Հակառակորդն առավոտյան կրակել է Տավուշի մարզի Չորաթան գյուղի այգիների ուղղությամբ
Բերդի տարածաշրջանի Չորաթան գյուղի Ներքին Շեն կոչվող այգետարածքները կրկին հայտնվել են հակառակորդի կրակի նշանակետում: Համայնքի ղեկավար Վարուժան Բաղմանյանը «Անկախ»-ի թղթակցի հետ զրույցում նշել է, որ այգում աշխատող գյուղացիները հազիվ են կարողացել խուսափել թշնամու արձակած գնդակներից, որոնք սուրալով անցել են նրանց գլխավերևով:
«Երեկ էլ, այսօր էլ, կրակել են: Առավոտյան ժամը 10:00-10:30 կրակել են: Մեր պատասխանից հետո լռել են»,-նշեց համայնքի ղեկավարը: Այս պահին իրավիճակը հանգիստ է, իրականացվում է խաղողի բերքահավաքը: Չորաթանում խաղողաքաղը կավարտվի սեպտեմբերի 22-ին: Գնդակոծվել են նաև Իջևանի տարածաշրջանի Այգեհովիտ գյուղի խաղողի այգիները: Այգեհովիտ համայնքի ղեկավար Լևոն Գրիգորյանի տեղեկացմամբ, կրակահերթերից ամբողջությամբ վնասվել է այգեհովիտցի Բաղրամ Ահարոնյանի ավտոմեքենան: