Հայերեն   English   Русский  

Թե ինչպես մարմնամարզիկ Վիգեն Խաչատրյանից «գողացան» օլիմպիական մեդալները


  
դիտումներ: 2303

Չինաստանի Նանջինգ քաղաքում կայացած պատանեկան օլիմպիական երկրորդ խաղերում Վիգեն Խաչատրյանից սպասելիքները մեծ էին, սակայն մարմնամարզիկը հաջող մեկնարկից հետո անսպասելիորեն դարձել էր հանդիսական:

Խոսվում էր այն մասին, որ նրան խանգարել է վնասվածքը: Թե ինչ է կատարվել իրականում, վերադարձից հետո հարցրինք նրա մարզիչ Արտյոմ Ավետյանին:

- Վիգենը Եվրոպայի երիտասարդների առաջնությունում մասնակցել էր բազմամարտի եզրափակչին և 6-րդ տեղ գրավել, այնպես որ նրանից այս անգամ էլ լավ արդյունք էինք սպասում: Խաչատրյանը որակավորման փուլում հենացատկերում երկրորդն էր (14,425 միավոր), ազատ վարժություններում` երրորդը (14 միավոր), օղակների վրա վարժություններում` հինգերորդը (13,7 միավոր), նժույգաթափերում ` տասնյոթերորդը: Մեջքի վնասվածքի պատճառով նա հանդես չեկավ մյուս երկու մրցաձևերում: Մեր մարզիկը սուր ցավեր ուներ, և նրան շտապ օգնության ավտոմեքենայով տեղափոխել էին հիվանդանոց:

Փաստորեն, Վիգենը բազմամարտի երեք մրցաձևում (հենացատկեր, ազատ վարժություններ, օղակների վրա վարժություններ) պետք է 8 ուժեղագույնների թվում մասնակցեր եզրափակիչ փուլի մրցումների: Ընդ որում, ըստ կանոնադրության, 45 միավոր հավաքած մարմնամարզիկը մեխանիկորեն հանդես էր գալու նաև բազմամարտի եզրափակչում: Խաչատրյանը հավաքել էր շատ ավելի` 56 միավոր, բայց նրան չթույլատրվեց կարողությունները փորձել ոչ միայն բազմամարտում, այլև առանձին մրցաձևերի պարգևների խաղարկությունում: Եթե մեր մարզիկը մրցահարթակ դուրս գար և, անգամ ոչինչ չկատարելով, 0 ստանար պտտաձողի վրա, ազատ վարժություններում, դարձյալ եզրափակչում իր կարողությունները փորձելու հնարավորություն կստանար: Ընդ որում, եթե մեր մարզիկը եզրափակչում թեկուզ այն գնահատականները ստանար, որոնց արժանացել էր նախնական փուլում, ապա անպայման մրցանակակիր կդառնար: Ի դեպ, չնայած լուրջ վնասվածքին, Խաչատրյանը պատրաստ էր պայքարելու մեդալների համար, սակայն նրան թույլ չտվեցին:

Զարմանալին այն էր, այդ մասին ոչ ոք չէր կարողանում հստակ բացատրություն տալ: Որ կարող է այդպիսի իրավիճակ ստեղծվել, չէր հայտարարվել մրցումների մեկնարկից առաջ կազմակերպված մրցավարների և մարզիչների խորհրդակցության ժամանակ: Նախապես մոտեցել և տեղեկացրել էի մրցավարներին, որ Խաչատրյանը չի կատարելու վարժությունները, բայց նրանք էլ անտեղյակ էին և դրա մեջ ոչ մի վտանգավոր բան չէին տեսնում:

Տուժեց ոչ միայն Հայաստանի, այլև մի քանի այլ երկրների ներկայացուցիչներ, այդ թվում նաև Կիպրոսի ներկայացուցիչը, որը նույնպես իր ցուցանիշով եզրափակչում կարող էր հանդես գալ և մեդալների հավակնորդ էր: Երբ փորձեցինք կատարվածի համար պարզաբանում ստանալ Մարմնամարզության միջազգային ֆեդերացիայի պատվիրակից, նաև մրցումների տեխնիկական կոմիտեի նախագահից, նրանք էլ այդ կապակցությամբ տարակուսանք ու զարմանք հայտնեցին: Միևնույն է, ոչինչ չփոխվեց:

- Իսկ ինչո՞ւ Հայաստանը մրցավար չուներ այդ ստուգատեսում:

- Բանն այն է, որ հրավիրվել էին մինչև 35 տարեկան միջազգային կարգի մրցավարներ, իսկ մեր երկրում այդպիսին չկա:

Նանջինգից հետո նոր փորձություն Նանինգում

Հայաստանի մարմնամարզության հավաքականի գլխավոր մարզիչ, միջազգային կարգի մրցավար Հակոբ Սերոբյանը Երևանից էր հետևում Չինաստանում կատարվող իրադարձություներին: Հետաքրքիր էր, թե նա ինչպես է գնահատում մեր մարզիկի մրցելույթը, ինչպես մեկնաբանում կատարվածը:

- Վիգենը գերազանց է կատարել առաջադրանքը, նա անգամ վնասվածքով պարգևների տիրանալու մեծ հնարավորություններ ուներ: Ինքս եթե մրցավայրում լինեի, մեծ աղմուկ կբարձրացնեի: Բանն այն է, որ հնարավոր էր Մարմնամարզության միջազգային ֆեդերացիայի ղեկավարության պահանջով արդարությունը վերականգնել: Սակայն Բրունո Գանդիի ղեկավարած այդ կառույցը, որի գլխավոր հովանավորը, ի դեպ, ադրբեջանական բանկերից մեկն է, հեռու է արդարության հարցում անբասիր լինելուց:

- Առաջիկայում ի՞նչ փորձություններ են սպասում մեր մարմնամարզիկներին:

- Սեպտեմբերի 26-ին ուղևորվելու ենք Չինաստանի Նանինգ քաղաք, որտեղ անցկացվելու է աշխարհի առաջնությունը: Արթուր Դավթյանը հանդես է գալու բազմամարտում, իսկ Հարություն Մերդինյանը` նժույգաթափերում: Հատուկ ուսումնամարզական հավաք անցկացնելու հնարավորություն չկա, նախապատրաստվում ենք Ալբերտ Ազարյանի անվան մարմնամարզության դպրոցի մարզասրահում: Ես կատարելու եմ մրցավարի պարտականություն, իսկ մարմնամարզիկներին մրցահարթակ դուրս կբերի մարզիչ Սոս Սարգսյանը:

Աշխարհի նախորդ առաջնությունում, որն անցկացվել էր Բելգիայի Անտվերպեն քաղաքում, Մերդինյանը նժույգաթափերում 9-րդն էր: Փաստորեն, 0,1 միավոր չբավականացրեց, որ նա եզրափակչում հանդես գալու իրավունք ստանար: Վահագն Ստեփանյանն էլ նժույգի վրա կատարել էր իր բարդ կապակցությունը: Այժմ այն հայ մարմնամարզիկի անունով է կոչվում: Արթուր Դավթյանը զինծառայության մեջ էր և չէր կարող մասնակցել: Այժմ նա շարունակում է զինծառայությունը, սակայն թույլատրել են, ազատ են արձակել, որ նախապատրաստվի: Հատուկ ուսումնամարզական հավաք ոչ միայն տանը, այլ դրսում չի կազմակերպվել, սակայն մրցավայրում մեր մարմնամարզիկները 2-3 օր կունենան կլիմայափոխվելու, մարզագործիքներին ծանոթանալու համար:

- Մերդինյանը նժույգաթափերի Եվրոպայի կրկնակի բրոնզե մեդալակիր է, աշխարհի գավաթի խաղարկության մրցաշարերի կրկնակի հաղթող: Այս անգամ նա ի՞նչ մտադրություններով է մեկնելու մրցավայր:

- Հարությունի վարժությունների կատարման ծրագիրը բարդացված է` 18,8 միավորից է: Եթե նա կարողանա կատարել այն ամենը, ինչ ներկայումս ցուցադրում է մարզումների ընթացքում, ապա առնվազն եզրափակիչ դուրս կգա, հետո էլ կպարզվի, թե ինչի է ունակ: Դավթյանը պետք է որակավորման փուլում բազմամարտում 24 լավագույնների խմբում տեղ զբաղեցնի: Հայաստանի ներկայացուցիչներից ոչ ոքի վերջին շրջանում չի հաջողվել այդ անել: Առաջնահերթ ցանկանում ենք ստուգել, թե ինչ հնարավորություններ ունի մեր մարզիկը:

Բանն այն է, որ հաջորդ` 2015-ի աշխարհի առաջնությունում վիճարկվելու են օլիմպիական խաղերի ուղեգրեր: Արդեն կբացահայտվի, թե Դավթյանն ինչ ակնկալիքով կարող է մասնակցել այդ ստուգատեսին: Մերդինյանն էլ հաջորդ տարի պետք է փորձի մեդալակիր դառնալ, նաև երկու այլ մրցաձևում էլ լավ հանդես գալ, որպեսզի օլիմպիական վարկանիշ լրացնի: Այս տարվա թիմային մրցաշարի 24 լավագույն հավաքականներն իրավունք են ստանալու 2015-ի աշխարհի առաջնությունում պայքարելու օլիմպիական խաղերի մասնակիցների տեղեր ձեռք բերելու համար: Այդ պատվին են արժանանալու 1-12-րդ տեղերը գրավողները:

- Ինչո՞ւ Հայաստանը նաև թիմային պայքարին չի մասնակցում:

- Ֆինանսներ չկան: 18 օր առաջնությունը շարունակվելու է: Ամեն օր մարմնամարզիկների մրցաշարին 10 մրցահերթ է լինելու: Որակավորման փուլը երկու օր է տևելու: Հետո մրցասպարեզը տրամադրվելու է մարմնամարզուհիներին, և այսպես շարունակ: Ի դեպ, նախապես որոշված է, որ մրցավարները պետք է անպայման բարձրակարգ հյուրանոցում մնան, որի համար օրական 200 դոլար պետք է վճարել: Մասնակիցների համար այդ գումարը 100 դոլար է: Դիմեցինք, որ Հայաստանի մրցավարը մեր պատվիրակության կազմում մնա, քանի որ ֆինանսական խնդիրներ ունենք, սակայն կազմակերպիչները չհամաձայնեցին:

Ի դեպ, եթե մրցավար չունենանք, պետք է խոշոր տուգանք մուծենք: Դժգոհ ենք Մարմանամարզության միջազգային ֆեդերացիայի վարած քաղաքականությունից: Այն ոչ մի օգնություն ցույց չի տալիս, սակայն կարգը խախտելու համար ֆինանսական զգալի տույժեր է պահանջում:

Եվ պատանեկան օլիմպիական խաղերում էլ մեր մարմնամարզիկին կարող էին թույլատրել, որ մասնակցի: Բացառություններ շատ են արվել: Օրինակ` հունգարացի Քրիստիան Բերկիի համար, որն աշխարհի չեմպիոն էր, հետագայում էլ օլիմպիական խաղերի չեմպիոն դարձավ: Աշխարհի առաջնությունում, որն օլիմպիական խաղերի համար վարկանիշային էր, և ուղեգրեր էին խաղարկվում, իր նախասիրած մրցաձևում` նժույգաթափերում, հաջող հանդես գալուց բացի, երկու մրցաձևում էլ պետք է առնվազն 11 միավոր վաստակեր: Նա մրցաձևերից մեկում 10,2 էր ստացել, բայց, ի զարմանս բոլորի, օլիմպիական խաղերի ուղեգիր տվեցին: Այդպիսի բացառություն արվեց նաև Սլովենիայի մեկ ներկայացուցչի համար: Մինչդեռ Նանջինգում մեր մարզիկի համար բարյացկամ քայլ չարվեց, և նա միանգամից մի քանի մեդալից զրկվեց:

Ինչևէ, եթե ֆինանսները բավականացնեն, տարեվերջին կմասնակցենք Մոսկվայում կազմակերպվող աշխարհի, օլիմպիական խաղերի չեմպիոն Միխայել Վորոնինի հուշամրցաշարին:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: