Հայերեն   English   Русский  

Կալիֆորնիայի կողմից Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչումը ձևական թուղթ համարելը Ադրբեջանի կողմից վատ դերասանի վատ խաղ է. Լևոն Մելիք-Շահնազարյան


  
դիտումներ: 1765

«Կալիֆորնիայի կողմից Լեռնային Ղարաբաղի անխակության ճանաչումը աննախադեպ է»,-անդրադառնալով օգոստոսյան իրադարձություններին` նշեց քաղաքագետ Լևոն Մելիք-Շահնազարյանը:

Դեռ օգոստոսի 4-ին ԱՄՆ Պետդեպարտամենտում քննարկվել է Լեռնային Ղարաբաղի հարցի լուծումը, որին էլ, ըստ Լևոն Մելիք-Շահնազարյանի, հաջորդեց ըստ էության կիսատ որոշման ընդունումը` Կալիֆորնիան ճանաչեց Լեռնային Ղարաբաղի անկախությունը: Սա, ըստ քաղաքագետի, աննախադեպ է, քանի որ Կալիֆորնիան ամբողջ աշխարհում իր տնտեսությամբ 8-րդ նահանգն է, ԱՄՆ-ի կարևորագույն նահանգներից մեկը:

Իսկ Կալիֆորնիայի կողմից Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչումը ձևական թուղթ համարելը Ադրբեջանի համար քաղաքագետը համարեց «վատ դերասանի վատ խաղ»:

«Սա լուրջ որոշում է, ավելի լուրջ կդառնա, եթե ունենա քաղաքական, տնտեսական հետևանքներ»,-նշեց Մելիք- Շահնազարյանը` ավելացնելով, որ մեր արտաքին դիվանագիտությունը, տնտեսական քաղաքականությունն իրականացնողները պետք է լցնեն այդ որոշումը, այսինքն` որոշմանը պետք է հետևի Արցախում Կալիֆորնիայի ներկայացուցչության բացումը, Արցախում արտադրված ապրանքների արտահանումը Կալիֆորնիա և այլն:

«Սրա իրավունքը մենք արդեն ունենք. Կալիֆորնիայի կողմից Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչումը իրավական հետևանքներ չունի, սակայն միայն մեզնից է կախված այն կհանգեցնի՞ նման հետևանքների, թե ոչ: Մենք պարտավոր ենք սա օգտագործել»,- նշեց քաղաքագետը:

Արցախի խնդրի լուծումն, ըստ նրա, 3 տարբերակ ունի`

1. Ադրբեջանը գրավում է Լեռնային Ղարաբաղը

2. Ադրբեջանը ճանաչում է Լեռնային Ղարաբաղի անկախությունը

3. Արցախի ու Հայկական պետությունները միավորվում են

Բանախոսի կարծիքով` այս 3 տարբերակն էլ ԱՄՆ-ի համար ձեռնտու է: ԱՄՆ-ին, ըստ նրա, ամենաշատն այս տարածաշրջանում խաղաղություն է պետք` էներգետիկ տրանզիտ գոտի է սա, իսկ իր նպատակների իրագործումը խաղաղություն է պահանջում: Նույնը չի կարելի ասել, ըստ նրա, Ռուսաստանի համար. Ռուսաստանը ձգտում է անկայունությունը պահպանել` ազդելու համար թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի վրա:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: