Հայերեն   English   Русский  

Աշխարհի առաջնությունում առաջինը պայքարի մեջ կմտնեն հունահռոմեական ոճի ըմբիշները


  
դիտումներ: 937

ԱՄՆ-ի Լաս Վեգաս քաղաքում այսօր երեկոյան կմեկնարկի Հայաստանի համար տարվա ամենասպասված մարզական միջոցառումը՝ ըմբշամարտի նախաօլիմպիական, վարկանիշային աշխարհի առաջնությունը, որտեղ խաղարկվելու են 16 օլիմպիական ուղեգիր:

Հայաստանը, քանի որ կանանց ըմբշամարտում ներկայացուցիչ չունի, ուստի իրապես կարող է հավակնել օլիմպիական 12 ուղեգրերի: Սեպտեմբերի 7-12 կայանալիք աշխարհի առաջնությունում առաջինը պայքարի մեջ կմտնեն հունահռոմեական ոճի ըմբիշները: Մեր հավաքականը, որ հանդես է գալու օլիմպիական չեմպիոն Լևոն Ջուլֆալակյանի գլխավորությամբ, նպատակ է դրել ձեռք բերելու 5 օլիմպիական ուղեգիր ու 3 մեդալ: Մեր թիմի անդամներից ամենամեծ հնարավորությունն, իհարկե, ունի 98 կգ քաշային Արթուր Ալեքսանյանը:

Աշխարհի գործող չեմպիոնն ու Եվրոպայի առաջնությունների եռակի հաղթողը ոչ միայն մեկ տարուց ավելի գլխավորում է այս քաշային կարգի դասակարգման աղյուսակը, այլև գրեթե բոլոր մասնագետների կարծիքով չեմպիոնի հիմնական թեկնածուն է: Նրան այդ հարցում թերևս լրջորեն կարող են խանգարել այս քաշային կարգի 39 մասնակիցներից իրանցի Գոլամրեզա Ռեզաին և ռուսասատանցի Իսլամ Մագոմեդովը: Աշխարհի չեմպիոնի տիտղոսը պաշտպանելու համար շատ բարդ է լինելու 2012 թվականի Լոնդոնի օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Արսեն Ջուլֆալակյանին: Իսկապես, մեր ներկայիս ամենատիտղոսակիր ըմբիշը հանձին կորեացի Հյունվու Կիմի և ռուսաստանցի Ռոման Վլասովի լուրջ մրցակիցներ ունի 75 կգ քաշային կարգում, որտեղ հայտավորվել է 47 ըմբիշ: Սակայն Արսենն ունի մարտական բնավորություն և բարձր ինտելեկտ, ուստի կարող է ևս մեկ անգամ կանգնել պատվո պատվանդանի ամենավերին աստիճանին: Մեդալի և օլիմպիական ուղեգրի մեր երրորդ ամենահավանական ըմբիշը, Բաքվում այս տարվա հուլիսին կայացած Եվրոպական խաղերի արծաթե մեդալակիր Միհրան Հարությունյանն է: Նա հանդես է գալու 66 կգ քաշային կարգում, որտեղ ամենաշատ մասնակիցների քանակն է՝ 52 ըմբիշ: Միհրանն այս քաշային կարգում առայժմ դասակարգման աղյուսակում 6-րդն է, սակայն նա կարող է խառնել բոլոր խաղաքարտերը: Համենայնդեպս ամբողջ հայ ազգը նրանից մեծ սպասում ունի: Միհրանը, ով անցյալ տարի իր նորամուտը նշելով աշխարհի առաջնություններում՝ վատ հանդես չեկավ, այս տարի պարտավոր է ձգտել մեդալի, առավելևս օլիմպիական ուղեգրի

: Լաս Վեգասում հեշտ չի լինելու նաև 59 կգ քաշային, բազմափորձ Ռոման Ամոյանի համար: Ռոմանն, ով աշխարհի ու Եվրոպայի առաջնությունների մեդալների քանակով առաջինն է մեր թիմում, նաև Պեկինի օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր է, դեռ չի ճաշակել աշխարհի չեմպիոնի քաղցրությունը: Սակայն նա նույնպես այս քաշային կարգում ունի լուրջ մրցակիցներ. 46 մասնակիցների մեջ են իրանցի աշխարհի հնգակի չեմպիոն Սորյանը, 2013 թվականի աշխարհի չեմպիոն բուլղարացի Իվո Անգելովը, Ռուսաստանը ներկայացնող Ստեփան Մարյանյանը, Ուզբեկստանի, Ադրբեջանի, Թուրքիայի, ԱՄՆ-ի պատվիրակները: Այդուհանդերձ Ամոյանից մարզասերները սպասում են նվազագույնը օլիմպիական խաղերի ուղեգիր, և առավելագույնը՝ երազանքի կատարում՝ աշխարհի չեմպիոնի տիտղոսով վերադարձ Հայաստան:

Օլիմպիական 5-րդ ուղեգրի սպասումով է հունահռոմեկան ըմբշամարտի մարզչական կազմը աշխարհի առաջնություն գործուղել 85 կգ քաշային, Հայաստանի առաջնության այս տարվա արծաթե մեդալակիր, Բաքվի խաղերի կիսաեզրափակչի մասնակից Մաքսիմ Մանուկյանին: Մաքսիմն, ով հրաշալի տեխնիկա ունի, տիրապետում է հնարքների մեծ զինանոցի, մի փոքր զիջում է դիմացկունությամբ, ուստի նա Լաս Վեգասում պետք է կարողանա առավելագույնս լավ բաշխել իր ուժերը, որպեսզի 85 կգ քաշային կարգի 42 մասնակիցների պայքարում ձեռք բերի Հայաստանի նախատեսած 5 օլիմպիական վարկանիշներից մեկը: Օլիմպիական 6-րդ ուղեգիրը խաղարկելու են 130 կգ քաշային կարգի 32 մասնակիցները: Հայաստանը այս քաշային կարգում ներկայացնելու է այս տարվա օգոստոս ամսին Բրազիլիայում կայացած երիտասարդների աշխարհի առաջնությունում բրոնզե մեդալի արժանացած Էդգար Խաչատրյանը: Երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Բաբալարյանի կարծիքով 19-ամյա Էդգարը ապագայի ըմբիշ է: <Նա այս պահին ընդամենը կշռում է 108 կիլոգրամ: Մի 10-15 կգ քաշ հավաքելու դեպքում կարող է լուրջ ձեռք բերումների հասնել: Իսկ որոշակի փորձ ձեռք բերելու դեպքում մենք կունենանք կուբացի Լոպեսից ոչ պակաս ըմբիշ>, -աշխարհի առաջնությունից հետո ասաց Ա. Բաբալարյանը: Հուսանք, որ մեր ապագայի ըմբիշը արդեն Լաս Վեգասում խոսել կտա իր մասին: Հունահռոմեական ըմբշամարտում ոչ օլիմպիական են 71 և 80 կգ քաշային կարգերը: Առաջինում Հայաստանը ներկայացնելու է բավական մեծ փորձ ունեցող Վարշամ Բորանյանը: Նա, որ անցյալ տարի Տաշքենդում հասավ կիսաեզրափակիչ և վնասվածքի պատճառով ընդամենը զրկվեց մեդալից, այս տարի կարող է 34 մասնակիցների պայքարում արժանանալ մեդալի: Իսկ ինչ վերաբերում է թիմի նորեկ 80 կգ քաշային Էդուարդ Սարգսյանին, ապա նա պետք է հնարավորինս լավ մասնակցի աշխարհի առաջնությունում և իր տեղը հաստատի հավաքականում: Այս քաշային կարգում հանդես է գալու ընդամենը 28 ըմբիշ:

Այս մասին գրում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: