ՀՕՖ-ը Տավուշի եւս 6 դպրոց ավելի լավ պայմաններ ապահովեց
«Ես հպարտ եմ, որ իմ որդին զոհվել է չքնաղ Տավուշի պաշտպանության դիրքերում: Իմ միակ ցանկությունը խաղաղությունն է: Շնորհակալ եմ իմ որդու հիշատակը հարգելու եւ նրա անվամբ Բերդի թիվ 1 դպրոցի ռազմագիտության դասասենյակը անվանակոչելու համար», -դասասենյակի բացմանը նշեց Վահանի մայրը՝ Անահիտ Բաղդասարյանը:
Նախկինում ՀՕՖ-ի միջոցներով վերակառուցվել էր նաեւ Բերդի թիվ 1 դպրոցի մարզահրապարակն ու ֆիզկուլտուրայի դահլիճը: Դպրոցին տրամադրվել էր նաեւ անհրաժեշտ սպորտային գույք:
Մարզահրապարակ եւ սանհանգույց է կառուցվել նաեւ Ներքին Կարմիրաղբյուր գյուղի դպրոցում: Վերակառուցվել է Պառավաքար գյուղի մարզահրապարակը, ֆինանսական աջակցություն է ցուցաբերվել դպրոց խմելու ջրագիծ անցկացնելու համար:
Միանգամայն նոր մարզադաշտ է կառուցվել ու խոտածածկով ապահովվել Բերդի ավագ դպրոցում: Քաղաքի թիվ 4-րդ դպրոցում վերանորոգվել ու մասնակի կահավորվել է խոհանոցը, սեղանի թենիսի սենյակը: Կառուցվել է նոր սան. հանգույց: Գեղեցիկ, նոր ու հարմարավետ բասկետբոլի եւ ֆուտբոլի մարզադաշտ է կառուցվել Բերդի 3 դպրոցի աշակերտների համար:
«ՀՕՖ-ի անունից շնորհակալություն եմ հայտնում բոլոր դպրոցների աշխատակզմերին ու աշակերտներին՝ շինարարական աշխատանքներում մասնակցություն ունենալու ու իրենց լուման այս կարեւոր գործում ներդնելու համար: ՀՕՖ-ի «Աղքատության հաղթահարումը Տավուշի մարզում» ծրագիրը շարունակում է Բերդի ու հարակից գյուղերի բնակիչների կողքին լինել»,- ասաց ՀՕՖ-ի կրթական ու գիտական ծրագրերի ղեկավար Էդուարդ Կարապետյանը:
Շինարարական աշխատանքներ են ընթանում նաեւ Այգեպար համայնքում, ինչի շնորհիվ սահմանամերձ գյուղի դպրոցականները կմարզվեն նոր խաղահրապարակում:
Թե՛ Բերդ քաղաքի, թե՛ «Աղքատության հաղթահարումը Տավուշի մարզում» ծրագրում ընդգրկված գյուղերի կրթական որոշ հաստատություններում դեռ վերանորոգման աշխատանքներ են ընթանում, որոնք կավարտվեն տարեվերջին՝ համալրելով սահմանամերձ մարզում գրանցած հաջողությունները: