Սահմանադրության նախագծի մեջ բազմաթիվ վտանգավոր դրույթներ կան. Արամ Սարգսյան
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս հայտարարությամբ հանդես եկավ Արամ Սարգսյանը:
«Այս իրավիճակը նման է այն բանին, երբ մեզ ծաղկեփունջ են նվիրում, որտեղ կան գեղեցիկ վարդեր և շուշաններ, սակայն կան նաև փտած ծաղիկներ», - ասաց նա` ընդգծելով, որ նախագծի մեջ շատ վտանգավոր դրույթներ կան:
Նրա խոսքով` Սահմանադրությունը ամեն ինչ հստակ պետք է ձևակերպի, որպեսզի հետագայում շահարկումների առիթ չդառնա. «Ի՞նչ է նշանակում խորհրդարանը պետք է ունենա «առնվազն» 101 պատգամավոր: Սա այդպես էլ չպարզվեց: Այս պարագայում ցանկացած դեպքում կարելի է դարձնել այդ թիվը 151: Մեզ համար անհասկանալի է, թե ինչ ռեյտինգային քվեարկություն է լինելու, որը նախատեսվում է շրջաններում: Ես համոզված եմ, որ հանրապետական կուսակցության ներսում նույնպես առաջանալու են շատ լուրջ բարդություններ, որովհետև նրանց առաջարկում են 41 տեղի փոխարեն առաջարկում են գնալ ռեյտինգային քվեարկության, որի ժամանակ ամեն կուսակցություն պետք է ունենա 3 թեկնածու: Նրանք իրար մեջ պետք է պայքարեն, ավելի շատ փող ծախսեն, որ տեղ ունենան»:
Կան նաև այլ դրույթներ, որոնց մեջ Արամ Սարգսյանը սպառնալիք է տեսնում: Դրանից մեկը երեխային վերաբերող կետերն են. «Մեզ համար անհասկանալի է, թե ինչ է նշանակում, երեխայի կարծիքի ազատ արտահայտումը: Ո՞ր երեխայի. երե՞ք տարեկան, տա՞սը տարեկան: Այդ կարծիքի հետ ի՞նչ պետք է արվի: Դա հիմք է յուվենալ արդարադատության համար: Մենք արդեն դառը փորձ ունենք գենդերային օրենքի հետ կապված: Համոզված եմ, որ կառավարությունը նորից տրանշ է ստանալու և նորից այդպիսի վտանգի առաջ ենք կանգնելու»,- նշեց Դեմոկրատական կուսակցության առաջնորդը:
Արամ Սարգսյանը դեմ է նաև կառավարման համակարգի փոփոխությանը: Նրա խոսքով` երկրի գլուխն է լինելու նախագահը, ով նսեմացած, ոչ մի լիազորություն չունեցող անձ է:
«Մեզ համար շատ սզբունքային են նաև սոցիալական իրավունքի խնդիրները, որոնք պարզապես նշված են որպես իրավունք: Պետությունը ընդամենը ասում է, որ խթանելու է այդ իրավունքի իրականացումը: Պետությունը ոչ մի կերպ չի իրականացնում այդ իրավունքի իրականացումը: Պետք է դա անել, իսկ իրավունքներ տալն ուղղակի ոչ մի նշանակություն չունի»,- ասաց Արամ Սարգսյանը` ընդգծելով, որ իրենք մարդկանց հորդորում են դեմ քվեարկել Սահմանադրության նախագծին: