Հայերեն   English   Русский  

Ամեն ինչ անելու եմ որպեսզի ավելի բարձր կարգի մեդալով վերադառնամ Հայաստան.Նարեկ Մանասյան


  
դիտումներ: 1703

Պատանեկան օլիմպիական խաղերում Հայաստանի օլիմպիական հավաքականի կազմում փայլեց նաև բռնցքամարտիկ 81 կգ քաշային Նարեկ Մանասյանը, ով նվաճեց բրոնզե մեդալ: Երիտասարդ, խոստումնալից բռնցքամարտիկի համար տարին կարելի է բրոնզե համարել: Մեր մարզիկը բրոնզե մեդալ էր նվաճել նաև երիտասարդների աշխարհի առաջնությունում: Բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի բաժինը հարցազրույց է արել Նարեկ Մանասյանի հետ:

-Նարեկ Դու տարբեր մակարդակի մրցաշարերի ես մասնակցել, այդ թվում Եվրոպայի և աշխարհի առաջնությունների, բայց վստահ եմ Օլիմպիական խաղերը քո կյանքի ամենակարևոր մրցաշարն էր:

-Այդպես էլ կա: Աննկարագրելի զգացողություններ ապրեցի օլիմպիական խաղերի ժամանակ, որը մինչ այս ոչ մի մրցաշարի ժամանակ չէի ապրել: Ուրախ եմ , որ մասնակցեցի օլիմպիական խաղերին: Կարծում եմ դա յուրաքանչյուր մարզիկի երազանքն է:

-Ինչպիսին էր Օլիմպիական ավանը, ինչ էր կազմակերպվում, որպեսզի մարզիկների առօրյան հագեցած անցնի:

-Չինացիներն ամեն ինչ արել էին մասնակիցների առօրյան հետաքրքիր դարձնելու համար: Ամենուր ուրախ ու տոնական տրամադրություն էր: Ինձ հատկապես դուր եկավ բացման և փակման արարողությունը: Մրցումներից ազատ օրերին մենք մասնակցում էինք տարբեր միջոցառումների, նույնիսկ մեր ձեռքով հուշանվերներ էինք պատրաստում:

-Նարեկ Դու վստահ հաղթանակ տարար քո առաջին մենամարտում: Ի՞նչը խանգարեց, որպեսզի զարգացնես հաջողությունդ:

-Երկրորդ մրցելույթիս ժամանակ՝ Ղազախստանը ներկայացնող մարզիկի հետ պայքարում ես առավելություն ունեի, իմ հարվածներն ավելի նպատակային էին, բայց մրցավարները չգիտես ինչու չէին տեսնում իմ հարվածները: 3-րդ ռաունդում ես վնասվածք ստացա, մրցակցի հարվածը դիպավ աչքիս, բայց անգամ այդ պարագայում ես առավելություն ունեի, չնայած մրցավարները հաղթանակը տվեցին ղազախ մարզիկին:

-Այնուհանդերձ հաջորդ մենամարտում վնասվածքով կարողացար հաղթել և բրոնզե մեդալ նվաճել:

-Մրցակիցս անգլիացի Վիդալ Ռայլինն էր, որին հաղթել էի նաև աշխարհի առաջնության ժամանակ: Երկուսս էլ տեղյակ էինք միմյանց հնարավորություններին :Պետք է նշեմ, որ հեշտ մենամարտ չստացվեց : Վնասվածքս զգացնել էր տալիս , hատկապես, երբ հարված էի բաց թողնում, բայց այնուհանդերձ կարողացա հաղթել:

-Նարեկ առջևում Զագրեբում կայանալիք Եվրոպայի առաջնություն է: Ժամանակը չէ մեդալի հարգը փոխելու:

-Այո, ամեն ինչ անելու եմ որպեսզի լավ պատրաստվեմ և ավելի բարձր հարգի մեդալով վերադառնամ Հայաստան:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: