Հայերեն   English   Русский  

Գործող սահմանադրությունը չի բացառում այն, ինչ տեղի ունեցավ Ռուսաստանում. Վարդան Պողոսյան


  
դիտումներ: 878

Սահմանադրական հանձնաժողովի որևէ անդամ չի վարձատրվել և չի վարձատրվելու: Հանձնաժողովը խորհրդատվական մարմին է և աշխատում է հասարակական հիմունքներով: Այս մասին այսօր ԱԺ-ում ՀՀ նախագահի ներկայացրած սահմանադրական փոփոխությունների փաթեթը քննարկելիս հայտարարեց ՀՀնախագահինառընթերսահմանադրականբարեփոխումներիմասնագիտականհանձնաժողովիանդամՎարդանՊողոսյանը: Նա նաև նշեց, որ հանձնաժողովի գործունեության ու գործուղումների համար պետբյուջեից գումար չի ծախսվել. ամենն իրականացվել է դոնոր կազմակերպության միջոցներով:

Պատասխանելով ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանի հարցին, թե ինչու փաթեթը չի ներկայացվում որպես նոր սահմանադրություն, այլ ընդամենը փոփոխություն, չնայած գործող սահմանադրությունից ծավալով երկու անգամ մեծ է, Պողոսյանը նշեց, որ փոփոխությունների ծավալը չի կարող չափանիշ հանդիսանալ սահմանադրական փոփոխությունները նոր սահմանադրություն համարելու համար:

«Բովանդակային և ծավալի առումով իսկապես մեծ փոփոխություններ են առաջարկվում, բայց չի նշանակում, որ խոսք պետք է գնա նոր սահմանադրության մասին: Նոր սահմանադրությունը ենթադրում է պետական կարգի արմատական փոփոխություն: Պետական կարգի տակ չեմ հասկանում կառավարման ձևը: Պետական համակարգը բնութագրվում է հանրապետությամբ, ժողովրդավարությամբ, իրավական, սոցիալական պետությամբ, ինքնիշխանությամբ: Եթե այդ տեսանկյունից ենք նայում սահմանադրությանը, այդ առումով որևէ փոփոխություն չի կատարվել: Պետության հիմնական նպատակները, իղձերը, ինչպես սահմանված են գործող սահմանադրության նախաբանում, նույնությամբ մնացել են, փոփոխության չեն ենթարկվել»,- ասաց Պողոսյանը:

Արամ Մանուկյանը հետաքրքրվեց նաև, թե նոր սահմանադրության ընդունվելու դեպքում տեսականորեն հնարավոր է, որ Սերժ Սարգսյանը դառնա երկրի թիվ մեկ քաղաքական դեմքը:

Ի պատասխան Պողոսյանը նշեց, թե հարցին տեսականորեն պատասխանել չի կարող, քանի որ « սահմանադրական փոփոխությունների նախագիծը չի գրվում որևէ անձի կամ քաղաքական ուժի համար»: Պողոսյանը հիշեցրեց, որ Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ խորհրդարանական համակարգի անցնելու պարագայում բացառում է իր դերակատարումը որպես նախագահ, վարչապետ կամ ԱԺ նախագահ:

Պողոսյանի խոսքով`առաջարկվող սահմանադրությամբ չկա այլ պաշտոն, որը երկրի քաղաքական դեմք լինելու հնարավորություն կընձեռի:

«Գործող սահմանադրության առավելությունը ընդդիմության կողմից այն է համարվում, որ 2 անգամ ընտրվելուց հետո նախագահը 3-րդ անգամ վերընտրվելու հնարավորություն չունի: Բայց գործող սահմանադրությունը չի բացառում այն, ինչ տեղի ունեցավ Ռուսաստանում: 3-րդ անգամ ընտրվելու արգելքը վերաբերում է միայն անընդմեջությանը»,- ասաց Պողոսյանը:

Արձագանքելով Պողոսյանի պատասխանին`Արամ Մանուկյանը նշեց, որ չի հավատում Սերժ Սարգսյանի խոստմանը: «Սերժ Սարգսյանը մեկ ամիս առաջ հայտարարեց, որ հոսանքի ողջ թանկացումը կսուբսիդավորվի: Չէր անցել մեկ ամիս, երբ Սերժ Սարգսյանը հերքեց իր ասածը: Ես չեմ հավատում իր խոսքին»,- ասաց Մանուկյանը:

Պողոսյանն էլ հայտարարեց`Ձեր իրավունքն է:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: