Հայերեն   English   Русский  

Հայաստանը չպետք է որևէ միության փեշի տակ մտի. Հ. Մեսրոբյան


  
դիտումներ: 1491

«Ռուսաստանի նկատմամբ կիրառվող պատժամիջոցներին պետք չէ նայել որպես երևույթ, որը կանցնի-կգնա, որովհետև դա ծանր և երկարատև պրոցես է: Վերլուծաբանների մի մասին թվում է, թե Ռուսաստանը շատ արագ կչոքի այս պատժամիջոցների պատճառով. նրանք, ովքեր պնդում են այս կարծիքը տգետ են Ռուսաստանի պատմությունից: Այդ երկիրը ավելի վատ իրավիճակներից դուրս է եկել որպես զարգացած կայսրություն և ավելի ագրեսիվ տրամադրված: Ում թվում է, թե արևմուտքը կնահանջի, նույնպես սխալվում է», - այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեց Հարություն Մեսրոբյանը` ընդգծելով, որ մեկբևեռանի աշխարհը արդեն սկսում է տրոհվել երկու, գուցեև երեք բևեռների, իսկ երբ բևեռները շատանում են, դա բերում է ցնցումների ամբողջ աշխարհում:

Ըստ նրա` Հայաստանը սխալ քաղաքականություն է վարում` մտնելով որևէ միություն. Հայաստանը չպետք է որևէ միության փեշի տակ մտի. «Մեր քաղաքական էլիտայի մեծ մասը ստրուկի հոգեբանություն ունի: Նրանք չեն հավատում, որ առանց գլուխ խոնարհելու որևէ գերպետության առջև հնարավոր է հաջողության հասնել: Իսկ երբ դրսից նայողը տեսնում է, որ դիմացինը գլուխ է խոնարհում, սկսում է դիտել այդ երկրին որպես կառավարման օբյեկտ: Քաղաքականության մեջ մենք մնում ենք մուրացկաններ», - նշեց Մեսրոբյանը:
Նա տարօրինակ է համարում այն հայտարարությունները և վերլուծությունները, թե տեղի ունեցող գործընթացները հետևանքներ չեն ունենա Հայաստանի համար. « Ամբողջ աշխարհում, այդ թվում ` մեր տարածաշրջանում, ցնցումներ են տեղի ունենում, իսկ մենք ասում են, թե դա չի կարող ազդել մեր երկրի վրա: Որոշ վերլուծաբաններ ասում են, թե Հայաստանը կարող է օգուտներ քաղել այդ պատժամիջոցներից: Տեսականորեն դա ճիշտ է, սակայն Հայաստանը ունի անորակ պետական կառավարման ձև, այդ պատճառով դա հավանական չէ»:
Այն հարցին, թե արդյոք Եվրասիական տնտեսական միության անդամակցելու հարցում Հայաստանին խաբե՞լ են, Մեսրոբյանը պատասխանեց, որ ԵՏՄ-ն տղամարդ չէ, Հայաստանն էլ` կույս աղջիկ. պետական կառավարման արտաքին քաղաքականությունը գնահատելիս չպետք է խոսել գնահատականներով, թե մեզ խաբեցին:
«Ինչպե՞ս կարելի է մի պետական գերատեսչությունների մասին խոսելիս, ասել , թե նրանք խաբվել են: Եթե խաբվել են, ուրեմն պետք է հրաժարական տան, - ասաց նա:




Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: