Հայերեն   English   Русский  

Ժ.Ադիլբաև. Հայաստանում կատարվող սահմանադրական բարեփոխումներն էլ, վտահ եմ, հօգուտ Հայաստանի են արվում


Կոնֆերանս՝ նվիրված Հայաստանի ու Ղազախստանի Սահմանադրությունների քսանամյակին


  
դիտումներ: 1321

Հայաստանին ու Ղազախստանին միավորում է մայր օրենքի՝ Սահմանադրության 20 տարվա պատմությունը: Խորհրդային Միության փլուզումից հետո 1995թ.-ին համաժողովրդական հանրաքվեի արդյունքում Հայաստանն ու Ղազախստանն ընդունեցին իրենց Սահմանադրությունները՝ յուրաքանչյուրը նախանշելով երկրի հետագա զարգացման իր ուղին:

Հայաստանում սահմանադրական բարեփոխումների շուրջ ծավալվող դիսկուրսի համատեքստում երկու երկրների անցած սահմանադրական ճանապարհին, փորձին ու ձեռքբերումներին Էր նվիրված «Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ-ի նախաձեռնած «2015թ.՝ Հայաստանի ու Ղազախստանի Սահմանադրությունների քսանամյակ» թեմայով կոնֆերանսը: Կոնֆերանսին մասնակցում էր Ղազախստանի դեսպանության խորհրդական-պատվիրակ Ժ. Ադիլբաևը, դիվանագիտական անձնակազմի այլ ներկայացուցիչներ, սահմանադրական իրավունքի մասնագետներ, փորձագետներ:

Ադիլբաևն իր ելույթում պատմական էքսկուրս կատարեց՝ անդրադառնալով երկրի իրավական հիմք դարձած Սահմանադրության անցած ուղուն, 1998, 2007, 2011 թվականներին դրանում արված փոփոխություններին ու լրացումներին:

Ադիլբաևն, ընդգծելով Ղազախստանի զարգացման մեջ Սահմանադրության ունեցած անգնահատելի դերը, հպարտ նշում է. «Այսօր Ղազախստանը վստահ նայում է առաջ: Այդ հաջողության գրավականը Սահմանադրությունն է»: Ի լրումն իր խոսքերի՝ նա կոնֆերանսի մասնակիցներին առաջարկեց դիտել մերօրյա Ղազախստանի զարգացած կենսապայմանների մասին պատմող կարճ ֆիլմը:

Ղազախստանում օրենքի առջև հավասարությունը, նրա խոսքով, օգնել է հաղթահարել այն դժվարությունները, որ կարող էին առաջանալ երկրում, որտեղ ապրում են մոտ 130 էթնիկ փոքրամասնության ներկայացուցիչներ: Իսկ հոբելյանական տարին նրան ոչ միայն արդյունքներն ամփոփելու, այլ նաև մտորումների առիթ է տալիս:

«Մենք այսօր առիթ ունենք հպարտանալու, քանի որ Ղազախստանում Սամանադրությունը խաղաղ կեցության հիմքեր է ստեղծել: Այն կլրացվի, փոփոխությունների կենթարկվի, բայց հուսով եմ՝ դրա շնորհիվ կծաղկի Ղազախստանը: Այս առումով Հայաստանում կատարվող սահամանադարական բարեփոխումներն էլ, վտահ եմ, հօգուտ Հայաստանի են արվում»,-իր խոսքում նշեց Ադիլբաևը:

«Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ նախագահ Կարեն Բեքարյանի, ԱՊՀ երկրների ինստիտուտի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Ալեքսանդր Մարգարովի, «Ինտեգրացիա և զարգացում» ՀԿ նախագահ Արամ Սաֆարյանի, ԵՊՀ դասախոս, արևելագետ Նաիրա Մկրտչյանի, Սահմանադրական դատարանի նախագահի ավագ խորհրդական Անահիտ Մանասյանի ելույթները ևս նվիրված էին Հայաստանի ու Ղազախստանի անցած սահմանադրական ուղուն, առկա դիսկուրսներին ու հայ-ղազախական արդյունավետ համագործակցության հնարավորություններին արդեն ԵՏՄ շրջանակներում:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: