Հայերեն   English   Русский  

Հավաքների ազատություն


  
դիտումներ: 1421

Հավաքների ազատության իրավունքը երաշխավորվում է մի շարք միջազգային փաստաթղթերով, ինչպիսիք են Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը (հոդված 20), Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագիրը (հոդված 21), Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիան (հոդված 11), ինչպես նաև` ՀՀ Սահմանադրությամբ (հոդված 29):

«Հավաք» հասկացությունը բացահայտվում է «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքով, որի համաձայն` «հավաքը երկու կամ ավելի անձանց խաղաղ և առանց զենքի ժամանակավոր ներկայությունն է որևէ վայրում` հանրային հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ ընդհանուր կարծիք ձևավորելու կամ արտահայտելու մտադրությամբ»:

Համաձայն նույն օրենքի` հավաքը կարող է իրականացվել կա՛մ մեկ վայրում հավաքվելու, կա՛մ երթի` մեկ վայրից մյուսը տեղափոխվելու միջոցով: Հավաքի վայր կարող է լինել պետական, համայնքային կամ մասնավոր սեփականություն հանդիսացող բացօթյա տարածք (փողոց, մայթ, հրապարակ, այգի, պուրակ և այլն):

Օրենքը պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին ու պաշտոնատար անձանց իրենց լիազորությունները կատարելիս պարտադրում է համաչափության և վարչարարության մյուս հիմնարար սկզբունքները: Համաչափության սկզբունքի էությունն այն է, որ վարչարարությունը պետք է ուղղված լինի ՀՀ Սահմանադրությամբ և օրենքներով հետապնդվող նպատակին և դրան հասնելու միջոցները պետք է լինեն պիտանի, անհրաժեշտ և չափավոր: Յուրաքանչյուր ոք իրավունք ունի մասնակցելու հավաքներին, և ոչ ոք իրավունք չունի պարտադրելու անձին մասնակցելու որևէ հավաքի կամ խոչընդոտել նրա մասնակցությունը որևէ հավաքի։

Ոստիկանությունը կարող է դադարեցնել հավաքը միայն այն դեպքում, եթե այլ կերպ հնարավոր չէ կանխել այլ անձանց սահմանադրական իրավունքների կամ հանրության շահերի անհամաչափ սահմանափակումը։

Այս ընդհանուր նորմի մեկնաբանման և կիրարկման վերաբերյալ հարկ է կրկին անգամ դիտարկել համաչափության սկզբունքը, սակայն ավելի լայն մեկնաբանմամբ` նկատի առնելով ԵԱՀԿ խաղաղ հավաքների ազատության վերաբերյալ ղեկավար սկզբունքները: Մասնավորապես` վերոնշյալ փաստաթղթի 4-րդ սկզբունքի համաձայն` խաղաղ հավաքի հարկադրական դադարեցման հնարավորությունը պետք է իրականացվի` որպես խիստ ծայրագույն միջոց և չպետք է իշխանությունների կողմից վերածվի պարբերաբար կիրառվող մեթոդի: Համաձայն նույն սկզբունքի` իշխանությունների կողմից իրականացվող` հավաքների հարկադրական դադարեցման պարբերական պրակտիկան հանգեցնում է մի իրավիճակի, երբ վերոնշյալ «այլ անձանց սահմանադրական իրավունքների կամ հանրության շահերի» պաշտպանության անհրաժեշտությամբ պայմանավորված հավաքների սահմանափակման տակ կարող են ընկնել չափից դուրս շատ տեսակի և քանակի հավաքներ, ինչն էլ չի բխում համաչափության սկզբունքից:

(շարունակելի)

Վարազդատ Հարությունյան





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: