Հայաստանում 1000-ից ավելի ժայռապատկերներ են հայտնաբերվել հայ-անգլիական համատեղ աշխատանքի արդյունքում
Հետազոտությունների արդյունքների մասին այսօր լրագրողների հետ խոսեցին հնագետ-արվեստաբան Աննա Խեչոյանը և Հնագիտության և ազգագրության ինստիտուտի գիտաշխատող Բորիս Գասպարյանը:
Աշխատանքները սկսվել են դեռևս 2008 թվականին:
«Աշխատանքներում տարբեր մասնագետներ են ընդգրկված, ովքեր կոնկրետ իրենց բնագավառի մասին տվյալներ են հավաքում` արվեստագետներ, երկրաբաններ, հնագետներ և այլն: Միայն մի կողմը դիտելով հնարավոր չէ ինֆորամտիվ նյութ գտնել այդ տեղից: Այդ տարբեր հոսքերը միացնելով ստանում ենք իրականությանը մոտ ինֆորմացիա»,-ասաց Աննա Խեչոյանը:
Ի դեպ, ժայռապատկերների թվագրման հարցը շատ բարդ գործընթաց է: Տարբեր մեթոդներ կան դա անելու: Ներկայումս միայն մոտավոր հաշվարկներ կարելի է կատարել:
Հայաստանում նոր մեթոդներ են քննարկվում ժայռապատկերները և փորագրությունները հասակագրելու համար:
Դեռևս հստակորեն չի կարելի է ասել, թե այդ պատկերների նպատակը որն է եղել.
«Ամենաբարդ խնդիրներից մեկը դրանց իմաստը հասկանալն է: Ժայռապատկերի վրա իրար վրայից գնում են մի քանի շերտեր: Տեսարանները բազմազան են ՝ կենցաղայինից մինչև դիցաբանական պատկերներ: Յուրաքանչյուր դարաշրջան ունեցել է իր ֆունկցիոնալ խնդիրները, իր սիմվոլիկան , իր նշանակությունը»,-նշեց մասնագետը:
Փաստագրական աշխատանքերը 2014-ին ավարտվել են: Երկրորդ փուլը սկսվելու է այս տարի և հիմնական աշխատանքները կատարելու են երկրաբանները:
Բորիս Գասպարյանը իր հերթին նշեց, որ գիտական բազան պատրաստ չէ, որպեսզի համեմատություն լինի այլ շրջանների նմանատիպ գտածոների հետ: Սակայն արտաքին համեմատությամբ ոչ մի տարբերություն չկա:
Նա ընդգծեց, որ ժայռապատկերների հետազոտություններ նախկինում էլ են կատարվել, սակայն նորագույն տեխնոլոգիական հնարավորությունները մեծ առաջընթաց կարող են ապահովել. «Մեր երկրում աշխատանքները նոր-նոր են սկսվել, արդեն հաջողություններ ունենք։ Մենք պատկերից բացի, ուսումնասիրում ենք նաեւ դրա շուրջը եղած բոլոր հնագիտական նյութերը, որոնց միջոցով էլ մենք փորձում ենք հասկանալ, թե որն է ամենահավանական ժամանակը»։
Հայաստանում գիտական մեծ նշանակություն ունեցող այդ կոթողները ապահովագրված չեն ոչնչացումից. «Դրանիցի շատերը վտանգված են, հատկապես նրանք, որոնք ցածր գոտիներում են գտնվում։ Դրանք գյուղատնտեսական տարածքներ են դառնում։ Լավ է գոնե Ծղուկ լեռան վրա բիզնեսմենների ձեռքները չի հասել»,-եզրափակեց Բորիս Գասպարյանը։