Հայերեն   English   Русский  

Բերդում 4-րդ անգամ կայացավ ամենաքաղցր տոնը /լուսանկարներ/


  
դիտումներ: 1456

Արդեն չորրորդ տարին է` ՀՀ Տավուշի մարզի Բերդ քաղաքում տեղի է ունենում Մեղրի և հատապտուղների փառատոնը, որն այս տարի համընկել է Սուրբ Մարիամ Աստվածածնի վերափոխման օրվան` Խաղողօրհնեքի տոնին:


Առավոտյան Բերդի Սուրբ Հովհաննես եկեղեցում կատարվել է Սուրբ պատարագ: Ուխտավորներն այնուհետև ներկա են գտնվել <<Սորան>> ազգային պարկում կազմակերպված ամենահամեղ տոնին: Տավուշի հոգևոր վերածնունդ հիմնադրամի տնօրեն Հայկ Չոբանյանի, ավանդական դարձած փառատոնն արդեն դուրս է եկել տարածաշրջանի սահմաններից և կրում է համահայաստանյան բնույթ: <<Բոլորը գիտեն, որ մեղրի փառատոնը Տավուշում է` Բերդում: Առանձնահատկությունները հետևյալն են` ներկայացվում է հապալաս կոչվող հատապտուղը, որն այստեղ հայտնի է մըլմլա անունով: Այն աճում է միայն Մուրղուզ սարի փեշերին: Հատապտուղների առումով այն կարող է դառնալ փառատոնի խորհրդանիշը, շամշադինյան հատապտուղների <<թագուհին>>,- Անկախի թղթակցի հետ զրույցում նշել է Հայկ Չոբանյանը:

Փառատոնի տաղավարներում ներկայացվել են նաև այս տարածաշրջանին բնորոշ ավանդական ճաշատեսակները: <<Հատուկ տաղավար կա շամշադինյան բիչինայի, որը որ ավնադական ուտեստն է, որը հայկական խոհանոցում ներկայացված չէ, այս տարի փառատոնի միջոցով բրենդավորում է արվում, շուտով կմտնի հայաստանյան շուկա` որպես Բերդի ուտեստ>>,-ասաց Հայկ Չոբանյանը: Ներկայացվել են նաև արհեստագործական աշխատանքներ, բերդցի, ինչպես նաև տարածաշրջանի այլ համայնքների շնորհաշատ երիտասարդները ցուցադրել են իրենց ձեռքի աշխատանքները:

Ըստ Հայկ Չոբանյանի, այս տարվա մասնակիցների 30 տոկոսը նոր մարդիկ են, ինչը նշանակում է, որ փառատոնն աստիճանաբար դառնում է առավել հայտնի: <<Այս տարի մեծ է տուրիստական ընկերությունների հետաքրքրությունը փառատոնի հանդեպ: Ունենք 8 տուրիստական ընկերությունների կողմից արձագանք, որոնք բերելու են զբոսաշրջիկների: Մենք երեկ երեկոյան, այսինքն` տոնի նախօրեին հասկացանք, որ փառատոնը պետք է նախորդ օրը երեկոյան սկսվի , որովհետև հյուրերն արդեն ժամանել էին, և նրանց պետք է ինչ-որ մի ձևով զբաղեցնել, սա անպայման հաջորդ տարի լինելու է, մենք պետք է լուծենք մարդկանց գիշերակացի հարցը, թեև ունենք փոքր հյուրատներ: Ունենք գործարարներ, որոնք հետաքրքրություն են ցուցաբերում տուրիստական ենթակառուցվածքների զարգացման առումով: Դուք կարող եք տեսնել, որ մեր ռեստորանների սպասարկման և առհասարակ որակը` պայմանավորված մեր տարածաշրջան բարձրակարգ այցելուների ժամանումով, շատ ու շատ բարելավվել է>>,- խոսելով փառատոնի հետագա զարգացման մասին` նշեց Հայկ Չոբանյանը:

Երաշտային, եղանակային անբերանպաստ պայմանների պատճառով այս տարի մեղրը այս տարածաշրջանում քիչ է: Ժրաջան մեղուները նեկտար չեն կարողացել հավաքել, ինչն էլ պատճառ էր դարձել, որ մեղրի տոնին տաղավարները մեղրով ծանրաբեռնված չլինեն:

Տավուշցի մեղվաբույծներից Գյուլնարա Յակուտյանն ասաց, որ թեև քիչ, բայց գնորդներ եղել են: << Մեր սահմանապահ մեղուների մեղրը անարատ ա, կարող եք տանել լաբորատորիա ստուգել>>,-ժպտալով նշեց տավուշցի մեղվապահը:

Տոնին մասնակցել են Հայաստանում հավատարմագրված մի շարք դեսպաններ, ծնունդով տավուշցի պաշտոնյաներ, այդ թվում` Քաղծառայության խորհրդի նախագահ Մանվել Բադալյանը: Փառատոնի ամբողջ ընթացքում հերթապահություն էր սահմանել Շտապօգնության Բերդի ծառայությունը:






Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: