Սեպտեմբերի 2-ը Լեռնային Ղարաբաղի անկախության` հանրապետության հռչակման օրն է: 1991 թ. օգոստոսի 30-ին, երբ Ադրբեջանը հայտարարեց, որ վերականգնում է 1918-1920 թթ. պետությունը, որի կազմում Արցախը չկար, մեզ այլ բան չէր մնում, քան անկախության դժվարին ուղին ընտրելը...
Իզուր չեն ասում, որ անկախությունը մարդուն երբեք հեշտությամբ չի տրվում: Դարերի հոլովույթում իմաստնացած այս թևավոր խոսքը XIX դարավերջին,
ի վերջո, մեզ էլ հասավ, բայց պատերազմի ու կորուստների գնով: 70-ամյա գերության լուծը թոթափած արցախցին 23 տարի է, ինչ ոʹչ պատերազմի, ոʹչ էլ խաղաղության վիճակում պահում է իր անկախությունը:
Օրերս ամերիկյան ամենաազդեցիկ նահանգներից մեկի՝ Կալիֆոռնիայի սենատը, 23 կողմ և 0 ձայնով ընդունեց Արցախի անկախությունը` դառնալով այդ պատմական իրողությունն ընդունած ամերիկյան 5-րդ նահանգը: Ինչ խոսք, դա լուրջ քայլ է Արցախի միջազգային ճանաչման ճանապարհին:
Ուշագրավ է, որ բանաձևը սենատի դատին հանձնած սենատոր Քերի Դելեոնը նշեց, որ այդ հողի վրա ապրող ժողովուրդը
շատ է տառապել և արժանի է ազատ ու անկախ հայրենիքի, որտեղ երբեք չի ենթարկվի վտանգի ու բռնության: Հիրավի, դանից մեծ նվեր անկախության տոնի առիթով լինել չէր կարող:
Ղարաբաղն անկախացավ ադրբեջանական հանրապետությանն արդեն չպատկանող տարածքում,
մինչ մերօրյա Ադրբեջանի միջազգային ճանաչումը, որը ՄԱԿ-ին անդամակցեց 1992 թ. մարտին: Իսկ Արցախն անկախացավ 1991-ին: Սա մի կարևոր հաղթաթուղթ է, որի մասին, չգիտես ինչու, կարգին չի խոսվում: Միչդեռ պետք է միշտ թմբկահարենք, որ ԼՂՀ մարզը Ադրբեջանի կազմից դուրս է բերվել խորհրդային տարիներին:
Ավելին՝ 1989-ին Ղարաբաղում հատուկ կառավարման համակարգ մտցվեց: Ասել է թե` կարգավիճակ փոխվեց և դեռ խորհրդային տարիներին նախկին ինքնավար մարզն իր եղած չեղածով դուրս բերվեց Բաքվի ենթակայությունից:
1991 թ. խորհրդային հեղաշրջումից (պուտչ) հետո, երբ ակնհայտ դարձավ, որ խորհրդային բանակը դուրս է գալու Ղարաբաղից և արցախցին մենակ է մնալու իր ցավի ու հոգսի հետ, հասկացանք,
որ մեր խաչը մենք պիտի տանենք, որքան էլ դժվար լինի: Թեև մինչ այդ պահը, նաև դրանից հետո էլ ռուս զինվորի` մեր նկատմամբ դրսևորած «հոգատարությունը» միշտ դրսևորվում
էր միայն հայրենի հողը լքելու հորդորներով ու խորհուրդներով, երբեմն էլ` պարտադրանքով: Իսկ օրինակներ, որքան ասես, թեկուզ փաստենք գլխավորը. մինչ այդ տեղի ունեցած «Օղակ» գործողության արդյունքում էր, որ հայաթափվեցին Գետաշենն ու Մարտունաշենը, Հադրութի շրջանի 13 գյուղ: Ու դիմագրավեցինք, թեև կորուստներ էլ ունեցանք: Ոչ միայն հաղթեցինք, այլև անկախությունից 5 տարի անց երկիրը Սահմանադրություն ունեցավ, որի շատ հիմնարար սկզբունքներ
ամրագրված էին դեռ 1991 թ. Անկախության հռչակագրում:
Անկախություն, որ արդեն 23 տարեկան է: Իսկ երբ փորձում ես ծանրութեթև անել,արժևորել անցած ճանապարհը, մատնանշել սխալները, մի պահ վարանում ես. թույլ տրված սխալների, կորուստների մասին խոսե±լն է ճիշտ, թե՞ դրանցից դասեր քաղելու: Բայց հուլիսի 27-ից օգոստոսի 5-ը` ԼՂՀ շփման գծում հակառակորդի հատուկ նշանակության դիվերսիոն ջոկատներին
մեծ զոհերով հետ շպրտելու փայլուն գործողությունները, հիրավի, ապացուցեցին, որ ճշմարիտ դասեր քաղելու արդյունքում էր, որ ունեցանք կայացած բանակ, հայրենի սահմանը պահող անձնուրաց զինվոր: Ապրե°ք տղաներ: Գիտակցում եք, որ մեր փրկությունը հզոր պետություն, կայացած բանակ ունենալն է: Վերջին դեպքերն ապացուցեցին, որ երկրորդն արդեն ունենք,իսկ առաջինի մասին դեռ շատ վաղ է խոսել: Դա, թերևս, առանձին թեմա է...
Այդ լայնամասշտաբ գործողությունների ընթացքում 16 դիվերսիոն հարձակումներ գրանցվեցին, որոնք ամենախոշորն էին հրադադարից ի վեր, ինչպես հարձակումների,այնպես էլ զոհերի առումով: Ըստ ԼՂՀ ՊԲ նախարար Մովսես Հակոբյանի` այդ գործողությունների ընթացքում թշնամին 36
զոհ ունեցավ: Օր եղավ, որ հակառակորդը 11 կորուստ տվեց:
Ցավոք, մենք էլ 6 զոհ ունեցանք: Խունկ ու հիշատակ մեր հերոս տղաներին,իսկ մայրերին` մխիթարանք:
Բայց, որպես նախաձեռնող, Ադրբեջանը ոչ միայն չկարողացավ իր առջև դրված խնդիրն իրագործել, այլև «էշից ընկածի» կարգավիճակում հայտնվելով` միջազգային հանրության քննադատության թիրախ դարձավ: Պատերազմի հովերով տարված Իլհամը թող ականջին օղ անի, որ սա դեռ «ժուռնալն» է, կինոն հետո պիտի գա, եթե մի օր արթնանա ու պատերազմ սկսելու հրաման տա: Այդ դեպքում մեր նորօրյա հերոսներին
կմիանան հայրերը, որոնց ահ ու սարսափից, դեռ 1994-ին, Հեյդար Ալիևը, ոտքերը քշտած, հրադադարի խնդրանքով Մոսկվա հասավ: Նման դեպքում Ադրբեջանի վիճակը, ինչպես 1994-ին էր, նախանձելի չի լինի...
Մի բան էլ կա: Թվում է, թե Ադրբեջանը, պարտված կողմ լինելով, հակված է վերսկսելու պատերազմը: Դա առաջին հայացքից: Քանզի որդի Ալիևը քաջ գիտակցում է, որ իր «սիրուն բեխերի» համար չէ, որ աշխարհի մեծերը կամ մեծ բիզնեսատերերը, այդ թվում նաև «Բրիթիշ Պետրոլյումը», իրեն բարևում ու երկրում ներդրումներ են անում: Այդ սև ոսկու տենդն է նրանց հազար թելերով կապում: Իսկ պատերազմ վերսկսելու դեպքում նավթադոլարային երակները, անշուշտ, կկտրվեն: Ուստի ոչ միայն երկրի, այլև իր սեփական միլիոնները
քամուն տալուց պակաս չի վախենում նաև Իլհամը, բայց դեռ մկան խաղ է տալիս` մոռանալով,
որ այդ խաղը, որպես կանոն, միշտ էլ թակարդում է ավարտվում:
Այնուամենայնիվ ի՞նչ փչեց Իլհամի խելքին, որ նման արկածախնդրության գնաց: Օգտվեց առիթից, որ գերտերություններն Ուկրաինայի խնդրո՞վ էին տարված: Թե՞ իր բախտը, երկրի ուժն ու հնարավորությունը փորձեց: Եթե այո, ապա ի±նչ գտավ կամ կորցրեց: Շատերը կարծում էին, որ նորանշանակ ՊՆ նախարարն ինքնադրսևորման խնդիր ուներ: Դրան հավատալն առնվազն միամտություն է, որովհետև, եթե չլիներ Իլհամի ցուցումը, ապա նորանշանակ նախարարն իր երգը վաղուց արդեն երգած կլիներ: Իսկ եթե երկրի, բանակի մարտունակությունն էր փորձում,ապա փոխարենը ոչ միայն ապտակ ստացավ, այլև ողջ աշխարհի առջև պախարակվեց`
մարդկությանը ևս մեկ անգամ ապացուցելով, որ կարևորը ոչ թե հարուստ զինանոցն է, այլ հայի հերոսական ոգին, որը հաղթեց նաև դարասկզբի որսորդական
հրացաններով:
Շատերն անշուշտ հարց տված կլինեն, թե ինչու Իլհամն աքլորացավ հենց այն պահին, երբ նժարին ասես դրված էր Ռուսաստանի հեղինակությունը, երբ աշխարհի մեծերն իրենց շահերն ունենալով` «մտահոգված» էին Ուկրաինայի ճակատագրով:
Պատահական ոչինչ չի լինում, հատկապես` քաղաքականությունում: Ապա թե ոչ, ինչո՞ւ Իլհամը մերժեց ԱՄՆ-ի, Ֆրանսիայի իշխանությունների հանդիպման առաջարկը, փոխարենն ընդունվեց պուտինյանը, որից հետո իրավիճակը սահմանում հանդարտվեց, իսկ Ադրբեջանը ստացավ իր սպառազինության հերթական խմբաքանակը` 100 տանկ, թեև ուղղաթիռների ու ՄԻԳ-երի մասին էր խոսվում (գուցե դրանք էլ հետո կստանա): Ի՞նչ ստացվեց: Ռուսաստանը, մտահոգվելով մեր անվտանգությամբ, զինում է մեր հակառակորդին: Ամերկյան իշխանություններն էլ նոր հիշեցին, որ Ադրբեջանը հակամարտող կողմ է և հրաժարվեցին նրան Աֆղանստանից դուրս բերված ռազմատեխնիկան տրամադրելուց, որ խոստացել էին:
Ինչևէ, առջևում կրկին հարցի կարգավորումը խաղաղ, բանակցային
ճանապարհով լուծելու գործընթացն է: Մինչդեռ արցախցին դեռ էն գլխից համոզված է, որ այդ կարգավորումը չի կարող լուծվել առանց իրենց մասնակցության, և որևէ լուծում չի կարող սպառնալ Ղարաբաղի անվտանգությանը:
Ուրեմն ինչո՞ւ ենք մուկն ու կատու խաղում: Ի՞նչ կարգավորման մասին կարող է խոսք լինել, երբ ադրբեջանական մամուլը հեղեղված է հային ոչնչացնելու կոչերով, երբ նախագահը, հերոսի կոչում է տալիս քնած հային կացնահարողին: Վերջին դեպքն էլ վառ ապացույց: Մոլորված հային` Կարեն Պետրոսյանին, արնախումները չթողեցին,որ գիշերն անգամ լուսացնի. հոշոտեցին:
Նախ պետք է այդ չարիքն արմատախիլ անել, նոր միայն բանակցությունների սեղանին մոտենալ: Քանի դեռ հասարակությանը հնազանդեցնելու քայլեր չի արվում, ավելորդ է խոսել իրական կարգավորման մասին: Այդ ամենը սին պատրանքներ են: Բոլորը խոսում են հարցի կարգավորման մասին, մինչդեռ կարևորը լուծումն է, ասել է թե` կարգավիճակի հստակեցումը: Այդ մասին բոլորն ասես մոռացել են...