Հայերեն   English   Русский  

​Լյովա Վարդանյան. «Ֆուտբոլը բոլորս ենք սիրում, բայց Հայաստանում թիվ 1 մարզաձևն առայժմ ըմբշամարտն է»


  
դիտումներ: 2440

Ըմբշամարտը Հայաստանում հենակետային մարզաձև է, մեր երկրի ներկայացուցիչները միջազգային հեղինակավոր ստուգատեսներում անմասն չեն մնում խաղարկված պարգևներից: Եվ հետաքրքիր էր, թե Լեհաստանի Կատովիցե քաղաքում օրերս կայացած Եվրոպայի երիտասարդական առաջնությունում իրենց ինչպես կդրսևորեն հերթափոխի ներկայացուցիչները:

Եվ արդյունքը հուսադրող է` 4 մեդալ: Ստուգատեսում մերոնց մասնակցության մասին ահա թե ինչ ասաց Հայաստանի վաստակավոր մարզիչ, ըմբշամարտի միջազգային կարգի մրցավար, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության սպորտի բարձրագույն նվաճումների քաղաքականության վարչության հասարակական կազմակերպությունների հետ համագործակցության բաժնի պետ Լյովա Վարդանյանը.Ստուգատեսում մերոնց մասնակցության մասին ահա թե ինչ ասաց Հայաստանի վաստակավոր մարզիչ, ըմբշամարտի միջազգային կարգի մրցավար, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության սպորտի բարձրագույն նվաճումների քաղաքականության վարչության հասարակական կազմակերպությունների հետ համագործակցության բաժնի պետ Լյովա Վարդանյանը.

- Սկզբում մրցագորգ դուրս եկան ազատ ոճի, ապա հունահռոմեական ոճի ըմբիշները: Հայաստանը ներկայացնում էին ազատ ոճի 7 ըմբիշներ: Մարզիկ չէինք հայտավորել միայն ծանրքաշային կարգում: Իսկ հունահռոմեական ոճի մեր երկրի ընտրանին լրիվ կազմով հանդես եկավ: Առաջնությունը նախապատրաստական փուլ էր օգոստոսի 5-10-ը Խորվաթիայում կայանալիք աշխարհի երիտասարդական առաջնությունից առաջ:

2013-ին անցկացված Եվրոպայի երիտասարդական առաջնությունում Հայաստանի ազատ ոճի ըմբիշներն ունեցել էին բրոնզե 4 մեդալ, իսկ հունահռոմեական ոճի ըմբիշները` ոսկե 1 պարգև: Այս անգամ ազատ ոճի Հայաստանի հավաքականը տիրացավ բրոնզե 1 մեդալի, իսկ հունահռոմեական ոճի ըմբշամարտի թիմը` ոսկե 2, բրոնզե 1 մեդալի: Մեր երկրի հունահռոմեական ոճի երիտասարդ ըմբիշների մրցելույթը կարելի է գերազանց գնահատել, իսկ ազատ ոճի ներկայացուցիչներինը` լավ: Ի դեպ, մեր ազատ ոճի ըմբիշները տպավորիչ գոտեմարտեր անցկացրին, սակայն վիճակահանությամբ անցանկալի իրավիճակներում հայտնվեցին: Մասնավորապես, 66 կգ քաշային ազատ ոճի ըմբիշ, 2013-ի աշխարհի, Եվրոպայի երիտասարդական առաջնությունների բրոնզե մեդալակիր Արեն Ալեքյանը հունգարացի Յանոշ Սեպզանին և ռուսաստանցի Եվգենի Ժիրբային հաղթելուց հետո ընդամենը 30 րոպե ժամանակ ուներ, որպեսզի շունչը տեղը բերեր: Մինչդեռ ուժեղ մրցակիցների նկատմամբ առավելության հասնելու համար, նա մեծ ուժեր էր վատնել և պարտվեց թուրք Հեյդար Յավուզին: Եթե նրան մեր մարզիկը մինչ այդ հանդիպեր, ապա անպայման կհաղթեր: Նա ամբողջ ուժերը ներդրել էր նախորդ գոտեմարտերում մրցակիցների նկատմամբ առավելության հասնելու համար: 96 կգ քաշային աշխարհի երիտասարդների 2013-ի արծաթե մեդալակիր Վիկտոր Կազիշվիլին հեշտությամբ հաղթեց ֆինն ըմբիշ Յերե Հեյնոյին, սակայն քառորդ եզրափակչում, երբ 30 վայրկյան էր մնացել, չդիմացավ լարվածությանը և պարտվեց վրացի Մուրազի Մչեդլիձեին: 50 կգ քաշային Մխիթար Գրիգորյանն առաջին գոտեմարտն անցկացրեց թուրք էմրե Դեմիրխանի հետ: Հայ ըմբիշը երկու անգամ 4 միավորանոց հնարք կատարեց, սակայն մրցավարները նրան միայն 2-ական միավոր շնորհեցին: Հետևանքը եղավ այն, որ Մխիթարը պարտվեց 6:8 հաշվով: Մրցավարների գործողություններից տուժեց նաև 55 կգ քաշային հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Սիմոնյանը:

- Մեդալակիրների մասին ի՞նչ կասեք:

- Փայլուն հանդես եկան հունահռոմեական ոճի ըմբիշներ Գևորգ Ղարիբյանը (60 կգ), Հրանտ Կալաչյանը (66 կգ), որոնք դարձան չեմպիոն: Ղարիբյանը և Կալաչյանը եզրափակչում առավելության հասան ռուսաստանցի մրցակիցների նկատմամբ: Գովեստի են արժանի նաև 96 կգ քաշային ազատ ոճի ըմբիշ Կարեն Աբգարյանը և 60 կգ քաշային ազատ ոճի ըմբիշ Գոռ Գրիգորյանը, որոնք բավարարվեցին բրոնզե պարգևներով: Ի դեպ, Աբգարյանը 7:0 հաշվով հաղթում էր Բելառուսի ըմբիշին, սակայն մի պահ զգոնությունը թուլացրեց և պարտվեց: Այլապես նա կարող էր առնվազն արծաթե մեդալակիր դառնալ: Գրիգորյանն անցկացրած 5 գոտեմարտից միայն մեկում պարտվեց:

- Աշխարհի երիտասարդական առաջնությունում Հայաստանի ազատ և հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականների կազմերում փոփոխություններ կլինե՞ն:

- Նոր ընտրություն է կատարվելու, դա կորոշեն թիմերի մարզիչները: Հետևություններ արվելու են: Մարզչական խորհուրդը կքննարկի, և այն ըմբիշները, որոնք լավ չեն մասնակցել, աշխարհի առաջնությունում հանդես չեն գա: Թերևս այդ քաշային կարգերում մասնակիցներ չհայտավորենք: Ինչպես Ռուսաստանի հավաքականը, Հայաստանի թիմն ամեն քաշային կարգում 5-6 ուժեղ ըմբիշ չունի: Ամեն քաշային կարգում 1-2 լավ մարզիկ կա:

- Եվրոպայի երիտասարդական առաջնությունից առաջ այդքան մեդալի հույս ունեի՞նք:

- Ազատ ոճի մեր ըմբիշներից 2-3 մեդալ էինք ակնկալում, նույնքան էլ` հունահռոմեական ոճի ըմբիշներից էինք սպասում: Թերևս ազատ ոճի մեր ըմբիշները «պարտք» մնացին: Նրանք այդ բացը կփորձեն լրացնել աշխարհի առաջնությունում:

- Առաջիկայում միջազգային ի՞նչ փորձություններ են սպասում Հայաստանի ըմբիշներին:

- Վանաձորում հուլիսի 18-20-ը կայանալու է օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, աշխարհի եռակի գավաթակիր, Եվրոպայի, ԽՍՀՄ չեմպիոն Ստեփան Սարգսյանի սահմանած մրցանակների խաղարկության միջազգային մրցաշարը: Ակնկալվում է, որ հանդես կգան մեկ տասնյակ երկրների պատվիրակներ: Ի դեպ, առաջին, երկրորդ, երրորդ տեղերը զբաղեցնողները որպես պարգև կստանան, համապատասխանաբար, 3 հազար, 2 հազար և հազար դոլար: Հաղթողի մարզիչն էլ չի անտեսվի և կհարստանա 500 դոլարով: Նախատեսվում է ուսումնամարզական հավաք, որից հետո մեր ըմբիշները կուղևորվեն Խորվաթիա, որպեսզի մասնակցեն աշխարհի երիտասարդական առաջնությանը: Սեպտեմբերի կեսին Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում կայանալու է աշխարհի մեծահասակների առաջնությունը: Ունենք օլիմպիական խաղերի մրցանակակիրներ, աշխարհի չեմպիոն, մրցանակակիր ըմբիշներ: Հուսանք, որ մեր առաջատարներն իրենց նոր նվաճումներով կուրախացնեն մեր մարզասերներին: Իսկ մինչև այդ` օգոստոսին, Չինաստանում կայանալու են պատանեկան օլիմպիական երկրորդ խաղերը: Հայաստանից մասնակցելու են ազատ ոճի 2, հունահռոմեական ոճի` 1 ըմբիշ: Ցավոք, վերջին մրցաձևում մերոնց չհաջողվեց ևս մեկ ուղեգիր նվաճել: Դրանք բաժին էին հասել Եվրոպայի պատանեկան առաջնությունում 1-2-րդ տեղերը գրաված մարզիկներին:

- Ֆուտբոլն ի՞նչ ընդհանրություն ունի ըմբշամարտի հետ:

- Ըմբիշները մարզումների ընթացքում անպայման ֆուտբոլ են խաղում, և այդ մարզաձևը նրանց հոգեհարազատ է: Կատովիցեում կայացած Եվրոպայի երիտասարդական առաջնության օրերին մեր երկրի պատվիրակները, բոլոր ըմբիշները բաց չէին թողնում առիթը դիտելու Բրազիլիայում անցկացվող ֆուտբոլի աշխարհի առաջնության հանդիպումները: Ինքս էլ սիրում եմ խաղալ, նաև դիտել ֆուտբոլ:

- Ո՞ր թիմը կդառնա աշխարհի չեմպիոն:

- Հոլանդիայի հավաքականը: Այս առաջնությունում ինձ համար հայտնություն էր Ուրուգվայի ընտրանին: Ցավոք, հարձակվող Սուարեսի կծելու հետ կապված միջադեպը խանգարեց այդ թիմին: Մեքսիկայի թիմը ևս զարմացրեց: Բրազիլիայի հավաքականն անկանխատեսելի է բոլոր առումներով, անկախ այն հանգամանքից, թե ինչ արդյունքի կհասնի:

- Խաղերը դիտելու հնարավորությունները մեծ են, ո՞ր հեռուստաալիքի հեռարձակումներին եք նախապատվությունը տալիս:

- Անհանգիստ բնավորություն ունեմ, շարունակ հեռուստաալիքները փոխում եմ, բոլորն էլ դիտում: Անկեղծորեն պետք է խոստովանեմ, որ նախընտրում եմ ռուսական հեռաուստաալիքներով խաղեր դիտել: Դրանց ֆուտբոլային մեկնաբանների պատրաստվածության մակարդակն անհամեմատ բարձր է:

- Մեր ըմբիշներն աշխարհի առաջնություններում անմասն չեն մնում խաղարկված պարգևներից, իսկ կարելի՞ է հուսալ, որ Հայաստանի ֆուտբոլի հավաքականը երբևէ կխաղա աշխարհի առաջնության եզրափակիչ փուլում:

- Եթե այդպիսի բան կատարվի, անչափ ուրախ կլինենք: Բայց դա այնքան էլ հեշտ չէ, ինչպես ասելն է: Պետք է ուժեղ հավաքականների մրցակցությամբ հաղթահարել ընտրական մրցաշարի արգելքը: Բացի այդ, հետևելով աշխարհի ընթացիկ առաջնությանը, ևս մեկ ամգամ համոզվում ենք, որ մասնակիցների թվում պատահական հավաքականներ չկան, և եղածներն իրենց խաղամակարդակով Հայաստանի ընտրանիից բարձր են: Մեր երկրի ազգային հավաքականում սիրված, ճանաչում ունեցող մի քանի ֆուտբոլիստ կա, մինչդեռ աշխարհի առաջնության մասնակից թիմերում մեծ թվով աստղեր են խաղում: Ֆուտբոլը բոլորս ենք սիրում, բայց Հայաստանում թիվ 1 մարզաձևն առայժմ ըմբշամարտն է: Եվ մեծահասակների ըմբշամարտի աշխարհի առաջնությունում էլ համոզված եմ` 5-6 մեդալ կունենանք, նաև` ոսկե փայլով:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: