Աժ-ում կայացան հերթական քվեարկությունները
ՀՀԿ-ական պատգամավորներ Արփինե Հովհաննիսյանի, Հերմինե Նաղդալյանի և Վահրամ Բաղդասարյանի հեղինակած Դատական ակտերի հարկադիր կատարման մասին ՀՀ օրենքում լրացումներ ու փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագծի քվեարկության ժամանակ ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանն առաջարկեց նախագիծը քննարկել նաև արտահերթ ռեժիմով. ''Ներկայացված նախագծին ՕԵԿ-ը կողմ է քվեարկելու, և առաջարկում ենք խնդիրն ամբողջությամբ լուծելու համար արտահերթ նիստ գումարել, առաջարկում եմ գալիք քառօրյայի առաջին օրը՝ սեպտեմբերի 29-ին՝ 18:30-ին, արտահերթ նիստ հրավիրել'',-ասաց Հովհաննես Մարգարյանը: Ինչևէ, մինչ այդ նախագիծն ընդունվեց 114 կողմ ձայներով:
Կառավարության կողմից ներկայացրած Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին ՀՀ օրենքում լրացումներ ու փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծն երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեց ձայների 71 կողմ, 8 դեմ, 3 ձեռնպահ հարաբերակցությամբ:
2014 թվականի մայիսի 23-ին ՀՀ և Միջազգային զարգացման ընկերակցության միջև ստորագրված ''Կրթության բարելավման ծրագիր'' ֆինանսավորման համաձայնագրի վավերացման քվեարկությունից առաջ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը վարման կարգով նշեց, որ ''Վարկի նպատակը բարի է, բայց պետական պարտքը անցնում է սահմանը և բազմաթիվ են դեպքերը, որ վարկերն իրենց նպատակին չեն ծառայում, ուստի առաջարկում ենք մեր գործընկերներին ձեռնպահ քվեարկել'':
Այնուամենայնիվ,
համաձայնագիրն ընդունվեց ձայների 72 կողմ, 22 դեմ, 20 ձեռնպահ հարաբերակցությամբ:
ՀՀ և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև ստորագրված ''Կրթության բարելավման ծրագիր'' վարկային համաձայնագրի քվեարկության ժամանակ էլ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը վարման կարգով նշեց.՛՛ԲՀԿ--ն քանիցս ասել է, որ մեզ համար ընդունելի չէ վարկային պարտավորությունները շատացնել` հասցնելով հոբելյանական հինգ միլիարդի սահմանագծին, ուստի հայտնեմ, որ մեր խմբակցությունը քվեարկելու է դեմ'':
Այս
համաձայնագիրը ևս ընդունվեց՝ ձայների 72 կողմ, 26 դեմ և 15 ձեռնպահ հարաբերակցությամբ: