Հայերեն   English   Русский  

Ռինգում Արթուր Աբրահամն է


  
դիտումներ: 1871

Հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, գերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը նոյեմբերի 21-ին Գերմանիայի Հանովեր քաղաքի «TUI Arena» մարզադահլիճում անցկացնելու է իր հերթական մենամարտը:

35- ամյա Արթուր Աբրահամի մրցակիցն է 33-ամյա բրիտանացի Մարտին Մուրեյը:

Արթուր Աբրահամը IBF վարկածով աշխարհի չեմպիոնի տիտղոսն առաջին անգամ նվաճել է 2005 թ.՝ նոկաուտով առավելության հասնելով նիգերիացի Իկեկե Քինգսլիի նկատմամբ: Այդ տիտղոսը Աբրահամը պաշտպանել է մինչև 2009 թ.:

Նշենք, որ իր վերջին մենամարտն Արթուր Աբրահամն անցկացրել էր հուլիսի 18-ին, որտեղ 6-րդ ռաունդում նոկաուտով հաղթել է գերմանացի Ռոբերտ Շտիգլիցին, որին ռինգում հանդիպում էր չորրորդ անգամ:

Իր մարզական կարիերայի ընթացքում Արթուր Աբրահամն անցկացրել է 47 մենամարտ, որոնցից 43-ում հաղթել է՝ համաշխարհային դասակարգման աղյուսակներում գրավելով առաջատար հորիզոնականներ: 29 անգամ Արթուր Աբրահամը մենամարտերն ավարտել է նոկաուտով: 6 տարի (2006, 2007, 2008, 2009, 2012, 2014) Աբրահամը ճանաչվել է Գերմանիայի լավագույն բռնցքամարտիկ՝ ըստ գերմանական հեղինակավոր «Box Sport» ամսագրի վարկանիշի:

Բռնցքամարտում ունեցած հաջողությունների, ձեռքբերումների և հաղթանակների համար Արթուր Աբրահամը հայրենիքում արժանացել է մի շարք պատվոգրերի և շնորհակալագրերի:

2007 թ. Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանը Հայաստանում օլիմպիական շարժման զարգացմանը մատուցած ծառայությունների համար Արթուր Աբրահամին պարգևատրել է ՀԱՕԿ-ի շքանշանով:

2011 թ. սեպտեմբերի 16-ին ՀՀ անկախության 20-ամյակի միջոցառումների շրջանակում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից պարգևատրվել է 1-ին աստիճանի «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» մեդալով ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի, միջազգային մրցասպարեզներում ունեցած մեծ հաջողությունների, ձեռք բերած մարզական փայլուն նվաճումների համար:

2014 թ. հոկտեմբերի 26-ին ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը Արթուր Աբրահամին հանձնել է շնորհակալագիր՝ միջազգային հարթակներում Հայաստանի և հայկական սպորտի պատիվը բարձր պահելու, փայլուն հաղթանակների և Հայաստանում բռնցքամարտի զարգացմանը մեծապես աջակցելու համար:

Բոլորովին վերջերս՝ 2015 թ. հոկտեմբերի 11-ին, «Էրեբունի-Երևան» տոնակատարության պաշտոնական հանդիսության ժամանակ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Արթուր Աբրահամին հանձնել է Երևանի պատվավոր քաղաքացու կոչում:

Հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, գերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը պատրաստ է առաջիկա մենամարտին:

Աբրահամն իր վերջին նախապատրաստական փուլն անցկացնում է Քինբաումում: Ի դեպ, խոսելով մրցակցի մասին՝ հայ բռնցքամարտիկն ասել է. «Մուրեյը, իսկապես, բարդ մրցակից է: Ես քրտնաջան մարզվում եմ այդ օրը հաղթելու համար: Իմ այս մարզավիճակում նա դժվար թե կարողանա ինձ ձեռնոց նետել»:

Հուսանք, որ նոյեմբերի 21-ին Արթուր Աբրահամը նույնքան վստահ կմտնի ռինգ և կտոնի 44-րդ հաղթանակը պրոֆեսիոնալ բռնցքամարտում:

Անժելա ԲԵԳԼԱՐՅԱՆ





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: