Հայերեն   English   Русский  

Եկել է այն սերնդի ժամանակը, որը երկիրը երկիր կդարձնի


  
դիտումներ: 2345

Հունիսի 19-ից ի վեր ծավալված իրադարձությունները շատերի մոտ հիացմունք, ոմանց մոտ հիասթափություն առաջացրին, ոմանց մոտ էլ` երկուսը միաժամանակ: Սակայն նախորդ երկու շաբաթվա իրադարձությունները մի անհերքելի բան ապացուցեցին. երկիրը երկիր է դառնալու միայն և միայն անկախության սերնդի միջոցով և ջանքերով: Ընդ որում, սա այն բացառիկ դեպքն է, երբ միջին ու ավագ սերնդի խորհուրդներին ոչ միայն չպետք է լսել, այլև նրանց հնարավորինս մեկուսացնել է պետք երկիրը երկիր սարքելու գործընթացներից:

Երբ հայտարարվեց էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման մասին, լուրը դժգոհություն առաջացրեց հասարակության բոլոր խավերի կամ գրեթե բոլորի մոտ: Սակայն, համացանցի միջոցով ինքնակազմակերպվեցին ու բողոքի դուրս եկան մեծ մասամբ երիտասարդները: Նստացույց հայտարարելուց հետո երիտասարդների թիվն ավելի զգալի դարձավ: Երբ հունիսի 23-ի առավոտյան նստացույց իրականացնողների նկատմամբ բռնություններ կիրառվեցին, նույն օրը երեկոյան Բաղրամյան պողոտա շտապեցին տարբեր տարիքի անձինք, սակայն էլի գերակշռողը երիտասարդներ էին:

Եթե բողոքի ցույցի նախաձեռնողները և համակարգողները բավականաչափ խելամիտ չգտնվեին, չէր բացառվում, որ հունիսի 28-ի երեկոյան էլ ոստիկանների ու ցուցարարների միջև բախում տեղի ունենար. լրագրողների բարակ շարքով բաժանված ոստիկաններն ու ցուցարարները մարտական էին տրամադրված, ու ընդամենը մի կայծ էր պետք լարվածությունը պայթյունի վերածելու համար: Սակայն նախաձեռնող երիտասարդները, առանց շեղվելու բողոքի ցույցի հիմնական նպատակից, մարտավարության այլ ուղի ընտրեցին:

Ոչ թալանին

Մի շաբաթ Բաղրամյան պողոտայում ստեղծվել էր մի մթնոլորտ, որպիսին անկախ Հայաստանում որևէ մեկը չէր հիշում, իսկ ոմանք էլ այն համեմատում էին 1988-ի Ղարաբաղյան շարժման հետ: Դա պայքար էր ոչ թե ընդդեմ, այլ հանուն ինչ-որ բանի` համեմված ազգային ոգով, երգ ու պարով, միասնականությամբ, քաղաքացիական բարձր գիտակցությամբ և ինքնակազմակերպվածությամբ: Պատահական չէ, որ այդ օրերին շատ-շատերի քայլերն ակամա ուղղվում էին դեպի Բաղրամյան պողոտա. այդտեղ էին կերտվում ապագայի Հայաստանն ու այդ երկրի ապագա նախագահը, վարչապետը, պատգամավորները, նաև մտավորականությունը: Առանց հիացմունքի ու հպարտության հնարավոր չէր նայել հարթակից կշռադատված ու անգամ քննադատությունը դրական էմոցիաներով հնչեցնող երիտասարդներին, դես ու դեն վազող, կարգ ու կանոն ապահովող 14-17 տարեկան պատանիներին, ինքնաբուխ երկրի օրհներգը երգող ցուցարարներին, որոնք, վստահաբար, դպրոցականներ էին, հայրիկի ուսերին նստած, եռագույնը ծածանող ու ձեռքը բռունցքած «Հայաստան» վանկարկող 4-5 տարեկան փոքրիկներին: Թվում էր, թե հանկարծակի դրախտում ենք արթնացել, ոչ թե մեր իմացած Հայաստանում, որտեղ «Մենք ենք տերը մեր երկրի» կարգախոսը հնչեցնող ամեն երիտասարդ հավատում է իր ասածին ու գիտակցում դրա իմաստը:

Վարդագույն երազը, սակայն, երկար չտևեց: Ու պատճառը թերևս այն էր, որ հասուն ու ճանապարհ անցած շատ անձինք ու գործիչներ չէին համակերպվում այն մտքի հետ, որ նորելուկ երիտասարդներն արել են այն, ինչ իրենք չեն կարողացել:

Ոչ թալանին

Շարժման առաջին իսկ օրից տարբեր ուժեր փորձում էին ալիքի վրա հայտնվել ու Քաջ Նազարի բախտին արժանանալ: Պատահական չէ, որ Անի Զախարյանը, օգտվելով այն հանգամանքից, որ տվյալ պահին միայն ինքը բարձրախոս ունի, փորձում էր ինքը Ազատության հրապարակից ժողովրդին Բաղրամյան պողոտա տանել: Պատահական չէր նաև թե՛ Նախախորհրդարանի, թե՛ կասկածելի համբավ ունեցող իրավապաշտպանների ու մի շարք այլ գործիչների ակտիվությունը Բաղրամյան պողոտայում: Շարժման երիտասարդ նախաձեռնողներն ընկան կյանքի ու խարդավանքների մեծ փորձ ունեցող միջին սերնդի որոշ ներկայացուցիչների ծուղակը: Բայց անգամ մեկ շաբաթ այդ ամենին դիմակայելն արդեն իսկ մեծ բան է:

Միասնական ցույցի ընթացքում մշտապես, երբ որևէ տեղ մարդկանց կուտակում ու լարվածություն էր առաջանում, մոտենալիս պարզվում էր, որ սադրիչը միջին տարիքի ներկայացուցիչ է` 35-60 տարեկան կանայք ու տղամարդիկ: Մեկն իր պարտքն էր համարում սաստել կարգ ու կանոն ապահովող պատանիներին, մյուսը` խրատել, երրորդը` քննադատել, չորրորդը` պարզապես սահմանված կանոններին չհետևել ու օրինակ` կանգնել չսահմանված վայրում կամ անցնել «չեզոք» գոտով: Ու այդ օրերին էր, որ հասկացա. չենք կարող ունենալ օրենքի երկիր, քանի դեռ քաղաքացին գիտակցաբար ու ենթագիտակցաբար ձգտում է խախտել ամեն սահմանված կարգ ու օրենք, չենք կարող ունենալ ակտիվ քաղաքացիական հասարակություն և արժանապատիվ պաշտոնյաներ, քանի դեռ ունենք ամեն ինչից վախեցած ու անգամ իրենք իրենց շվաքից զգուշացող քաղաքացիներ ու ղեկավարություն, չենք կարող ունենալ լավ իշխանություն, քանի դեռ չենք գիտակցել անկախության ու ինքնիշխան երկիր ունենալու արժեքն ու չի ձևավորվել հանուն երկրի, ոչ թե հանուն անձնական շահի գործելու մշակույթը:

Ոչ թալանին

Ցույցին մասնակից պայծառ դեմքերով երիտասարդներն ապացուցեցին, որ այս ամենը մի օր իրականություն կդառնա, պարզապես դեռ մի փոքր ժամանակ է հարկավոր, մինչև իրենք կդառնան այս երկրի շարժիչ ուժը, որոշում կայացնողը, նոր սերունդ դաստիարակողը: Ավագ սերնդի որոշ ներկայացուցիչներ, սակայն, չհամակերպվեցին իրենց դիրքերը զիջելու մտքի հետ ու խառնեցին, պառակտեցին շարժումը, ոմանք էլ փորձեցին դրան այլ աստառ տալ: Արդյունքում` այսօրվա Բաղրամյան պողոտայի իրականությունը բոլորովին կապ չունի մեկ շաբաթ առաջվա իրականության հետ: Այն, ինչ այսօր է տեղի ունենում, միայն և միայն խորացնում է հիասթափությունը:

Բայց, ինչպես մարտյան պառվի ուլերն են անցնում ու ձմեռն էլ հետը, այնպես էլ սխալ երկիր կառուցած ու ամեն կերպ այն շտկել թույլ չտվող սերունդը կանցնի` տեղը զիջելով թարմ ու կառուցողական ուժերին: Մնում է, որ երիտասարդները չկոտրվեն, սովորեն իրենց սխալների վրա և երբեք օրինակ չվերցնեն որոշողի դերում գտնվող այսօրվա սերնդից:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: