Հայերեն   English   Русский  

Տավուշցի զինվորի բազմանդամ ընտանիքին նպաստ չեն տալիս


  
դիտումներ: 1037

Փոքրիկ Լուիզան գյուղում մեծի գործ է անում: Վառարանի ծխից սևացած ջրի կաթսան կրակից ամեն անգամ վերցնելուց հետո պետք է փայլեցնել:

տավուշցի բազմանդամ ընտանիք

Հոգսի տակ կքած մայրիկին 12-ամյա զույգ աղջիկները՝ Լիանան ու Լուիզան, ինչով կարողանում՝ օգնում են: Լուիզան երազանք ունի, որ մեծանա՝ բժշկուհի է դառնալու: Մկրտումյանների ընտանիքը ՀՀ Տավուշի մարզի բազմանդամ ընտանիքներից են: Բազմազավակ մայրը՝ Անուշ Օհանյանը, խոստովանում է, որ հպարտ ու երջանիկ է, որ մեկ տղա, հինգ աղջիկ ունի: Ավագը որդն է՝ 28-ամյա Սերգեյը, որը Արցախում ծառայությունն անցնելուց հետո համալրել է պայմանագրային զինծառայողների շարքերը և հիմա հայրենի գյուղից ոչ հեռու պահպանում է սահմանները:

Տիկին Անուշը զավակներին ամուսնացրել է, աղջիկներից մեկը Վանաձորում, մյուսը Նոյեմբերյանում ամուսնացել են, գնացել: Եվ ահա տիկին Անուշը, որը դեռևս հիսունը չի բոլորել, յոթ թոռնիկ ունի: Ծաղկավանցի գեղեցիկ այս ընտանիքը գյուղը թողնելու երբեևէ մտադրություն չի ունեցել: Կյանքը դժվար է, աշխատանք չկա, բայց ընտանիքի որևէ անդամի մտքով անգամ չի անցել, թողնել կանաչի, ծաղիկների մեջ փաթաթված ծննդավայրը:

տավուշցի բազմանդամ ընտանիք

Հիմա Ծաղկավանի տանը ութ հոգով են ապրում, որոնցից երեքն անչափահաս են: «Դժվար ա, աշխատանք չկա, մեր տատիկի 50 հազար դրամ թոշակով ենք ապրում, տղայիս աշխատավարձով: Այլ տեղից եկամուտ չունենք: Գոնե որ նպաստ ստանայինք, յոլա կգնայինք, բայց գնացել նք, ասում են՝ ձեզ չի հասնում: Մենք ուզում ենք ապրենք այստեղ, մեր գյուղից լավ տեղ չկա: Զինվոր որդիս ասում ա՝ իմ հայրենիքը թողնեմ, ո՞ւր գնամ»,-նշում է տիկին Անուշը: Սովետի ժամանակ նա գյուղի բուժկետում մայրապետ է աշխատել, հիմա բյուջեի սղության պատճառով այդ հաստիքը կրճատվել է: 2002 թվականից նա հողագործությամբ ու անասնապահությամբ է զբաղվում, բայց ոչ երբեք գյուղը լքելու վճռականությամբ:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: