Ամուսնության անվավերությունը
Ընտանեկան օրենսգիրքը սահմանում է նման ամուսնությունների անվավեր ճանաչման հիմքերն ու կարգը:
- Նախ` ամուսնության կնքման համար անհրաժեշտ է ամուսնացող տղամարդու և կնոջ փոխադարձ կամավոր համաձայնությունը և նրանց ամուսնական տարիքի հասնելը (18 տարեկան, իսկ որոշ դեպքերում նաև 16 և 17 տարեկան): Ուստի, այն դեպում, երբ ամուսնությունը կնքված լինի առանց ամուսիններից մեկի կամավոր համաձայնության, հարկադրանքի, խաբեության, մոլորության կամ ամուսնության պետական գրանցման պահին իր գործողությունները գիտակցելու և դրանք ղեկավարելու անհնարինության հետևանքով, կարող է անվավեր ճանաչվել այդ ամուսնու դիմումով, որի իրավունքները խախտվել են: Այստեղ կարող է ապացուցման խնդիր առաջանալ:
- Օրենքը սահմանում է այն անձանց շրջանակը, որոնց միջև ամուսնությունն արգելվում է, ուստի նրանց միջև կնքված ամուսնությունը կարող է անվավեր ճանաչվել.
-այն անձանց միջև, որոնցից թեկուզ մեկը գտնվում է օրենքով սահմանված կարգով գրանցված մեկ այլ ամուսնության մեջ.
-մերձավոր ազգականների (ուղիղ վերընթաց ու վայրընթաց ազգականների՝ ծնողների ու զավակների, պապի, տատի ու թոռների, ինչպես նաև հարազատ և համահայր կամ համամայր եղբայրների ու քույրերի, մորաքրոջ, հորաքրոջ, հորեղբոր և մորեղբոր զավակների) միջև.
-որդեգրողների և որդեգրվածների միջև.
այն անձանց միջև, որոնցից թեկուզ մեկին դատարանը ճանաչել է անգործունակ:
- Օրենքը սահմանում է, որ եթե ամուսնացած անձը մյուս ամուսնուց թաքցրել է ամուսնության պետական գրանցման պահին իր մոտ սեռավարակի, ինչպես նաև հոգեկան հիվանդության և թմրամոլության, թունամոլության առկայության փաստը, ապա մյուս ամուսինն իրավունք ունի ամուսնությունն անվավեր ճանաչելու համար դիմելու դատարան։
Անվավերության հիմք է նաև այն դեպքը, երբ ամուսինները կամ նրանցից մեկն ամուսնությունը գրանցել են առանց ընտանիք ստեղծելու մտադրության (կեղծ կամ ինչպես ընդունված է ասել «ֆիկտիվ» ամուսնություն):
Վարազդատ Հարությունյան