկման վայրերում գտնվող անձանց ընտանքիների վրա է բավական լուրջ սոցիալական բեռ ընկնում` տեսակցություններ, այցելություններ… Եթե որևէ մեկը, իհարկե, Աստված մի արասցե, ՔԿՀ-ում ծանոթ-բարեկամ ունի, կարող է փաստել, թե ինչպես է պետությունը պահում իր կալանավորներին: Այնպես որ` ՔԿՀ-ի հույսին հարազատին թողնելը շատ դաժան է:
Ինչևիցե: Պրոբացիոն ծառայության հայեցակարգն արժանացավ կառավարության հավանությանը: Իսկ պրոբացիան, ինչպես հայեցակարգը ներկայացնելիս ասաց արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը, նախատեսում է օրենքով սահմանված և հանցագործություն կատարած անձի նկատմամբ նշանակված պատիժների և միջոցների կատարում հասարակությունում:
«Պրոբացիայի ծառայության ստեղծումը պետության և հասարակության համար շահավետ է նաև ֆինանսական տեսանկյունից: Ներկայումս ազատությունից զրկված անձանցից ոչ մեծ կամ միջին ծանրության հանցագործություն կատարած կամ դրա կատարման մեջ մեղադրվող 879 անձանց գրեթե 2/3-ը` 586-ը, պրոբացիոն ծառայության շահառու լինելու պոտենցիալ հնարավորություն ունեն: Իսկ եթե այս թվին ավելացվի պատժից պայմանական վաղաժամկետ ազատման և պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակներով փոխարինելու ինստիտուտների կատարելագործման արդունքում ազատազրկման դատապարտված անձանց հնարավոր հոսքը դեպի պրոբացիոն ծառայություն, ապա կարելի է ասել, որ այդ անձանց թվաքանակը կարող է էապես աճել և մոտավորապես կազմել 1200-1300 մարդ: Այս պարագայում, եթե հաշվի առնենք ՔԿՀ-ում մեկ անձի պահվելու ծախսը (օրինակ` 2013 թվականի ցուցանիշները` նախատեսված պետբյուջեով, տարեկան 1 մլն 786.1 հազար դրամ կամ օրական 4893 դրամ) պրոբացիայի ծառայության վերահսկողության ներքո անձի վրա կատարվելիք ծախսի հետ (տարեկան 122 հազար 300 դրամ կամ օրական 335 դրամ), ապա տարվա ընթացքում խնայողությունը կարող է կազմել մոտ 2 մլրդ 200 մլն դրամ»,- ասաց նախարարը:
Պրոբացիան կարևոր է նաև այն առումով, որ ինչքան անձը մեկուսացված չլինի հասարակությունից, այնքան ավելի հեշտ կլուծվի նրա վերասոցիալականացման հարցը, քանի որ պրոբացիայի հիմնական խնդիրներն են` կատարել ազատությունից զրկելու հետ չկապված խափանման միջոցները և պատիժները, նպաստել քրեակատարողական հիմնարկների բեռնաթափմանը, նպաստել հանցանք կատարած անձի ուղղմանը հասարակությունում, նպաստել հանցանք գործած անձի վերասոցիալականացմանը և այլն:
Իսկ պետությունն էլ լուրջ գումարներ կտնտեսի և այդ գումարները կկարողանա ուղղել այլ ոլորտներ: