Հայերեն   English   Русский  

Ըմբշամարտի աշխարհի առաջնության երկրորդ օրն անհաջող էր հայ մարզիկների համար


  
դիտումներ: 1108

Այսօր առավոտյան ավարտված Լաս Վեգասում ընթացող հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի առաջնության մրցումային երկրորդ օրը անհաջող էր հայ մարզիկների համար

: Ռոման Ամոյանը, Վարշամ Բորանյանն ու Էդուարդ Սարգսյանը մեկական հաղթանակ տոնեցին, իսկ գերծանր քաշային կարգում առաջին անգամ Հայաստանը ներկայացրած Էդգար Խաչատրյանը հենց առաջին փուլում պարտվեց Համահայկական խաղերից հետո Բրազիլիա մեկնած, և վերջին տարիներին այդ երկրի դրոշի ներքո հանդես եկող Էդուարդ Սողոմոնյանին:

Այսպիսով, մեր առայժմ հանդես եկած 7 ըմբիշներից միայն Արթուր Ալեքսանյանինհաջողվեց հռչակվել աշխարհի չեմպիոն: Մեդալ նվաճելուն շատ մոտ էր նաև Միհրան Հարությունյանը, սակայն նրա նկատմամբ մրցավարներն անբարյացակամ էին և՛ կիսաեզրափակիչ, և՛ բրոնզե մեդալի համար գոտեմարտերում: Նշված երկու ըմբիշները ձեռք բերեցին նաև 2016 թվականի Ռիո դե Ժանեյրոյի օլիմպիական խաղերի ուղեգիր: Մրցումային երկրոդ օրը հայազգի ըմբիշներից արծաթե մեդալակիր դարձավ Ուկրաինան ներկայացնող, 71 կգ քաշային Արմեն Վարդանյանը:

Անակնկալ գրանցվեց գերծանր քաշային կարգում. կուբացի աշխարհի բազմակի չեմպիոն Լոպեսը եզրափակչում պարտվեց թուրք Ռեզա Կայալպին: Այսօր պայքարի մեջ կմտնի և մեդալների ու համար օլիմպիական ուղեգրի համար պայքարը կսկսի 85 կգ քաշային Մաքսիմ Մանուկյանը: Նրան հենց առաջին փուլում շատ լուրջ մրցակից է բաժին ընկել՝ Բաքվում այս տարի կայացած Եվրոպական խաղերի հաղթող, ռուսաստանցի Դավիթ Չակվետաձեն:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: