Հայերեն   English   Русский  

Երիտասարդ քանդակագործները գոհ են, որ գոնե գերեզմանաքարերի պատվեր են ստանում


  
դիտումներ: 4170

Երիտասարդ քանդակագործներ Հարութ Կարապետյանն ու Մելիք Շահնազարյանը դեռևս պատանեկան տարիքում նույն արվեստի դպրոցն էին հաճախում: Հետո ընդունվեցին Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարան, ապա ուսումը շարունակեցին Գեղարվեստի պետական ակադեմիայում: Այսօր էլ միասին են աշխատում:

Ուսանողական տարիներին ստացած գիտելիքներից շատ գոհ են, իսկ ակադեմիայի դասախոս, քանդակի ամբիոնի վարիչ, հայտնի քանդակագործ Գետիկ Բաղդասարյանի դերն իրենց կյանքում ճակատագրի պարգև են համարում:

Melik

2000-ի սկզբներին, ավարտելով ուսումը, նրանք էլ շատերի պես կկանգնեին անորոշության առջև, եթե իրենց սիրելի վարպետի կողմից չներգրավվեին քանդակի գործերում: Տղաները հիշում են՝ նրա հետ արած առաջին գործը Կանադայի հայկական եկեղեցիներից մեկի հարթաքանդակներն էին: Հետո վարպետը նրանց Դանիա տարավ՝ մասնավոր նախագծի վրա աշխատելու: Ցավոք, դա արտերկրում աշխատելու նրանց առաջին և առայժմ միակ օրինակն է:
Նրանց բախտը մեկ այլ հարցում էլ է բերել. հնարավորություն են ունեցել աշխատելու անվանի հայ ճարտարապետ Ջիմ Թորոսյանի հետ` Սպիտակի հրապարակի նախագծման ժամանակ, Միացյալ Նահանգներում բնակվող անվանի հայ քանդակագործ Երվանդ Գոջաբաշյանի, Թամանյանի արձանի հեղինակ, հայտնի քանդակագործ Արտաշես Հովսեփյանի և այլ մեծերի հետ:

«Հակառակ դեպքում, մենք էլ երևի կահույքի ցեխերում բանվորություն կանեինք, կահույք կհավաքեինք, ոսկերչությամբ կզբաղվեինք, կանեինք մեր մասնագիտության հետ կապ չունեցող գործեր կամ էլ ընդհանրապես ոչինչ չէինք անի, ինչպես մեր ընկերներից շատերը»,- ասում է Հարութը:

524698_4541883515388_1588874609_n

Երիտասարդ քանդակագործները Նկարիչների միության անդամ են և մասնակցում են Հայաստանում անցկացվող բոլոր ցուցահանդեսներին՝ հանրապետական, երիտասարդական, մասնավոր, անհատական: Այսուհանդերձ, նրանք էլ այսօր կանգնած են լուրջ խնդիրների առջև: Անգամ այդ ցուցահանդեսներից այնքան են հոգնել, որ այլևս չեն ուզում մասնակցել, քանի որ դրանք որևէ արդյունք չեն տալիս:

315975_543509445691929_615584305_n

«Դեռ մի բան էլ գլխացավանք են,- ասում է Հարութը,- ծանր-ծանր քարերը շալակում-տանում ենք, հետո ծանր-ծանր հետ բերում: Ոչ մի արձագանք, անգամ ամենատարրական բանը, որ միությունը պետք է կազմակերպի` քննարկումներ, դա էլ չի արվում»:
Երիտասարդ քանդակագործների խոսքով՝ միությունում լճացած վիճակ է, երիտասարդների համար էլ որևէ հետաքրքիր, օգտակար և նոր բան չկա:
Մի խնդիր էլ կա: Ասում են, որ անկախությունից հետո միություն ընդունվելը շատ է հեշտացել, ով ասես դարձել է միության անդամ: Հանրապետական ցուցահանդեսների աշխատանքներն էլ ժյուրիի կազմը չի ընտրում, բոլոր անդամներն իրավունք ունեն ներկայացնելու իրենց գործերը: «Եվ այդ ցուցահանդեսներին մի էնպիսի ռաբիզ մթնոլորտ է տիրում, որ մարդիկ ուղղակի զզվում են՝ մտնեն: Լավ գործերն էլ խառնվում են վատերին, չեն երևում: Շատերն են մեզ բողոքել, որ մակարդակն ահավոր է: Ճիշտ է, տարվա վերջում Նկարիչների միությունը հանդես է գալիս հաշվետվությամբ և ներկայացնում մի հսկայական ցուցակ, թե ինչեր են արվել, ինչ ցուցահանդեսներ են կազմակերպվել և այլն, բայց թե ինչ են տվել այդ ցուցահանդեսները, հայտնի չէ: Գոնե մի քննարկում արվե՞լ է: Ոչ»:

«Այսինքն, «պտիչկա» դնելու համար է, ինչպես մեր պետությունում շատ բան»,-ավելացնում է Մելիքը:

Հարութ Կարապետյանի գործերից

Որպես արվեստագետի համար լուրջ խնդիր` նրանք առանձնացնում են նաև արվեստաբանների հետ շփման բացակայությունը և նշում, որ Նկարիչների միության կողմից կազմակերպվող ցուցահանդեսների շրջանակներում չեն կազմակերպվում քննարկումներ արվեստաբանների և արվեստագետների միջև: Իսկ արվեստաբաններին անհատապես դիմելու դեպքում էլ` մերժում են ստանում. «Իրենց պիտի գնաս խնդրես, որ գան գործերդ նայեն, կարծիք հայտնեն»,- ասում է Մելիքը:
«Երբ ասում ես՝ կարծիք հայտնեք, ասում են՝ մեզ ոչ ոք չի վճարում դրա համար: Բայց չէ՞ որ մեզ էլ մեր քանդակների համար ոչ ոք չի վճարում: Հիմա շատերն իրենց աշխատանքներով գիրք են տպում և արվեստաբաններին փող տալիս, որ իրենց մասին գրեն: Եվ արվեստաբաններն էնպիսի բաներ են գրում, որ քեզ թվում է՝ հանճարի հետ գործ ունես: Բայց մեզ փողով կարծիք պետք չի: Ընդհակառակը, մեզ պետք է, որ մեր գործերը նաև քննադատեն, որպեսզի մենք շտկենք թերությունները, զարգանանք, հակառակ դեպքում` կճահճանանք: Բոլորը գալիս, ասում են՝ վա՜յ, ինչ հրաշալի գործեր են, ու գնում: Երևի պատճառն այն է, որ այս դաշտը փոքր է, բոլորն իրար ճանաչում են, չեն ուզում վատ բան ասել, որովհետև շատերը քննադատությունից նեղանում են: Մի անգամ մենք մեզանից ավելի երիտասարդ քանդակագործների ասացինք, որ ասենք` այս պահը լավ չի, մեզանից նեղացան, էլ բարև չեն տալիս»,- ասում է Հարութը:

քանդակագործԵրիտասարդ քանդակագործներն ապրուստի խնդիրը լուծելու համար ստիպված են լինում ընդունել պատվերներ, որոնք այնքան էլ արվեստի հետ կապ չունեն: Մեր զրույցի պահին, օրինակ, Մելիքն ու Հարութը մի գործ էին քանդակում. պարզվեց՝ գերեզմանաքար է: Ասում են, որ անգամ ամենահայտնի քանդակագործներն են գերեզմանաքարերի պատվերներ վերցնում: Այլ տարբերակ չկա, քանի որ Սովետն այլևս անցյալում է, երբ պետությունը յուրաքանչյուր արվեստագետի պատվեր էր տալիս և պարտադիր գնում նրա աշխատանքը, իսկ մեր օրերում արվեստի գործեր գնելը կա՛մ հասանելի չէ, կա՛մ էլ մարդիկ դրա պահանջը չունեն:

Տղաները գոհ են, որ դեռ սա էլ կա: Ճիշտ է՝ գերեզմանաքարեր քանդակելն իրենց համար արվեստ չէ, բայց գոնե մասնագիտական գործ է, շատերը նաև դրանից են զրկված:

Անկախ ամեն ինչից, նրանք անընդհատ ստեղծագործում են: Հենց պատվերով աշխատանքն ավարտվում է, անցնում են արդեն հոգեհարազատ գործին, և քանդակների հավաքածուն հետզհետե մեծանում է:

10173545_410098242468173_8053636455497656139_nՀարութն իր Զեյթունի բնակարանը վաճառել է, սեփական տուն գնել Առինջ գյուղում, որպեսզի առանձին արվեստանոց ունենա: Այստեղ էլ ծանոթանում եմ նրա աշխատանքներին: Որոշ գործեր էլ Մելիքինն են, որը, բացի քանդակներից, նաև գրաֆիկական աշխատանքներ է ստեղծում: Տղաների գործերով իսկապես կարելի է հիանալ. գեղեցիկ են, խորիմաստ ու ամենակարևորը՝ ինքնատիպ:
Սակայն այդ աշխատանքներով նրանք ապրել չեն կարող, քանի որ այն, ինչ ստեղծում են արվեստի մղումով, չի վաճառվում: «Նախ թանկ ենք գնահատում, ասենք՝ երեք հազար դոլարից սկսած, իսկ Հայաստանում գնող չկա, կամ էլ ցանկացողների համար գինն անհասանելի է»:

Մելիք Շահնազարյանի գործերից

Ասում են, որ ցուցահանդեսների ժամանակ միշտ նույն մարդիկ են գալիս, կողմնակի ոչ ոք չկա, համատարած անտարբերություն է: «Իսկ եթե, ասենք, Կասկադում մի նոր քանդակ են բերում, մարդիկ վազում են տեսնելու և հիացած ասում են՝ շատ լավն է: Բայց Կասկադում բոլորը չէ, որ արվեստի գործեր են: Կան շատ վատ գործեր, իսկ մեզ մոտ կան վարպետներ, որոնք հազար անգամ ավելի լավ գործեր են ստեղծում, ուղղակի մերոնց գործերի նկատմամբ հետաքրքրություն չկա»:

Ի՞նչ է պետք երիտասարդ քանդակագործին ստեղծագործելու և իր ստեղծագործությամբ նաև ապրուստի խնդիրը լուծելու համար: «Ստեղծագործելու պայմաններ, հասարակության կողմից ընկալում, արվեստի նկատմամբ անտարբերության վերացում, ցուցադրվելու հնարավորություն երկրի ներսում և դրսում, շփում այլ արվեստագետների հետ, արվեստաբանների հետ քննարկումներ և այլն»,- թվարկում են նրանք:

1424524_333869633424368_121013923_nԳուցե այս շարքին ավելացնենք նաև ամենակարևորը՝ Հայաստանում սոցիալական բեռի թեթևացում, որպեսզի մարդիկ, հացի խնդիր լուծելուց բացի, մտածեն նաև հոգևոր պահանջմունքները բավարարելու մասին, քանի որ մենք՝ հայերս, անկախ ամեն ինչից, արվեստասեր ժողովուրդ ենք:

Չնայած այս ամենին՝ երիտասարդ արվեստագետները չեն մտածում Հայաստանից հեռանալու մասին, մտածում են միայն համաշխարհայի արվեստի հետ շփվելու և հետ վերադառնալու մասին: «Պետք է մնաս քո երկրում, ստեղծագործես ու պայքարես»,- ասում է Հարութը:
«Մի խոսք էլ կա. միջակություններն իրենց ճանապարհը գտնում են, իսկ տաղանդավորներին օգնել է պետք: Մենք դեռևս քարի հետ ենք պայքարում»,-ծիծաղելով ավելացնում է Մելիքը ու շարունակում հղկել նորածին երեխան գրկին կնոջ կերպարանքով գերեզմանաքարը:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: