Հայերեն   English   Русский  

Ընդդիմությունն ահազանգում է. Նույնականացման քարտերը կեղծիքի հնարավորություն են տալու


  
դիտումներ: 839

Քիչ առաջ ԱԺ-ն քվեարկությամբ մերժեց «Ալյանս»կուսակցության առաջնորդ, ԲՀԿ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի՝ նույնակացման քարտերի մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը:

Հայաստանում 554 հազար քաղաքացի ունի նույնականացման քարտ, որոնցով ՀՀ օրենքով արգելվում է մասնակցել ընտրություններին: Սակայն ԱԺ ՀՀԿ խմբակցությունը վերջերս օրենքի նոր նախագիծ է ներկայացրել, որով առաջարկում է նույնականացման քարտը ճանաչել ընտրողի անձը հաստատող փաստաթուղթ և հնարավորություն տալ այդ քաղաքացիներին ևս մասնակցել ընտրություններին:

Սակայն բանն այն է, որ նույնականացման քարտի մեջ բացակայում է դրոշմակնիքը, ինչպես անձնագրի դեպքում և ընդդիմադիր պատգամավորներն առաջարկում են էլեկտրոնային նշում կատարել դրանցում: Այդ պատգամավորներից էր նաև Տիգրան Ուրիխանյանը, ով պարտադիր էր համարում նույնականացման քարտերի դրոշմակնիքի առկայությունը:

Մինչդեռ ՀՀԿ-ական մի խումբ պատգամավորների ներկայացրած օրենքի նախագծում ասվում է, որ նույնականացման պլաստիկ քարտերը չեն դրոշմակնքվում և ընտրությունների ժամանակ հանձնաժողովի անդամները չեն ստուգում քարտի վրա դրոշմակնիքի առկայությունը:

ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը պնդում է, որ ՀՀԿ օրենքի նախագծով ի սկզբանե կասկածի տակ է դրվում ընտրական ողջ գործընթացը:

«Ստացվում է, որ անձնագիր ունեցողի հասցեն պարտադիր ստուգվում է, կնիքը դրվում, իսկ նույնականացման քարտ ունեցողների դեպքում այս պայմանները պարտադիր չենք համարում»,-սա նշանակում է երկակի ստանդարտներով որոշման անցկացում: Ուզում եք նախապես հայտարարենք, որ ընտրությունը կեղծիքներով է անցկացվելու»,-հայտարարեց խմբակցության ղեկավարը:

Տեղեկացնենք, որ այսօր ԱԺ նիստում ՀՀԿ-ական պատգամավորների կողմից ներկայացված օրենքի այս նախագիծը 24 -ժամյա արագացված ռեժիմով կքննարկվի: Դա նշանակում է, որ օրենքը երկու օրում կանցնի երկու ընթերցումներն էլ և նախագահի կողմից վավերացվելուց հետո կմտնի ուժի մեջ:

Նման շտապողականության պատճառը, ըստ շատ պատգամավորներ, դեկտեմբերի 6-ին նշանակված հանրաքվեն է, և այս փոփոխությունը պետք է ծառայի հանրաքվեն հնարավորինս հարթ անցկացնելու համար:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: