Հայերեն   English   Русский  

ԹՈՐՈՍ ՌՈՒԲԻՆՅԱՆ.հմուտ դիվանագետ


  
դիտումներ: 2898

Հայ ժողովրդի պատմությունը զուրկ է օրինաչափությունից: Եղել են իրավիճակներ, երբ հայոց պետականությունը, գտնվելով իր փառքի գագաթնակետին, արագ անկում է ապրել, եղել են նաև դեպքեր, երբ կազմալուծված, հյուծված ու կեղեքված հայությունը հանկարծ զարթնել է նիրհից և մի ոստյունով դարձյալ անկախ պետականություն ծնել: Նման դեպքեր շատ կարելի է թվարկել:

Այս շարքում յուրօրինակ է Կիլիկիայի հայոց անկախ իշխանապետության ծնունդը:

Դեռ ոչ վաղ անցյալում` 1045 թ., Բագրատունյաց թագավորությունն անփառունակ վախճան ունեցավ: Դարերով թափված արյան ու մաքառումների գնով ձեռք բերված անկախությունը հայ կղերի թեթև ձեռքով կործանվեց: Սակայն Բագրատունյաց թագավորության կործանման մեջ միայն հայ եկեղեցին չէ, որ մեղավոր էր: Հայոց հասարակարգը սոցիալ-տնտեսական և բարոյահոգեբանական խոր ճգնաժամ էր ապրում: Շատ անվանի ու ազդեցիկ իշխաններ Գագիկ Բ Կրտսեր Բագրատունի թագավորից (1042-1045) հետո ուղղակի իրենց հայրենական կալվածքները հանձնեցին բյուզանդական կայսրությանն ու լքեցին երկիրը: Մասնավորապես` Գրիգոր Մագիստրոս Պահլավունի իշխանը, Վանանդի Գագիկ թագավորը....

Հայաստանից սկիզբ առավ հոծ արտագաղթ, և թվում էր` հայությունն այլևս ընդունակ չի լինի ոտքի կանգնել ու անկախ պետականություն ձեռք բերել:
Սակայն կատարվում է անսպասելին. Բագրատունյաց թագավորության անկումից անգամ կես հարյուրամյակ չէր անցել, երբ Կիլիկիայում` օտար հողի վրա, ծլեց հայոց նոր պետականությունը` Կիլիկիայի իշխանապետությունը:
Այս նոր պետության սկզբնավորողը հենց Գագիկ Բ թագավորի թիկնազորի իշխաններից Ռուբենն էր, հավանաբար` դարձյալ Բագրատունյաց տոհմից: Պատմությունը, փառաբանելով Ռուբենին, նրա ստեղծած նոր հարստությունը հենց նրա անունով կոչեց` Ռուբինյան:
Ռուբեն Առաջինը 1080 թ. ապստամբության դրոշ պարզեց Բյուզանդիայի դեմ ու Լեռնային Կիլիկիայում հռչակեց իր անկախությունը: Նա իր կառավարման 15 տարիների ընթացքում ընդարձակեց իր տիրույթները և որդուն ու ժառանգին` Կոստանդինին կտակեց արդեն կայացած ու ճանաչում ստացած հզոր իշխանությունը:
Կոստանդին Առաջինը (1095-1100), շարունակելով հոր քաղաքականությունը, կարճ իշխեց, նրան հաջորդեց որդին` Թորոս Առաջին Ռուբինյանը (1100-1129):
Գահ բարձրանալով` Թորոս Առաջինը ժառանգեց հզոր ու բարգավաճ մի երկիր, որտեղ, սակայն, անպակաս էին նաև խնդիրները:
Կիլիկիայի իշխանապետության հարատևման համար պարտադիր էր Դաշտային Կիլիկիայի նվաճումը, որը կամրապնդեր հայոց իշխանապետության ոչ միայն ռազմավարական դիրքերն ու միջազգային հեղինակությունը, այլև ձեռք կբերվեին Դաշտային Կիլիկիայով անցնող առևտրային հարուստ ճանապարհների հսկողությունն ու եկամուտները, երկիրը դուրս կգար Միջերկրական ծով: Ահա այս խնդիրը պետք է լուծեր Թորոս Ռուբինյանը: Սակայն նրա ծրագրերին մի շարք խանգարող հանգամանքներ կային` ընդդիմացող Բյուզանդիան, սելջուկների Իկոնիայի կայսրությունը, խաչակիրները և Կիլիկիայի տարածքում հաստատված հայ և հույն անջատողական ձգտումներով առանձին իշխանությունները:
Սակայն Թորոս Առաջինը բավականաչափ կամք ու եռանդ ուներ իր առջև դրված խնդիրների լուծման համար:
Գահակալման առաջին տարիներին ևեթ` 1104 թ., Թորոս Առաջինը նախահարձակ եղավ Բյուզանդիայի վրա և նախ ամրապնդեց իր դիրքերը Լեռնային Կիլիկիայում` նվաճելով Սիսը և Անարվազան: Ապա Դաշտային Կիլիկիան մաքրելով բյուզանդական կայազորներից` երկրամասը կցեց իր պետությանը: Թորոս Առաջինն իր իշխանապետության մայրաքաղաքը Վահկայից տեղափոխեց Անարբազա, որը գեղեցիկ շինություններով ու ապարանքներով ճոխացրեց: Նա այստեղ կառուցեց Սուրբ Զորավարաց եկեղեցին:
Դրանով հայոց իշխանն ազդարարեց իր նվաճողական նկրտումների մասին: Դա, բնականաբար, չէր մտնում հարևան տերությունների ծրագրերի մեջ, և շուտով Իկոնիայի սուլթանության մեծաթիվ բանակը ներխուժում է Կիլիկիա:
Թորոսին օգնության է փութում մեկ այլ ականավոր հայ իշխան և զորական` Գող Վասիլը: Կամսարականների տոհմից սերող այս իշխանը Ասորիքի և Հյուսիսային Միջագետքի տարածքում ստեղծել էր լայնատարած անկախ իշխանապետություն և Թորոսի պես նա էլ հավակնություններ ուներ վերականգնելու հայոց թագավորությունը: Երկու հայկական անկախ իշխանությունների միջև եղած հակամարտությունն ու առաջնության համար մղվող մրցակցությունը չխանգարեցին միավորվելուն սելջուկների դեմ պայքարում: Գող Վասիլը լավ էր հասկանում, որ տվյալ դեպքում Կիլիկիայի իշխանապետությունն ապահովում է իր պետության թիկունքը, և Թորոսին ընկճելով` թշնամին կանգ չի առնի: Նրա բանակը միացավ Թորոսի զորքերին, և 1107 թ. Բերդուսի վճռական ճակատամարտում հայերը ջախջախեցին սելջուկյան զորքերն ու դուրս շպրտեցին Կիլիկիայից:
Թորոսը նաև հմուտ դիվանագետ էր: Նա հակաբյուզանդական պայքարում իր պետության արևելյան սահմաններն ամրապնդելու և դաշնակիցներ ձեռք բերելու նպատակով իր դուստր Արտային կնության տվեց Եդեսիայի դուքս Բալդուին Բ-ին: Սա նպաստեց Թորոս Ա-ի դիրքերի ամրապնդմանը, քանի որ հետագայում իր ձեռնարկներում հաճախ էր ներգրավվում Անտիոքի դքսության զինուժը, որ բաղկացած էր խաչակիր ասպետների ծանրազեն հեծելազորից:
Թորոս Ա-ն ոչ միայն հայրենասեր ու զորեղ իշխանավոր էր, այլև պատվախնդիր:
Նա վրեժխնդիր եղավ հույն Մանդալե եղբայրներին Բագրատունյաց արքայատոհմի վերջին գահակալի` Գագիկ Բ Կրտսեր (1042-1045) արքայի նենգ սպանության համար:
Գահազուրկ Գագիկ արքան իր կյանքի մայրամուտին շարժում էր սկսել Կիլիկիայում հայոց երկրի ազատագրման նպատակով: Դա աննկատ չմնաց բյուզանդական արքունիքից, և հենց արքունիքի սադրանքով ազգությամբ հույն Մանդալե եղբայրները հյուրընկալության պատրվակով 1080 թ. ձերբակալեցին հայոց արքային, սպանեցին ու մարմինը մետաղալարով կախեցին իրենց ամրոցի պատից: Հայոց արքայի դիակը հետագայում ամփոփվեց Պիզու վանքում: Հայոց իշխանները հավաքվեցին և պաշարեցին Մանդալեների ամրոցը, բայց գրավել չկարողացան:

Նենգ հույներից վրեժ լուծելը Թորոս Ա իշխանի պատվի խնդիրն էր: Նա 1111 թ. գրավեց հույն եղբայրների Կնդռոսկավիս բերդը, երեք եղբայրներին տանջամահ արեց, սրի քաշեց նրանց ցեղն ու բռնագրավեց կալվածքները: Ժամանակակից պատմիչները վկայում են, որ նա, ձեռք բերելով հայոց արքայի թուրն ու հանդերձանքը, երկար ժամանակ դառնաղի արտասվում էր:
Հիրավի` արժանի պատիժ նենգ եղբայրների նկատմամբ:

Բյուզանդիան, տեսնելով Թորոսի հաջողությունները և հայոց իշխանապետության ամրապնդումը, ստիպված էր հաշտվել ստեղծված իրականության հետ, և Կոստանդնուպոլսի արքունիքը Թորոսին սիրաշահելու քայլեր ձեռնարկեց: Ալեքսիոս կայսրը պատգամավոր ուղարկեց Թորոսի մոտ հաշտության առաջարկով: Կայսրը Թորոսին շնորհեց «Առաջին Սեբաստոս» կոչում:

Թորոսը, լինելով քաջարի ռազմիկ, միաժամանակ շինարար էր ու գիտության, մշակույթի հովանավոր: Իր պետության մեջ նա աչքաթող չարեց նաև հոգևոր-մշակութային կյանքը: Սիս քաղաքի մոտ հիմնադրեց Մաշկևորի և Դրազարկի հռչակավոր վանական համալիրները: Դրազարկի վանքը հետագայում դարձավ նշանավոր գիտամշակութային կենտրոն: Թորոսը, իր կտակի համաձայն, թաղվեց հենց Դրազարկի վանքում, որ դարձավ նաև Ռուբինյանների տոհմական տապանատունը:
Թորոս Առաջինը մահացավ 1129 թ. ` ողջ կյանքում մաքառելով հանուն հայության ու փառավորելով իր իշխանությունը:
Քանի որ Թորոս Առաջինի որդիները` Կոստանդինն ու Օշինը, մահացել էին մանկահասակ տարիքում, նրա գահը ժառանգեց կրտսեր եղբայրը` Լևոն Առաջինը (1129-1137):
Վահե Անթանեսյան





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: