Հայերեն   English   Русский  

ԱԺ-ն կողմ քվեարկեց. Սահմանադրական փոփոխությունների նախագիծը հանրաքվեի կդրվի


  
դիտումներ: 834

ԱԺ-ն կողմ քվերակեց «Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելու վերաբերյալ համաձայնություն տալու մասին» հարցին: Նախագիծն անցավ քվեների 104 կողմ, 10 դեմ և 3 ձեռնպահ հարաբերակցությամբ:

Մինչ այդ նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ Վարդան Պողոսյանը ներկայացրեց, թե ԱԺ նախորդ նիստից հետո պատգամավորների առաջարկությունների հիման վրա ինչ փոփոխություններ են կատարվել նախագծում:

Նա տեղեկացրեց, որ առաջարկություններ ստացել են բոլոր գլուխների վերաբերյալ: Առաջարկություններ ներկայացվել են ԱԺ ՀՀԿ, ԲՀԿ, ՕԵԿ, ՀՅԴ խմբակցությունների, ինչպես նաև ՀԱԿ և Ժառանգություն խմբակցությունների անհատ պատգամավորների, անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանի կողմից:

Պողոսյանը նշեց, որ «Սահմանադրական կարգի հիմունքներ» գլխի 5-րդ հոդվածից հանվել է միջազգային իրավունքի համապարտադիր նորմերի գերակայության մասին դրույթը` հաշվի առնելով որ այն միանշանակ չընդունվեց ոչ հանրության, ոչ մասնագետների կողմից: «Ըստ էության 5-րդ հոդվածի վերջին մասում ամրագրված դրույթը գրեթե բառացի համապատասխանում է գործող սահմանադրության դրույթին և սահմանում է, որ ՀՀ սահմանած պայմանագրերը կիրառման տեսանկյունից գերակայություն ունեն օրենքների նկատմամբ»,- ասաց Պողոսյանը:

Նախագծում ներառվել է նաև սեփականության իրավունքն ամրագրող դրույթ.

«Հիշում եք, որ սոցիալական- շուկայական տնտեսության մասին դրույթը միանշանակ չընդունվեց և առաջարկվում էր այդ դրույթում ընդգրկել նաև սեփականության այլ ձևերը: Մենք նպատակահարմար ենք գտել նոր հոդված ավելացնել: 10-րդ հոդվածը երաշխավորում է սեփականության բոլոր ձևերը: ՀՀ-ում ճանաչվում և հավասարապես պաշտպանվում են սեփականության բոլոր ձևերը: Սահմանվում է նաև, որ պետության բացառիկ սեփականությունն են ընդերքը և ջրային ռեսուրսները»,- ասաց Պողոսյանը:

Նա նաև նշեց, որ վերականգնվել է նաև գործող սահմանադրության դրույթը, ըստ որի ոչ ոք չի կարող զրկվել սեփականությունից բացառությամբ դատարանի որոշմամբ օրենքով սահմանված կարգով:

Նախագծում ներառվել է նաև նոր հոդված, որն ամրագրում է, որ կառավարությունն է կառավարում պետական սեփականությունը:

«Սահամանադրության նախագծի 16-րդ հոդվածում ընտանիքի պաշտպանության հետ կապված կարևորագույն փոփոխություն է կատարվել, որտեղ ուղղակիորեն ամրագրվել է դրույթը, որ պետության հատուկ պաշտպանության և հովանավորության ներքո են ոչ միայն ընտանիքը, այլ նաև մայրությունը և մանկությունը»,- ասաց Պողոսյանը:

Իսկ Սփյուռքի հետ կապերին վերաբերոցղ հոդվածում ամրագրվել է նաև պետության պարտավորությունը նպաստել հայոց լեզվի զարգացմանն այլ երկրներում:

«Հավաքների ազատությանը վերաբերող 44-րդ հոդվածում կարևորագույն փոփոխություն է կատարվել: Նպատակահարմար գտանք հատուկ ամրագրել, որ ինքնաբուխ հավաքների իրականացման համար իրազեկում չի պահանջվում»,- ասաց Պողոսյանը:

Անդրադառնալով սահմանադրության նախագծով օտարերկրյա քաղաքացիներին ընձեռված ՏԻՄ ընտրությունների ժամանակ ընտրելու և ընտրվելու իրավունքի հնարավորությանը, Պողոսյանը նեց, որ դա հանրության մտահոգությունն էր առաջացրել: Նախագծում վերականգնվել է գործող սահմանադրության դրույթը ըստ որի կարող է օրենքով սահմանվել ՀՀ քաղաքացիություն չունեցող անձանց ՏԻՄ ընտրություններին և տեղական հանրաքվեներին մասնակցելու իրավունքը:

Վիճահարույց է եղել նաև ցուցմունք տալու պարտականությունից ազատվելու իրավունքը: Գործող սահմանադրությամբ ամրագրված է, որ ոչ ոք պարտավորված չէ ցուցմունք տալ իր, ամուսնու կամ մերձավոր ազգականների վերաբերյալ: «Նախագծում «վերաբերյալ» բառը «դեմ» բառով էր փոխարինվել: Հաշվի առնելով մտահոգությունները` նոր նախագծում փորձ է արվում այնպիսի ձևակերպում առաջարկել, որ հնարավորություն է տալիս, որ մարդը մի կողմից չպարտավորվի իր դեմ ցուցմունքներ տալ, բայց նաև մյուս կողմից համապատասխան մարմինները սահմանադրությանը համապատասխան, օրենքների շրջանակում հնարավորություն ունենան դատաքննության ընթացքում ցուցմունքներ ստանալ դատական ճշմարտությանը հասնելու համար»,- ասաց Պողոսյանը: Դրույթը նախագծում շարադրված է հետևյալ կերպ. «Ոչ ոք պարտավոր չէ ցուցմունք տալ իր, ամուսնու կամ մերձավոր ազգականների վերաբերյալ, եթե ողջամտորեն ենթադրվում է, որ այն հետագայում կարող է օգտագործվել իր կամ նրանց դեմ»:

Պողոսյանը նաև տեղեկացրեց, որ վերականգնվել է արարքի պատժելիությունը վերացնող և մեղմացնող օրենքի հետադարձ ուժ ունենալու մասին կետը:

Ամրագրվել է, որ ՀՀ դրամի անվան ցանկացած փոփոխություն պետք է իրականացվի միայն հանրաքվեի միջոցով, ինչը պայմանավորված է վերազգային կազմակերպություններին ՀՀ անդամակցության հետ:

«205 հոդվածում տարածքային ամբողջականություն արտահայտությունը փոխարինվել է տարածքի փոփոխություն բառով, և ինչպես օոգոստոսի 21-ի նախագծում էր նախատեսված, այնպես էլ այժմ, տարածքի փոփոխության վերաբերյալ ցանկացած հարց իրավասու է որոշել միայն ժողովուրդը, որն ինքնիշխանության կրողն է»,- ասաց Պողոսյանը:

Նա նաև նշեց,ո ր կատարված փոփոխությունները վկայում են այն մասին, որ նախագահը ձգտում է հասարակական համաձայնության հասնել նոր նախագծի շուրջ:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: